Լրահոս
Օրվա լրահոսը

Մազմանյանի վերջին աշխատանքային օրը

Հունվար 10,2014 16:50

Դեկտեմբերի 28-ին տոնական տրամադրություն է ինստիտուտում: Պատուհանից դուրս եմ նայում: Մազմանյանը ուր որ է պետք է հասնի շենքին: Բնավորությունն իմանալով, գիտեմ, որ դեռ մի կես ժամ ունենք սպասելու: Զարմացա, երբ տեսա մեքենան կանգնեց բակում: Ծանր իջավ, ձեռքին կարմիր նվերների մեծ տոպրակով: Իջա մուտքի մոտ:

-Բարի գալուստ:

Գլխով հաստատեց բարին կամ էլ գալուստը, ու ժպտաց աչքերով, ոնց որ միշտ:Հետո ուշադիր լարեց ականջները:

-Էս ի՞նչ դաշնամուրի ձայն է:

-Հիմա կբարձրանաք կտեսնեք,- ժպտացի:

Վերջին համագործակցությունը, որ ունեցել էինք լեհական «Աշխարհն՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» հայտնի նախագծի շրջանակներում, մեծ ազդեցություն էր թողել ուսանողների եւ անձամբ Աղասիչի վրա: Մինչ Գերմանիայից վերադառնալը գործընկերոջս հետ՝ Անահիտի, որոշել էինք նախագծին բնորոշ Թատերական ինստիտուտի եւ Լոձի կինոդպրոցի անկյունը ստեղծել: Հիմնական ռեկվիզիտը ֆիլմի համար գնված դաշնամուրն էր, որի համար ինքն անձամբ փնտրտուքների մեջ էր ընկել:

Բարձրացանք աստիճանները՝ հետեւից ուսանողներ, աշխատակիցներ: Բոլորին մի պահ ձեռքով կանգ առնել ստիպեց, մոտեցավ դաշնամուրին, ժպտալով նայեց իր կուրսի ուսանող Արսենին, ով էլ նվագում էր դաշնամուրը…Ու առաջին անգամ տեսա՝ ոնց են լցվում Մազմանյանի աչքերը…

-Անուշ…

-Հա, Արմեն Աղասիչ:

-Ոնց որ հետ եմ գալիս կյանք…

Ընդունարանում հերթ էր գոյացել, բոլորն ուզում էին մտնել, ողջագուրվել հետը: Գործավարուհի Սուսաննան բոլորին հերթականությամբ ներս էր թողնում: Ռեկտորատը անսովոր կերպով կարճ տեւեց. բոլորին ինչ-որ նախախնամությամբ գրկեց, ձեռքը սահեցրեց գրադարանի գրքերի վրայով, ու խնդրեց՝ տասը րոպե հանգիստ թողնենք…«Տարին բարդ ու պարտավորեցնող է լինելու»… Վերջին նախադասությունը ռեկտորատի ժամանակ:

Հաշվետվությունները ձեռքիս ներս մտա:

-Սպասի, Ջարեթթի կոնցերտը միացնեմ ու անցնենք հաշվետվությանը:

Սա իր սովորության հիմնական մասն էր:Անահիտին ու ինձ մշտապես ստիպում էր երաժշտության ներքո զրուցել առաջիկա խնդիրների, գործերի ու եղած-չեղածի մասին:

Մինչեւ վերջ չլսեց ծրագրերի մասին: Ասաց, որ տոներից հետո մեկ ամբողջ օր Անահիտի ու ինձ հետ միասին ամեն բան մանրամասն կքննենք: Հետո սեղանի տակից հանեց կարմիր տոպրակը՝ մեջից մի քանի հուշանվեր-հրեշտակներ:

-Ընտրի սրանցից մեկը:

Աչքիս վայրկենական անցան բոլոր նվերները, որոնք պարտադիր մաս էին կազմում ճամփորդությունների, դրանցից մի քանիսը ինչպես ինքն էր սիրում ասել «իր թիմի» համար էին: Ընտրեցի սեւուկին: Նայեց, ծիծաղեց.

-Դուրս թռա հիվանդանոցից: Ասացի, որ քշեն Գերմանիայի հուշանվերների շուկա: Ամեն բան իրար նման էին՝ մարմարե, նույն գույնի: Անկյուններից մեկում մի սեւամորթ աղջիկ էր: Աղքատիկ սեղանիկին իր ձեռքով պատրաստված էս հրեշտակները: Մոտ գնացի, սկսեցի ռուսերեն քթիս տակ ինչ ասես ասել: Մտածում էի՝ ինչ լեզվով հարցեր տամ: Նեգրուհին նայեց դեմքիս, ժպտաց ու ռուսերենով հարցրեց՝ ինչով կարող է օգնել: Մի հինգ րոպե շշմած կանգնել էի, Անուշ, պատկերացնու՞մ ես՝ Գերմանայի կենտրոնում, հուշանվերների խղճուկ գումարով ապրող նեգր մի աղջկա, ով ռուսերեն խոսել գիտի…Աշխարհն ի՜նչ ա ապրում, չէ՞:

Սեղանին թողեցի հաշվետվության թղթապանակը, սկսեցինք զրուցել: Հետո նորից մենակ ուզեց մնալ: Սենյակը լցվեց ջերմությամբ, երբ ներս մտավ կինը՝ Նինան ու նախկին ուսանողները: Կատակի ու հիշողության մեկ ժամ էր: Հետո կանգնեց մուտքի մոտ, ուղղեց շարֆը, նայեց դուրս, ձեռքին անցկացրեց թզբեհը ու թե.

-Անուշ, էսօր էլ պե՞տք եմ,- ամեն աշխատանքային օրվա վերջին սիրելի նախադասությունն ասեց մի ուրիշ թախիծով: Էդ պահերին ես ու Անահիտը նայում էինք իրար ու ասում՝ չէ, ամեն բան կարգին է, մինչ վաղը, Աղասիչ… Էս անգամ սիրտս չտվեց.

-Միշտ…Միշտ պետք եք,-ժպտացի:

 

Շարունակելի

 

ԵԹԿՊԻ մամուլի քարտուղար Անուշ Քոչարյան

լուսանկարում՝ Գերմանիայից բերված հուշանվեր-հրեշտակը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031