Լրահոս
Օրվա լրահոսը

Քծնողներին չեն սիրում. Ռետրո

Փետրվար 19,2014 13:28

Վերջին չորս տարվա ընթացքում մեր քաղաքական որոշ կազմակերպությունների մոտ բանավեճի շատ գեղեցիկ ավանդույթ է ստեղծվել. որոշել քաղաքական հակառակորդի «կողմնորոշումը» (արեւմտամետ, ռուսամետ, թրքամետ, իրանամետ, հրեամետ, մասոնամետ եւ այլն) ու դրա հիման վրա փորձել քաղաքական կապիտալ վաստակել՝ հայտարարելով, թե սեփական կազմակերպությունն ունի տրամագծորեն հակառակ «կողմնորոշում», որը, բնականաբար, փրկարար է ազգի համար։ Նման մոտեցումը շատ խորը (կարելի է ասել՝ դարավոր) արմատներ ունի, չնայած ոչ մի պատմական հաջողություն չի բերել։

«Կողմնորոշման» խորքային իմաստը հետեւյալն է. տես, Քեռի Սեմ (կամ Քեռի Իվան), թե որքան լավն ենք մենք, որքան ենք մենք քեզ սիրում, իսկ ահա մեր ընդդիմախոսը սիրում է քո թշնամիներին, հետեւաբար, օգնիր ինձ նրա հերն անիծել, որի համար մենք ողջ կյանքներս քեզ պարտական կլինենք։ Քեռիները հաճույքով են լսում այդ քծնանքը, սակայն որոշումներն ընդունում են միայն սեփական (եւ ոչ թե քծնողի) շահերից ելնելով։

Հասարակության որոշ շրջանակներում իսկապես այն համոզմունքը կա, թե որեւէ մեկի, մեղմ ասած, աչքը մտնելով՝ կարելի է լուծել սեփական պետության խնդիրները։ Սակայն պետությունների միջեւ հարաբերությունները հիմնված են օբյեկտիվ օրինաչափությունների վրա, որոնց հետեւանքով էլ ստեղծվում են տարբեր տիպի դաշինքներ։ Օրինակ՝ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակից պետություններ են ոչ թե այդ երկրների ղեկավարների ռուսամետության կամ հայամետության, այլ շահերի համապատասխանության պատճառով։ Այս ռազմական դաշինքը կպահպանվի՝ անկախ նրանից, թե ովքեր են վաղը ստանձնելու պետությունների ղեկը (եթե, իհարկե, դրանք Էլչիբեյի կամ Գամսախուրդիայի նման հիվանդ մարդիկ չլինեն)։

ԱՊՀ երկրները (նախ եւ առաջ Ռուսաստանը) Արեւմուտքից վարկեր են ստանում ոչ թե իրենց արեւմտամետության հետեւանքով, այլ պարզապես այն պատճառով, որ այդ վարկերը ընդհանուր առմամբ ձեռնտու են թե՛ տվողին եւ թե՛ վերցնողին։ Ռուսաստանի ցանկացած իշխանություն վերցնելու է վարկերը՝ դարձյալ այն պայմանով, եթե այնտեղ անբուժելի հիվանդներ չհայտնվեն։

Կողմնորոշման գաղափարը (եթե նույնիսկ այն երբեւիցե արդիական էր) այսօր հնացել է եւ ոչ մի դեր չի խաղում ժամանակակից կյանքում։

Եվ վերջապես՝ քծնելը ոչ միայն օգտակար չէ, այլեւ որոշ չափով վնասակար է։ Քծնողներին չեն սիրում։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
9.02.1996

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Աբրահամյան,որերորդ անգամն է ես չեմ կարողանում կարդալ Ձեր նյութերը,որոհետև էջը բացելուց անմիջապես նյութերը հայերենից վեր են ածվում ռուսերենի՝անհասկանալի թարգմանությամբ:նույնը կատարվում է նաև նյուս.ամ -ի հետ:

    • Մեր կարծիքով՝ Ձեր համակարգչում միացված է այն ծրագիրը, որը թարգմանում է լեզուները: Ընտրեք «երբեք չթարգմանել հայերենը» տարբերակը, եւ կարծում ենք՝ խնդիրը կլուծվի

      • Արսեն says:

        Դա գրելը իմաստ չուներ, որվհետև հենց բացի ձեր բացատրությունը թե ինչ անել՝ այն վեր է ածվելու ռուսերենի՝ անհասկանալի թարգմանությամբ։ Որից օգտվել Seyran-ը, մեկ է, չի կարողանալու…)))…

  2. Hayk says:

    Отличная статья!!! Спасибо!!!

  3. Արսեն says:

    Ուղարկում եմ երկրորդ անգամ, առաջին անգամ չի հրապարակվել՝ հույս ունեմ, տեխնիկական պատճառներով։

    Խորը քծնանքով գրված հիանալի հոդված էր՝ քծնելու անիմաստության մասին..)))…
    Մասնավորապես. « Օրինակ՝ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակից պետություններ են ոչ թե այդ երկրների ղեկավարների ռուսամետության կամ հայամետության, այլ շահերի համապատասխանության պատճառով։ Այս ռազմական դաշինքը կպահպանվի՝ անկախ նրանից, թե ովքեր են վաղը ստանձնելու պետությունների ղեկը ….» արտահայտությանը մեջ «վաղը» մեկնաբանվում է՝ «հավերժ» (ժամանակային վերահսկման կետեր դրված չեն «վաղվա» վրա, 18 տարի հետո հոդվածը վերատպվել է, ենթադրելի է, որ 38 տարի հետո էլ է վերատպվելու..)))…»։
    Ավելի երկարաժամկետ «ոչինչ չփոխելու երաշխիք» է, քան նույնիսկ Սերժի «գազային պարտավորությունները»։

  4. Ruben says:

    Անդրկովկասյան ֆեդերալ շրջանը (դաշինքը) կպահպանվի, եթե, իհարկե, վաղը պետությունների ղեկը ստանձնեն (ստանան) Էլչիբեյի, Պետրոսյանի կամ Գամսախուրդիայի նման հիվանդ մարդիկ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728