Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Եվրոպացի պատգամավորները նեղացած էին, որ Հայաստանը կողմնորոշումը փոխել է»

Փետրվար 11,2014 00:04

Ստրասբուրգում փետրվարի 5-6-ին կայացած Հայաստան- Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի 14-րդ նիստում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ չընդունվեց համատեղ հայտարարություն, ինչը մտահոգության տեղիք է տվել մեր հասարակությանը: Մեկնաբանություններն այս թեմայով բազմաթիվ են, անհամաձայնություն կա նաեւ հայաստանյան պատվիրակության անդամների մեջ, սակայն, բոլորն էլ կարծես համաձայն են մի բանում, որ եվրոպացի պառլամենտականների վերաբերմունքի փոփոխությունը կապված էր Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխության՝ դեպի Մաքսային միություն գնալու հայտարարության հետ:

ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը մեր հարցին՝ իրո՞ք Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունն էր որոշակի լարվածության պատճառը, պատասխանեց. «Այն բանից հետո, ինչ ՀՀ նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը դառնալու է Մաքսային միության անդամ, սա Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության առաջին նիստն էր, եւ բնական է, որ պիտի լիներ որոշակի լարվածություն, պիտի լիներ մի վիճակ, երբ մեզ պիտի հարցեր տային եւ պատասխաններ ուզեին լսել: Թեպետ օրակարգը շատ հագեցած էր, եւ բազմաթիվ խնդիրների մասին ելույթներ էինք պատրաստել եւ քննարկումների էինք պատրաստվել, բայց ակնհայտ էր, որ մեր եվրոպացի գործընկերներին ամենաշատը հետաքրքրում էր, թե ինչո՞ւ չորս տարվա բանակցություններից հետո, երբ ակնհայտորեն գնում էինք դեպի ԵՄ Ասոցացման համաձայնագիր, հանկարծ հայտարարվեց, որ միանում ենք ՄՄ-ին: Նրանք մասնակցություն են ունեցել Ասոցացման համաձայնագրի շուրջ մեր բանակցություններին, լավ ծանոթ են մեր խնդիրներին, եւ բնական է, որ իրենց հուզում էր այդ հարցը, եւ ինչ-որ տեղ նաեւ նեղացվածություն եւ վիրավորվածություն կար: Մենք, բնականաբար, փորձում էինք հիշեցնել նրանց, որ դա անակնկալ ընդունված որոշում չէր, որ մեր նախագահը եւ մյուս պաշտոնյաները տարբեր հայտարարություններում միանշանակորեն չեն հերքել Մաքսային միությանը միանալու հավանականությունը, հիշեցնում էինք ժամանակին ՀՀ նախագահի արած հայտարարությունը, որտեղ ասվում էր՝ «ոչ թե կամ-կամ, այլ եւ-եւ», որ մենք պատրաստ ենք համագործակցել Մաքսային միության հետ՝ տնտեսական ոլորտում, եւ Եվրամիության հետ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքար եւ եվրոպական իրական արժեհամակարգի ներդրման առումով»:

Մեր հարցին՝ այդ նեղացվածությունը պատճառ դարձավ, որ նիստը տապալվի՞, տիկին Եսայանը պատասխանեց. «Ես այստեղ մամուլում կարդացի, որ նիստը տապալվել է, բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մի նման բան չի եղել: Չի՛ տապալվել նիստը, երկու նիստ է տեղի ունեցել՝ փետրվարի 5-ին եւ 6-ին, ուղղակի մի նրբություն կար, քանի որ այդ նույն ընթացքում իրենց խորհրդարանական լիագումար նիստն էր տեղի ունենում, եւ բնականաբար, նրանք նաեւ իրենց լիագումարին էին ուզում մասնակցել,  ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստերին մեծ թվով պատգամավորներ չկային: Ես առաջին անգամ էի մասնակցում այդ նիստին, բայց մեր հին պատվիրակներն ասացին, որ նախկինում էլ էր այդպես լինում, եւ շատ մեծաթիվ չէին լինում մասնակից պատգամավորները»:

Տիկին Եսայանից նաեւ հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը, եթե դիվանագիտական ճկունություն ցուցաբերեր, Հայաստանի շահերը չոտնահարող հայտարարություն կընդունվեր, ինչպես պնդում են ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: Ի պատասխան պատգամավորն ասաց. «Վաղը մենք ասուլիս ենք հրավիրել եւ այնտեղ կբաժանենք հայտարարության տեքստը եւ կտեսնեք, բայց ասեմ հետեւյալը. հայտարարությունը երեք մասից էր, առաջին եւ երկրորդ մասերը, որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-Թուրքիա –ԵՄ հարաբերություններին, ոչ մի խնդիր չառաջացրեցին եւ միակարծիք էինք բոլորս, առարկություն չեղավ: Բայց երբ հերթը հասավ  Լեռնային Ղարաբաղի հարցին, կրքերը թեժացան: Ի զարմանս բոլորիս՝ խորհրդարանական համագործակցության կոմիտեի եվրոպացի համանախագահողը՝ Չեխիայի ներկայացուցիչ Միլան Ցաբերնոխը, կտրուկ հայտարարեց, որ այն տարբերակը, որն ինքը ներկայացնում է, ոչ մի փոփոխության չպիտի ենթարկվի: Թեեւ մենք մինչ այդ, մոտ մեկ-երկու ամիս առաջ այդ հայտարարության ԼՂ-ին վերաբերող տեքստի վերաբերյալ մեր առարկություններն ու առաջարկություններն էինք ուղարկել, սակայն, ցավալիորեն, մեր առարկությունները չէին ընդունվել եւ տեղ չէին գտել այդ տեքստում: Բնականաբար, մենք չէինք կարող կողմ լինել մի տեքստի, որից դուրս էին մնացել սկզբունքային եւ կարեւորագույն խնդիրներ՝ ԼՂ հակամարտության խաղաղ եւ բանակցային կարգավորմանը վերաբերող: Մասնավորապես, տեքստից դուրս էին մնացել Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնորոշման իրավունքին»:

Այսինքն՝ խմբի ներսում համաձայնություն կա՞ր՝ չստորագրել ոչ բարենպաստ հայտարարության ներքո: Մեր այս հարցին էլ ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Այո, մեր խմբում կար համաձայնություն՝ չընդունել հայտարարություն, որը չի բխի հարցի խաղաղ կարգավորման շահերից: Կոմիտեի հայաստանյան համանախագահող Սամվել Ֆարմանյանն ասաց, որ  ինքը չի ստորագրի այս տեսքով հայտարարության տակ, եւ այդպես էլ եղավ: Մենք որոշեցինք՝ ավելի լավ է չընդունել որեւէ հայտարարություն, քան ընդունել մի հայտարարություն, որում չեն լինի բարենպաստ դրույթներ»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728