Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ ՍԾՏՀԿ նախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ

Դեկտեմբեր 12,2013 21:59

Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությությունների ղեկավարների հետ։

Բուլղարիայի ԱԳ նախարար Կրիստիան Վիգենինի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և նշեց, որ Հայաստանը ամենայն աջակցություն կցուցաբերի Բուլղարիային իր նախագահության ընթացքում։

Հանդիպմանը քննարկվեցին ՍԾՏՀԿ օրակագային հարցեր, բուլղարական նախագահության առաջնահերթությունները, տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու ուղիները։ Նախարարները անդրադարձան երկկողմ հարաբերություննեի զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությանը։

Նախարար Վիգենինը հրավիրեց Էդվարդ Նալբանդյանին պաշտոնական այց կատարել Սոֆիա։

Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը շնորհավորեց Հայաստանի արտգործնախարարին կազմակերպությունում Հայաստանի նախագահության հաջող ընթացքի և արձանագրած արդյունքների կապակցությամբ։  Զրույցին անդրադարձ կատարվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքներին, ՍԾՏՀԿ քարտուղարության աշխատանքներին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը քննարկվեցին ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցելության ընթացքում հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Մաքսային միության Հայաստանի անդամակցության նախապատրաստական աշխատանքներին։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական  հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարի և Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Գեորգի Ցիամբայի հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները կարևորեցին հայ համայնքի դերակատարությունը հարաբերությունների զարգացման գործում։ Անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Սերբիայի փոխարտգործնախարար Ռոկսանդա Նինչիչի հետ հանդիպմանը վերջինս Հայաստանի ԱԳ նախարարին  հանձնեց Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի ուղերձը և Բելգրադ այցելելու հրավերը։ Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-սերբական քաղաքական երկխոսության, տնտեսական փոխգործակցության, մշակութային փոխանակումների ակտիվացման հարցերը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կարևորվեց արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը։

Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիայի հանդիպմանը կարևորեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների ղեկավարների միջև մշտական շփումները, պարբերական խորհրդատվությունների անցկացումը։ Արծարծվեցին տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, պայմանավորվածություն ձեռք բերվեց 2014թ. սկզբին հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնելու վերաբերյալ։

Հունաստանի արտգործնախարարի տեղակալԿիրիակոս Գերոնտոպոուլոսի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-հունական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ 2014թ. հունվարին մեկնարկելիք Եվրոպական Միությունում Հունաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։

Ալբանիայի փոխարտգործնախարար Ալքի Փուլիի հետ զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կարևորեց երկկողմ համագործակցության խթանման նպատակով գործնական քայլերի ձեռնարկումը։ Ալքի Փուլին ընդգծեց, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստակամ է հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հանդիպմանը երկուստեք կարևորվեց արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, առևտրատնտեսական կապերի խորացումը։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Ալբանիայի փոխարտգործնախարարը վերահաստատեց իր երկրի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար Վալերիու Չիվերի հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 11-12 ՀՀ Նախագահի Մոլդովա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Անդրադարձ կատարվեց Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման հարցերին: Երկուստեք բարձր գնահատվեց վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031