Լրահոս
Օրվա լրահոսը

Խղճի ազատությունն ու «վառելու» ցանկությունը

Փետրվար 01,2014 15:20

Ծանոթ պատմություն այն մասին, թե ինչպես են հավատաքննության դեմ պայքարողները ժամանակի ընթացքում հավատաքննիչ դառնում

«Էս աղանդները լցվել են Հայաստան: Սաղ էս եվրոպացիք են մեր վզին դրանց փաթաթել: Դրանց սաղին պետք ա վառել»: Ահա ստանդարտ արձագանքը, որը լսում եմ փողոցում, կարդում եմ կայքերում, երբ խոսքը գնում է խղճի ազատության մասին: Այս հրապարակումն էլ, հավանաբար, նման արձագանքի կարժանանա: Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ «վառելու» գաղափարն առանձնապես թարմ չէ, սակայն խղճի ազատության նորմն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ: Իսկ թե երբ եւ ինչու է առաջացել այդ գաղափարը՝ բավականին ուսանելի պատմություն է:
Առաջին անգամ խղճի ազատության մասին սկսել են խոսել Ռեֆորմացիայի շրջանում, այսինքն՝ 16-րդ դարում: «Հերետիկոսներին չի կարելի ճնշել եւ հալածել արտաքին ուժի միջոցով, նրանց հետ կարելի է պայքարել միայն Աստծո խոսքով: Քանի որ հերձվածքը հոգեւոր երեւույթ է, այն հնարավոր չէ վերացնել երկրային կրակով կամ սրբել երկրային ջրով», – իր ռեֆորմիստական կարիերայի սկզբում գրում էր Մարտին Լյութերը: Սա՝ ի գիտություն մեր հոգեւորականների, որոնք այսօր անընդհատ հայցում են պետության միջամտությունը աղանդների դեմ պայքարում: Նույնիսկ առաջարկում են կրոնական ոստիկանություն ստեղծել: Որովհետեւ չեն կարողանում դրանց դեմ պայքարել Աստծո խոսքով:

Բայց Լյութերն էլ էր շեղվել իր իսկ հայտարարած սկզբունքներից: Ինչպես ցանկացած դեմոկրատ, «կիսադեմոկրատ» կամ բարեփոխիչ, Լյութերը լավ էր սկսել, բայց շատ ավելի վատ էր շարունակել: Դա մեզ քաջ ծանոթ երեւույթ է. «դեմոկրատները» գալիս են իշխանության, հայտարարում են, որ հիմա կլինի կատարյալ ազատություն, բայց 2-3 տարի անց սկսում են վերապահումներ անել. «Մենք, ընդհանուր առմամբ, դեմոկրատներ ենք, բայց սրանք լրիվ համը հանում են, եւ մենք ստիպված ենք…» եւ այլն: Այդ նույն ոգով էլ Լյութերը սկսեց տարբերակել «գաղափարական հակառակորդներին», որոնց, իհարկե, պետք չէ խարույկի վրա այրել, եւ «ապստամբներին» (ժամանակակից լեզվով ասած՝ «զանգվածային անկարգություններ հրահրողներին»), որոնց թերեւս արժե հետապնդել:
Վճռական քայլը կատարեց Ժան Կալվինը. նրա հրամանով (իրավաբանորեն՝ Ժնեւի մագիստրատի դատավճռով) 1553-ին խարույկի վրա այրվեց իսպանացի բժիշկ եւ բնագետ Միգել Սերվետը, որը համաձայն չէր կալվինիզմի որոշ դրույթների հետ: Ի դեպ, եթե այսօր Հայաստանում որոշ մարդիկ մտածում են, որ կալվինիզմը չափազանց ազատական կրոն է, համարյա աթեիզմ է, նրանք շփոթության մեջ են: Իր դասական ձեւով այդ ուղղությունը շատ ավելի «տոտալիտար» է, քան քրիստոնեական այլ ուսմունքները (մերը՝ հատկապես), որովհետեւ ի տարբերություն վերջիններիս՝ փորձում է շատ կոշտ ձեւով կարգավորել մարդու անձնական կյանքն ու աշխատանքային գործունեությունը: Պատահական չէ, որ բողոքական ինչ-որ աղանդ վերջերս «Աստծո անունից» մարդկանց գլխին կրակ էր թափում:
Եվ այսպես, Ժան Կալվինը առաջինն էր, որը պայքարելով կաթոլիկների հավատաքննության ու խարույկների դեմ՝ դրանք փոխարինեց իր սեփական՝ բողոքական հավատաքննությամբ եւ խարույկներով: Նույնպես չափազանց ծանոթ պատմություն է: «Երիտ-կալվինականները» ողջունեցին այդ հաշվեհարդարը, մեկը նույնիսկ «հոգեւոր երգ» ձոնեց այդ մահապատժի առիթով, բայց Եվրոպայում արձագանքը բավականին սառն էր: Ինչպես հետագայում գրում էր Վոլտերը, այս մեկ խարույկը ավելի մեծ տպավորություն էր թողել, քան կաթոլիկների հարյուրավոր խարույկներ:

Այդ իրադարձություններից հետո՝ ոչ թե ժամանակակից Բրյուսելում կամ Ստրասբուրգում, ինչպես կարծում են ոմանք («այս ի՞նչ են ուզում մեր վզին փաթաթել»), այլ 16-րդ դարի կեսերի Եվրոպայում առաջադեմ, ընդ որում՝ խորապես, անկեղծորեն հավատացյալ մարդիկ սկսել էին մտածել խղճի իրական ազատության մասին: Որովհետեւ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, միակ բանական լուծումը դա է:
Սերվետի մահապատժից հետո, զգալով մտածող մարդկանց դժգոհությունը, Կալվինին այլեւս ոչինչ չէր մնում, քան արդարանալ, եւ նա հրատարակեց մի աշխատություն, որը կոչվում էր «Իսկական հավատքի եւ Սուրբ Երրորդության պաշտպանությունը Սերվետի սարսափելի մոլորություններից»: Հետաքրքիր է, որ, փորձելով իր վրայից գցել անձնական պատասխանատվությունը մահապատժի համար, նա այդ աշխատության տակ ստորագրել տվեց Ժնեւի մագիստրատի բոլոր անդամներին (այսպես ասած՝ «Կալվինի գրասենյակ»): Իսկ աշխատության բովանդակությունը պարզ էր՝ վառել ենք՝ լավ ենք արել, աչքն էլ հանել ենք, ինչ արել ենք՝ ի փառս Աստծո ենք արել:

Դրան պետք է մեկը պատասխաներ: Ճանաչված հեղինակությունները, որպիսիք էին Միշել Մոնտենը եւ Էրազմ Ռոտերդամցին, չնայած ակնհայտորեն չէին հավանում Կալվինի գործողությունները, լռում էին՝ չէին ցանկանում մխրճվել օրախնդիր բանավեճի մեջ: Եվ քննադատողի դերում հանդես եկավ նրանց համախոհ Սեբաստիան Կաստելիոն, որը եւ համարվում է խղճի ազատության առաջին գաղափարախոսը: Նրա պամֆլետը կոչվում էր՝ «Պե՞տք է արդյոք հետապնդել հերետիկոսներին»:
Կաստելիոյի դատողությունները շատ պարզ էին ու տրամաբանական: Սուրբ գրքում կա՞ որեւէ բառ հերետիկոսների մասին: Ոչ, այստեղ թիրախը սրբապիղծներն են, որոնց պետք է պատժել: Բայց արդյոք կաթոլիկները, բողոքականները, բապտիստները, որոնք իրար սպանում են՝ հերետիկոս լինելու մեղադրանքով, սրբապի՞ղծ են: Ամենեւին՝ նրանք բոլորը հավատացյալ մարդիկ են, պարզապես հավատում են ամեն մեկն իր ձեւով: Արդյոք թուրքերը, հրեաները, հեթանոսները սրբապի՞ղծ են: Ոչ՝ նրանք էլ իրենց աստվածներն ունեն: Որտեղի՞ց եք դուք վստահ, որ ձեր դավանած ուսմունքն է միակ ճիշտը:
«Հետեւաբար միակ պատճառը, թե ինչու ենք մենք մարդուն հերետիկոս անվանում, այն է, որ նա համաձայն չէ մեր կարծիքի հետ,- եզրակացնում է Կաստելիոն եւ ավելացնում, – մարդիկ այնքան վստահ են սեփական կարծիքի, ավելի ճիշտ՝ դրա անսխալականության մեջ, որ մեծամտորեն արհամարհում են մյուսները: Այս մեծամտությունից են գալիս դաժանությունն ու հետապնդումները»: Ըստ աստվածաբանի՝ պետությունն ընդհանրապես չի կարող խառնվել այդ գործերի մեջ եւ համարել այս կամ այն կրոնական համոզմունքը հանցանք: Պետությունը պետք է պահանջի միայն ի՛ր օրենքների կատարումը: Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն: Կհամաձայնե՞ն արդյոք Կաստելիոյի այս դատողությունների հետ ժամանակակից հայ հոգեւորականները եւ «աղանդների լցվելուց» բողոքող վերը նկարագրված քաղաքացիները: Դժվար թե:

Ավելին ասեմ՝ հետագա դարերի ընթացքում բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում մարդիկ, ովքեր մտածում են Էրազմի, Մոնթենի կամ Կաստելիոյի նման, միշտ փոքրամասնություն են կազմում: Հենց դա է, հավանաբար, պատճառը, որ ոչ հետեւողական բարեփոխիչ Լյութերը եւ բռնապետի հակումներ ունեցող Կալվինը շատ ավելի մեծ, կարեւոր հետք են թողել պատմության մեջ, քան մարդասիրությունն ու ազատությունը հետեւողականորեն պաշտպանող Սեբաստիան Կաստելիոն: Հետագա պատմական զարգացումը տվել է նման անարդարության բազմաթիվ այլ օրինակներ:
Իհարկե, խղճի ազատությունն ավելի լայն հասկացություն է, քան կրոնական համոզմունքների ազատությունը: Այս թեման առնվազն եւս մեկ հոդված է պահանջում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    «Արդյոք թուրքերը, հրեաները, հեթանոսները սրբապի՞ղծ են: Ոչ՝ նրանք էլ իրենց աստվածներն ունեն:» Այո, սրբապիղծ են, մանավանդ թուրքերն ու մուսուլմանները: Բայց նրանց սպանելով կամ ատելով մենք նույնանում ենք նրանց հետ:

  2. Վահան says:

    Այս կարգի հարցերից ազատված լինելու լուծումը կարծում եմ կլիներ այն, որ մարդիկ լիեին աթեիստ, բայց քանի որ դա դժվար հնարավոր է թվում, ապա ով ինչին ուզում է, թող հավատա, ով ինչ հավատք ուզում է թող ունենա, ինձ համար գրեթե մեկ է: Թող պարզապես ինձ չփորձեն դարձնել իրենց հավատակից: Ինչպես նաեւ այլ հարց է, թե ես որքան ընդհանուր բան կուզենամ ունենանլ այդ մարդու հետ: Դա էլ իմ ընտրությունն է:

  3. marine says:

    ԵՎ խղճի ազատությունը,և կրոնական համոզմունքների համակարգերը/քրիստոնեական/
    մաս են կազմել բարդագույն տնտեսական,քաղաքական իրավիճակների, չեն եղել վերա –
    ցական,անառարկայական: Օրինակ Կալվինի մշակած կանոններից մեկը ֆիքսում է, որ
    միայն կիրակի օրերն են լինելու ազատ օրեր: Մյուս օրերը չպետք է սրբացնել ու աշխա –
    տանքը դադարեցնել:Կանոնակարգումներ շքեղության հետ կապված և այլն:ԵՎ այս կա –
    նոնները վերաբերվում են աշխարհականներին:Ժամանակակից արևմուտքը իր արդի վի-
    ճակի համար մեծ չափով պարտական է այդ բարեկարգիչներին:Այժմ Կալվինի ապրած
    երկրում մզկիթներ են կառուցվում,որը ֆլեգմատիկ շվեյցարացիներին հարկադրում է ըմ-
    բոստանալ:Կալվինի հայրենիքում գտնվող Փարիզի Աստվածամոր Տաճարի անվանումը
    մամուլում ինձ հանդիպել է անվանափոխված՝Փարիզի Աստվածամոր մզկիթ:Բրիտանա-
    կան King Crimson ռոք խմբի անվանումը ռուս գրող Վիկտոր Պելևինը հեգնանքով ձևափո-
    խում է Jihad Crimson-ի:Խղճի ազատության,մարդու իրավունքների հետ կապված հարցե-
    րը քրիստոնեության սահմանագծում գտնվող Հայաստանում/գուցե նաև ֆորպոստ/ ունի
    իր առանձնահատկությունները:Երբ Տավուշի մարզում պետական պաշտոն զբաղեցնող
    անձը պերմանենտ գնդակոծվող սահմանամերձ գյուղերի ֆոնի վրա գիրք է տպագրում
    նվիրված ադրբեջանական ,,ռաբիս,, երգչուհուն,ապա սահմանը խղճի ազատության ու
    դավաճանության միջև ջնջվում է:Կալվինը ,,Եկեղեցու հիմքը,, գործի մեջ այս միտքն է
    արտահայտում,-,,Յուրաքանչյուր հավատացյալ ինքնին տաճար լինելով՝նաև ամբողջ Տաճարի առանձին քար է՝միացած մյուս քարերին,,:

  4. harut says:

    Փոքր դիտողութիւն մը։

    Խղճի ազատութեան համաշխարհային պատմութեան առաջին ԳՐԱՒՈՐ արձագանգը կը գտնենք
    Հինգերորդ դարու մեր ԵՂԻՇԷ պատմիչի մօտ։

    ” ՅԱՅՍՄ ՀԱՒԱՏՈՅ ՈՉ ՈՔ ԿԱՐԷ ԽԱԽՏԵԼ ԶՄԵԶ ­­- – -”

    ” Այս հաւատից մեզ ոչոք չի կարող խախտել,ոչհրեշտակները եւ ոչ մարդիկ,ոչ սուրը եւ ոչ հուրը
    ոչ ջուրը եւ ոչ էլ որեւէ այլ դառն հարուած ( ԵՂԻՇԷ – Հայաստան հրատարակութիւն -Երեւան 1971
    էջ 48 ):”

    Իմ կարծիքով ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ օրը պէտք է դառնայ
    ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շատ շնորհակալ եմ հետաքրքիր լրացման համար: Վստահ եմ, որ մեր՝ Առաքելական եկեղեցին ամենահանդուրժեղներից է:

  5. Garegin says:

    Խղճի ազատությունը, որի մեջ հավանաբար ներառվում է կրոնական համոզմունքների ազատությունը, դա այն բազմաթիվ գործոններից մեկն է, որն օգտագործելով պետությունն ու եկեղեցին /լայն իմաստով/ կառավարում են՝ անհրաժեշտության դեպքում պատժում կամ խրախուսում: Հավանաբար հենց կառավարումն է պատճառը, որ այս գաղափարը դարեր շարունակ չի կորցնում իր արդիականությունը, ինչպես դե ֆակտո չեն առանձնանում պետությունն ու եկեղեցին /ընդհանուր առմամբ խղջի ազատությունը պետք է որ պետության և եկեղեցու հետ կապ չունանա/: Աղանդավորական կառույցները նույնպես ինչ որ տեղից, ինչ-որ նպատակի ծառայելու համար ֆինանսավորվում են, որը հավատքի, առավել ևս խղճի ազատության հետ կապ չունի: Համակարծիք եմ Մարինեի մեկնաբանության հետ, կավելացնեմ միայն, որ Տավուշի մարզում պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից ադրբեջանական երգչուհուն նվիրված գրքի տպագրումը նույնպես ինչ-որ տեղից կառավարվում է, իսկ նպատակը ավելի քան պարզ է /հասարակության պառակտում, յուրայինների հայտնաբերում, պետական և քաղաքական կառույցների մոտեցումների հստակեցում կամ անտարբերության բացահայտում, մեր երկրի քարոզչամեքենայի հնարավոր արձագանքման ձևերի և մեթոդներիր հայտնաբերում և շատ-շատ այլ հարցեր/, սակայն ցավալին այն է, որ ոչ ոք ոչինչ: Այնպես որ մինչև խղճի ազատության մասին մտածելը տավուշեցին շատ ու շատ անելիքներ ունի:

  6. Mariam says:

    Պրն. Աբրահամյան, կարծում եմ մարդկանց ՛վառելու՛ կոչ անողները բառացիորեն ի նկատի չունեն, որ կրակի վրա կայրեն աղանդավորներին: Լավագույն դեպքում կփորձեն Հայաստանից վտարել: Անշուշտ, աղանդների դեմ պետք է պայքարել ոչ թե կրոնական ոստիկանների կամ արտաքսման, այլ առաքելական եկեղեցու դերի բարձրացմամբ առաջին հերթին, քանի որ ներկայիս մեր հոգևորականներից շատերի ապրելակերպն է մարդկանց մոտ թյուր կարծիք ձևավորում մեր եկեղեցու վերաբերյալ:
    Այդուհանդերձ, պետությունն այստեղ ի դերն ունի: Կոչ չեմ անում որևէ կերպ սահմանափակել խղճի և կրոնի ազատությունը, բայց հոգեվորսության դեմ գոնե օրենսդրական մակարդակով պետք է պայքարել: /Տեղյակ չեմ, արդյոք նման օրինագիծ ի վերջո ԱԺ-ն ընդունեց, թե ոչ:/ Համոզված եմ շատ քաղաքացիների պարզապես հունից հանում են, երբ ամեն քայլափոխի զբոսայգում, փողոցում, սեփական տանը փորձում են այս կամ այն աղանդի ներկայացուցիչները փրկել մեզ՝ ՛մոլորյալներիս՛, իրենց անվերջանալի զրույցներով, առավել ևս երբ իրենց են փորձում ենթարկել անչափահասներին: Սա արդեն ոչ թե խղճի ազատություն է, այլ հոգեվորսություն՝ դրանից բխող երբեմն անդառնալի հետևանքներով:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ինձ էլ դուր չեն գալիս հոգեորսները: Երբ իմ դուռն են թակում կամ փորձում են փողոցում իմ հետ խոսել, ես նրանց «ուղարկում եմ»: Բայց նրանք, որքան հասկանում եմ, պետության օրենքը չեն խախտում: Իսկ հոգեւորականները, համաձայն եմ, պետք է այնքան հեղինակություն ունենան, որ աղանդավորների քարոզչությունը պարարտ հողին չընկնի:

  7. Վահան says:

    Էս վերջին մեկնաբանությունները դարձան Հայ առաքելական եկեղեցու աննուղակի քարոզ: Ինչ է նշանակում Հայ առաքելական եկեղեցու դերի բարձացում: Գովազդե՞լ է պետք եկեղիցին. թե՞ ավելի շատ էսեմես ուղարկեն զատիկից բացի: Գրեթե նույն մոտեցումն ունեն նաեւ աղանդ կոչվածները, որոնց դեմ կոչ է արվում պայքարել Հայ առաքելական եկեղեցու դերի բարձրացմամբ: Ես աթեիստ եմ, բայց աթեիզմ չեմ քարոզում եւ շատ ավելի հանդուրժող եմ, քան բազմաթիվ հավատացյալներ: Երբ զատիկի օրը Հայ առաքելական եկեղեցին ինձ էսեմես է ուղարկում` շնորհավորելով ինձ, ապա դա ընկալում եմ մոտավորապես նույն ձեւով, ինչպես որ փողոցում ինձ մոտեցող հոգեւորսի արարքը: Ես չեմ ուզում, որ Հայ առաքելական եկեղեցին ինձ էսեմես ուղարկի, ճիշտ այպես, ինչպես չեմ ուզում, որ մորմոնը կամ Եհովայի վկան ինձ կանգնեցնի փողոցում ու իր պատկերացումները ինձ ներկայացնի: Կամ ՀՀ-ն ոչ կրոնական պետություն է, հետեւաբար քաղաքացին կրոնական իր պատկերացումները, աշխարհընկալումը ստանում է ինքնուրույն` ըստ իր ցանկության, դաստիարակության, բայց ոչ երբեք դպրոցում,ոչ երբեք պետական քարոզչության միջոցով, կամ էլ եթե ՀՀ-ն կրոնական պետություն է, ապա ինչես, որ արդեն շարադրված կլինի կրոնական պետության սահմանադրությունում: Հոգեւորսությունը կրոնի հետ կապ չունի եւ օրենքով պիտի արգելվի հոգեւորսությունը:

    • Գալուստ Ենոքյան says:

      Լիովին համաձայն եմ Վահանի հետ, եվ կուզեի ավելացնել որ կարծում եմ կրոնը, հավատքը մասնավոր երեվույթ պիտի դիտվի իմ կարծիքով, եվ խիղճը կրոնի հետ որեվե կապ չունի:Եթե այդպիսի կապ լիներ, Հայաստանի (գոնե Երեվանի) բոլոր հավատացյալները կհեղեղեին այսօր Ազատության հրապարակը նշելու համար Շանթ Հարությունյանի, Խղճի կալանավորի Ծննդյան օրը…

    • Mariam says:

      Հարգելի Վահան, իմ մեկնաբանությունը նպատակ չուներ քարոզելու հայկական առաքելական եկեղեցին որպես միակ և ընդունելի ուղղություն: Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում ինչ կրոնի հավատալ կամ էլ չհավատալ:
      Բայց իմ պատկերացմամբ կրոնը չպետք է ստիպի որևէ անձի կամ նրա ընտանիքի անդամներին դառնալ դրա հետևորդները: Հակառակ դեպքում դա ոչ թե կրոն է, այլ ճահիճ: Իհարկե, կբերեք խաչակիրների օրինակը, որը քրիստոնեության պատմության մեջ թերևս ամենաամոթալի էջերից է, ինչպես և ինկվիզիցիան: Դա արդեն պրն. Աբրահամյանը քննարկել է իր հոդվածում:
      Ինչ վերաբերում է էսեմեսներին, դա նույնն է, ինչ որ որևէ խանութի զեղչերի մադին հաղորդագրություն ստանալը, տարեկան մի քանի անգամ: Իսկ երբ Ձեզ ամեն քայլափոխի փորձում են իրենց դավանանքը հրամցնել բոլոր քաղաքակիրթ ու անքաղաքակիրթ մեթոդներով, երբեմն նույնիսկ ընտանիքի մյուս անդամների կողմից բռնությամբ, դա արդեն իմ կողմից նշված հոգեվորսությունն է: Անկեղծ ասած հաղորդագրություններից բացի, առավել ևս ուժի գործադրմամբ, ինձ առաքելական եկեղեցին երբևէ չի փորձել իր ուղղության հետևորդը դարձնել: Նույնը չեմ կարող պնդել, օրինակ, Եհովաների, մորմոնների, հիսունականների կամ այլ նման ուղղությունների մասին:
      Այո, ես ինձ համարում եմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց և նույնպիսի հարգանքով եմ վերաբերում կաթոլիկներին, բուդդիստներին կամ աթեիստներին և նպատակ չունեմ որևէ մեկին համոզել, որ իմ ընտրած ուղղությունը միակը և ճիշտն է, չնայած որ դրան խորապես հավատում եմ: Բայց սա ավելի ծավալուն թեմա է, որը դժվար է քննարկել մեկնաբանությունների տեսքով:

      • Վահան says:

        Հարգելի Մարիամ, ոչ մի օրինակ էլ չեմ բերի ոչ ինկվիզիցիայի, ոչ էլ խաչակիրների…. Էջմիածնից ստացվող էսեմէսների եւ խանութներից ստացվող նույնաբնույթ գովազդների հետ կապված ասեմ, որ վերջերս Բիլայնից ինձ տեղեկացրին, որ ինչ-ինչ թվեր հավաքելով կարող եմ անջատել խանութներից ստացվող գովազդային էսեմեսները: Իմ համառությանը, որ ես չեմ ուզում ստանալ էսեմեսներ ոչ էլ Հայ առաքելական եկեղեցուց` ինձ պատասխանեցին, որ դա հնարավոր չէ: Ոնց հասկանամ սա: Նորից ասեմ, երբ ինձ ասում են շնորհավոր զատիկ եւ այլն, ինձ համար դա մինիհոգեորսություն է, Եհովայի վկայի զրույցի սկիզբի նման մի բան: Ես ոչ մեկին ինձ պես աթեիստ դառնալու քարոզ չեմ անում, բայց չեմ զգում որ պարում եմ մի երկրում, որն իր Սահմանադրությամբ անջատված է եկեղեցուց: Ու թույլ տվեք զարմանալ, թե ոնց կարողացաք Դուք Հայ առաքելական եկեղեցուց ստացվող Էսեմեսը համեմատել խանութից ստացվող էսեմեսի հետ:

        • Վահան says:

          էլի տառերի տեղեր խախտվեցին , ներող եղեք, ապրում, ոչ թե պարում

        • Mariam says:

          Լիովին համաձայն եմ, որ ցանկության դեպքում Դուք պետք է զերծ մնաք եկեղեցու հաղորդագրություններից ու թերևս դա նաև Բիլայնի բացթողումներից է, որ նրանց հաճախորդները պարտավորված են որոշ հաղորդագրություններ կարդալ:
          Խանութներից ստացվող հաղորդագրությունների հետ համեմատեցի, քանի որ անձամբ ինձ վրա նույն ազդեցությունը կունենար, երբ ինձ մուսուլմանական երկրում մահմեդական տոմարով տոներ շնորհավորեին, քանի որ դրանով ինձ ոչ ոք չէր համոզի դառնալ մահմեդական կամ հետևել նրանց կրոնին: Առավել ևս որ նման հաղորդագրություններ ստացվում եմ տարեկան 5 անգամ, միգուցե 10? Ւսկ օրինակ իմ հարևանությամբ ապրող անհաշվելի եհովայի վկաները ինձ իրենց քարոզն են փոխանցում ու փորձում համոզել, որ միայն նրանց հետևելով կփրկվեմ աշխարհի մոտալուտ կործանումից գրեթե ամեն օր, երբ փոքորիկիս հետ զբոսանքի եմ գնում:
          Բայց կարծում եմ միևնույն երևույթը Ձեզ և ինձ վրա տարբեր ազդեցություններ է թողնում: Այդ պատճառով մենք երկուսս էլ ունենք այս հարցի վերաբերյալ իրարից տարբեր կարծիքներ:

          • Վահան says:

            ինչ էլ անհարմար տեղ եք ապրում…
            կատակ ընկալեք սա, Մարիամ ջան….

          • Mariam says:

            Կատակը կատակ, բայց երբեմն հունից հանում են: Երևի ճակատիս գրված է ՛Եկեք ինձ փրկեք՛ 🙂

  8. Վահան says:

    ներողություն անուղղակի բառը ոչ ճիշտ գրած լինելու համար

  9. Լավատես says:

    Երբ հրամանատարը հոգ է տանում իր ենթակա զինվորների համար, միաժամանակ խիստ ու պահանջկոտ է նրանց հանդեպ, զինվորները ի պատասխան մեծագույն հարգանքով են վերաբերվում իրենց հրամանատարին եւ լավագույն մակարդակով ծառայում: Քաղաքացիներն ու հավատացյալները մեծագույն հարգանքով են վերաբերվում պետական ու հոգեւոր այրերին, երբ պետական ու հոգեւոր այրերը հոգ են տանում իրենց քաղաքացիների ու հավատացյալների համար: Հակառակ դեպքում, քաղաքացին թողնում հեռանում է իր երկրից, իսկ հավատացյալն էլ՝ հիասթափվում իր հավատքից: Երկիր գրավելու ու ազգ կործանելու համար էլ պետք չի զենքով զրահով գալ, հերիք է պետական ու հոգեւոր առաջնորդներ նշանակել, որոնց քաղաքացիներն ու հավատացյալները չեն հարգում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728