Արձագանք ՀՀ կառավարության նոր ծրագրին՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հարաբերությունների համատեքստում
Հայաստանի կառավարությունը մտադիր է փոխել Առաքելական եկեղեցու ղեկավարությունը եւ «արդիականացնել» Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, բարդացնել արտերկրում բնակվող հայերի համար քաղաքացիություն ստանալու գործընթացը եւ սփյուռքից նոր ուժեր, մասնագետներ ներգրավել Հայաստան։ Դրան զուգահեռ, ծրագիրը խոստանում է տնտեսական՝ տարեկան վեց տոկոս աճ։ Արդյոք այս նպատակները համատեղելի՞ են, եւ եթե այո, ապա ո՞ւր են դրանք մեզ տանելու։
Օգոստոսի 20-ին ՀՀ կառավարությունը ներկայացրեց 2026-2031 թվականների իր ծրագիրը։ Օրեր անց խորհրդարանն այն ընդունեց 63 կողմ, 24 դեմ ձայների հարաբերակցությամբ. կողմ էր քվեարկել միայն իշխող կուսակցության խմբակցությունը։
Նախ՝ Եկեղեցու մասին
Կարդացեք նաև
Ծրագիրը ներառում է մի առանձին գլուխ՝ «Հոգևոր անվտանգություն» վերնագրով։ Դրանում կառավարությունը պարտավորվում է ապահովել, ինչպես գրված է բնագրում, «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը» (հանգստի կոչումը), այնուհետեւ երաշխավորել Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, պարտադրել Եկեղեցու նոր կանոնադրություն, որից հետո միայն կազմակերպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։ Որպես հիմնավորում բերվում է արտաքին ուժերի՝ փորձերը կանխելու այն մտադրությունը, որ իբր փորձում են Եկեղեցին վերածել հիբրիդային պայքարի հենակետի։
Դիտարկենք այս գործընթացը հայկական իրականությունից դուրս։ Պատկերացրեք որևէ եվրոպական կառավարություն, որն իր հնգամյա ծրագրում գրում է, թե եկեղեցու ո՛ր ղեկավարին է պատրաստվում հեռացնել եւ ինչ հերթականությամբ է կազմակերպելու նրա հաջորդի ընտրությունը։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դեռևս օգոստոսի 7-ին սա որակեց որպես անթույլատրելի միջամտություն։ 2025 թվականի հունիսից ի վեր արդեն իսկ ձերբակալվել են եպիսկոպոսական աստիճան ունեցող չորս հոգևորականներ. բուն Կաթողիկոսի եւ վեց այլ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական գործեր են հարուցված։
Ընթերցողը պետք է իմանա, թե ինչ դիրքերից եմ ես սա գրում։ Ես այս Եկեղեցու քահանա եմ եւ Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվն եմ։ Ես անմասն չեմ այս ամենից եւ չեմ էլ պնդում հակառակը։ Ներեկեղեցական խնդիրների, ֆինանսական թափանցիկության կամ հոգեւորականների վարքագծի շուրջ կարելի է եւ պետք է բանավիճել։ Բայց սահմանն անցնում է ոչ թե այնտեղ, որտեղ քննադատությունն անհարմար է դառնում, այլ այնտեղ, երբ պետությունը սկսում է կրոնական համայնքի ղեկավարության փոփոխությունն իրականացնել՝ ըստ իր գծած ժամանակացույցի։ Սա բարեփոխում չէ, այլ միջամտություն եւ բռնազավթում։
Սփյուռքի համար սա ունի շատ պրակտիկ նշանակություն։ Գերմանիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում Եկեղեցին շատ հաճախ միակ հայկական ինստիտուտն է, որն անընդմեջ գոյատևել է երեք կամ չորս սերունդների ընթացքում։ Նա, ով թուլացնում է Եկեղեցին, թուլացնում է ոչ թե Էջմիածնի վարչական որեւէ միավոր, այլ հենց այն ենթակառուցվածքը, որի միջոցով առհասարակ կազմակերպվում է հայկական կյանքն արտերկրում։
Տիրատուր քահանա Սարդարյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































