Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արա Ավետիսյան. «Սա անբարեխիղճ վերաբերմունք է դասի նստած ուսանողների նկատմամբ» (Տեսանյութ)

Փետրվար 20,2014 14:53

Այսօր ՀՊՃՀ 13-րդ մասնաշենքի բակում «Դեմ եմ» նախաձեռնության իրազեկման ակցիայի մեկնարկից առաջ նախաձեռնության անդամների հետ զրույց ունեցավ բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը: Նա ասաց. «Առհասարակ տակտ է, որ եթե բուհի ուսանողության հետ հանդիպում եք անում, բուհի ղեկավարությանը տեղյակ պահեք: Վարժարանում դաս է և արդյոք ճի՞շտ է`վարժարանի շենքի կողքին բարձրախոսով ձեր կարծիքն ասեք, որը հրապարակվել է, հեռուստացույցով ցույց են տալիս, կարդում են: Հետո մյուս կողմից էլ ի՞նչ ասելիք ունեք դեռևս ուսանողներին»:

Ակցիայի անդամներից Հայկ Ավետիսյանն ասաց, թե մարդիկ պիտի տեղեկացված լինեն, թե իրենց փողերն ուր են գնում:

Պարոն Ավետիսյանը ակցիայի անդամներին հորդորեց հանդիպում անել, բայց դրոշները հավաքել:

Ակցիայի մասնակիցները իրենց խոսքում ներկայացրին օրենքի թերի կողմերը: Իսկ երբ դասամիջոցն ավարտվեց, ժամը 12.50-ին ռեկտորն ակցիայի մասնակիցներին հորդորեց բարձրախոսով բոլոր ուսանողներին կոչ անել` գնալ դասի:

Արա Ավետիսյանն ասաց, թե սա անբարեխիղճ վերաբերմունք է այն անձանց նկատմամբ, ովքեր հիմա դասի են»:

Լրագրողները Արա Ավետիսյանից հետաքրքրվեցին` բուհում պահումներ արե՞լ են: Պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Բուհում 460 երիտասարդներ կան այդ խմբին պատկանող, որոնք սոցիալական աջակցության ձևով փոխհատուցում են ստացել: Պահումներ, իհարկե, արել են, բայց իրենք լրացուցիչ գումար են ստացել»:

Ակցիայի անդամները հարթակից հայտարարեցին, թե ուսանողների վրա ճնշումներ են եղել բուհի ուսխորհուրդների և ղեկավարության կողմից, որ չմասնակցեն իրազեկման ակցիայի: Ուսանողների շրջանում հարցում անցկացրինք, պարզելու արդյոք ճնշումներ եղե՞լ են: Նրանք առանձնապես թեմայով հետաքրքրված չէին, քանի որ «դա դեռ իրենց չի վերաբերվում» և պատասխանեցին, որ ակցիային մասնակցելու համար ճնշումներ չեն եղել:

Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել էր, թե «այսօրվա դրությամբ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել են գումարները և արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից: Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հակառակ պարագայում հետևյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել»:

Այս հայտարարությունը «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը Aravot.am-ի հետ զրույցում «ճնշում» որակեց ու ասաց. «Սա ոչ առաջին, ոչ վերջին ճնշումն է, երևի նկատած կլինեք, որ տարբեր մակարդակներով փորձում են ճնշում գործադրել: Ինչո՞ւ այդ հայտարարությունը շուտ չարեցին, վերջին օրով փորձեցին անել, որ խուճապ հարուցեն: Փորձում են խնդիրն այլ հարթություն տեղափոխել, ես կարող եմ հարյուր գործատուի օրինակ բերել, որոնք այդ գումարները փոխանցել են աշխատողներին: Ինձ չի թվում, թե նրանք կարգազանց են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Իսկ որ էտ նույն դասամիջոցին պեպսին ա գալի երաժշտություն միացնում, սկսում պարել դաս չի՞ խանգարում: Կամ ուսխորհորդ կոչեցյալ կառույցը որ երգ ու պարա անում էլի նույն դասամիջոցին երևի ոչինչ, իրենց կարելի է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728