Լրահոս
Օրվա լրահոսը

Թողեք հանգիստ Մամիկոն պապին. «168 ժամ»

Փետրվար 01,2014 11:09

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու և գերեվարվելու լուրից բոլորի ուշադրությունը հատկապես սևեռվեց տարաբախտ ծերունու ձեռքի գիպսին. ինչպե՞ս կարող են խոշտանգել մարդուն, կոտրել նրա ձեռքը, առավել ևս` եթե նա հիվանդ ծերունի է: Այս հարցը կոնկրետ պատասխան չունի. պատասխանը փիլիսոփայական է, հումանիզմի ոլորտից: Սակայն շատ կոնկրետ պատասխան է ենթադրում մեկ այլ հարց` ինչպե՞ս կարող է մարդը հատել սահմանը` առանց նկատվելու յուրայինների, սահմանը հսկող զինվորների կողմից: Նույն այդ վայրից կարող էր Հայաստանի սահմանը հատել ադրբեջանցի մոլորյալ մի ծերունի: Կամ, ինչպես Պաշտպանության նախարարության հաճախակիացած մահազդերի տեքստերում է ասված` սահմանը կարող էին հատել դիվերսանտներ և, փաստացի, մնալ աննկատ: Բայց բոլորս գիտենք, և մեզ այդ մասին միշտ հիշեցնում են, մեր սահմանների երկու կողմում զինվորներ են` հայ և ադրբեջանցի: Եվ այդ զինվորները պարբերաբար զոհվում են:

Հունվարի լույս 20-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանին «հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ փոխհրաձգությունից» հերոսաբար կյանքը զոհեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Նա հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին Մատաղիսի դիրքերում դիպուկահարի գնդակից զոհվեց սիսիանցի զինծառայող Կարեն Գալստյանը: Հունվարի 30-ին ԼՂՀ նախագահը երիտասարդին հետմահու պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով: Հայկական կողմը յուրաքանչյուր զոհի մասին բոթը շտապում է սրբագրել «սփոփիչ» հավաստիացումներով: Մասնավորապես` կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զոհվելուց հետո էլ հայկական կողմը հայտարարեց, թե նման որևէ քայլ անպատասխան չի մնում, որ մեր մեկ զինվորի կյանքի համար ադրբեջանցիները քառակի կորուստ կունենան: Կորուստները եղան. սահմանի մյուս կողմում զոհվեցին երիտասարդներ: Եվ Ադրբեջանից ևս հնչում են նույն սպառնալիքները` հայկական կողմն ադրբեջանցի յուրաքանչյուր զինվորի կյանքի համար ավելի թանկ կվճարի: Եվ այդպես, անվերջ զոհվում են Արմեն Հովհաննիսյանի նման զինվորները` հայկական կողմից, ադրբեջանցի 19-ամյա, 20-ամյա պատանիները` հակառակորդի կողմից: Երկու երկրների բանակներում էլ երիտասարդները հասցվում են խելագարության, ինքնասպանության: Երկու երկրների բանակներում էլ զինվորները միմյանց սպանում են: Սակայն այս լոկալ ողբերգությունները մայրերի անձնական ողբերգությունն են: Իսկ, ա՛յ, սահմաններին հակառակորդի գնդակից զոհված զինվորի համար պետությունը ուսերը թափահարելով` առաջ է գալիս և սպառնում հակառակորդին` քառակի կորստով: Աշխարհում բոլոր օրինաչափություններն ունեն գոնե մեկ բացառություն: Բացառություն չունի միայն մեր բանակում խաղաղ պայմաններում զոհվածների սոցիալական դիրքը` զոհվում են երիտասարդ, կարգին ու, անպատճառ, խեղճ ընտանիքի զավակները: Երկու երկրներում էլ առաջին գծում խեղճ, կարիքավոր ընտանիքների զավակներ են (ամեն դեպքում, զոհվածների հարազատներից և ոչ մեկի տունն էլիտար շենքում չէր): Նույն վիճակը, վստահ եմ, նաև Ադրբեջանում է: Շատ կարևոր և կոնկրետ պատասխան է ուզում նաև հետևյալ հարցը` ո՞ւմ համար են զոհվում այդ երիտասարդ տղաները` լինի հայ թե ադրբեջանցի: Եվ ո՞ւմ են մխիթարում պաշտպանության նախարարի համբույրները` զոհված տղաների սառած ճակատներին:

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կոռումպացված ու իրենց հասարակությունների կողմից մերժված են հավասարապես: Երիտասարդ, անփորձ զինվորների մահը սահմաններին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական էլիտաների համար սեփական ինքնասիրությանը դիպչող իրադարձություն է: Եվ միա՛յն: Հակառակ դեպքում` ղեկավարների հետևություններն այսքան տխմար ու անհեռատես չէին լինի` յուրաքանչյուր զոհված զինվորի կյանքի համար հակառակորդը պետք է քառակի վճարի: Հետո՞: Դա ոչ մի տեղ չտանող, հյուծող քաղաքականություն է: Այս երիտասարդների կյանքով անհանգստացած ղեկավարները, դիվանագետները գիշեր-ցերեկ կաշխատեին` բացառելու նման անհեթեթ մահերը: Այն, որ 19-ամյա այս տղեկները զոհվել են` «հանուն հայրենիքի», «հանուն սեփական ժողովրդի խաղաղ գիշերների», ողջերս ենք հորինում: Որպեսզի արդարացնենք, թե ինչու են սահմաններում զոհվում ոչ թե մեր որդիները, եղբայրները, ամուսինները, այլ ուրիշների, խեղճուկրակ ընտանիքների աչքի լույսը, միակ որդին: Հետմահու պարգևներն էլ, թող ներեն ինձ, սակայն ջարդած գրոշի արժեք չունեն. գերագույն արժեքը կյանքն էր, որից այդ երիտասարդները զրկվեցին` չհասցնելով անգամ ձևակերպել «ինչո՞ւ» հարցը:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728