Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Ղրիմը Ուկրաինայի այսօրվա իշխանությունների ամենաբարդ խնդիրն է» (Տեսանյութ)

Փետրվար 24,2014 16:28

Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը  փորձեց վերլուծել այն ամենն, ինչ  տեղի է  ունենում Ոկրաինայում արդեն մի  քանի ամիս:  Նա շեշտը դրեց այն զարգացումների վրա, որոնք նաև մոտ են Հայաստանին: Վերջին ժամանակներս համացանցում ակտիվ քննարկում էին հայ քաղաքական գործիչների քննադատական կարծիքները Ուկրայինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Բ. Նավասարդյանի խոսքերով այդ քննադատությունը տեղին է. «Ուկրաինայում կան գործիչներ, որոնք կարող են այդ հարցերով զբաղվել, իսկ մենք, ավելի ճիշտ կլինի, որ կենտրոնանանք Հայաստանի վրա: Այդ փուլն արդեն եկել է»:

Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները Բորիս Նավասարդյանը կարևոր համարեց նաև Հայաստանի համար: Քանի որ թե՛ Ուկրաինայի և թե՛ Հայաստանի քաղաքական գործիչները կենտրոնացած են միայն իրենց, այլ ոչ թե հասարակության կարծիքը հաշվի առնելու վրա: «Սա էր պատճառը, որ Ուկրաինայում  ակտիվ քաղաքացիները, որոնք երբեք իրենց չէին տեսնում քաղաքականության մեջ, այսօր թելադրում են զարգացումների ընթացք, և քաղաքական գործիչները ստիպված են հարմարվել այդ պահանջներին, և բոլորովին էլ պատահական չէ, որ միակ գործիչը, որը համաձայնել է մասնակցել նախագահական ընտրություններին, Յուլիա Տիմոշենկոն էր, որը լիարժեք զգում էր պահանջները, և իր բոլոր քայլերն ու հայտարարությունները համապատասխանեցնում էր այդ պահանջներին»,- ասաց Նավասարդյանը:

Ուկրաինան մեծ պետություն է, այն այժմ գտնվում է աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր տարածաշրջանում և աշխարհագրական կետում: Բորիս Նավասարդյանի խոսքերով այն, ինչը տեղի է ունենում  Ուկրաինայում, մեծ ազդեցություն է ունենալու նաև ուժերի բալանսի համար՝ եվրոպական և եվրասիական տարածքում.«Ուկրաինան համարվում է այն երկիրը, որի շուրջ զարգացող իրադարձությունները ցույց կտան, թե որ ինտեգրացիոն մոդելն է տիրապետում նախաձեռնությանը: 2013թ.-ի երկրորդ կեսին թվում էր թե եվրասիական նախագիծն էր ավելի նախաձեռնող և արդյունավետ, բայց 2014-ի սկիզբը հակառակ ուղղությամբ շրջեց այդ կարծիքը»:

Չնայած Կիևի հակառուսական վերաբերմունքին եվ Գերագույն Ռադայի՝ նախագահին պաշտոնից ազատելու որոշմանը՝ Ղրիմի կառավարությունը չի ընդունում Գերագույն Ռադայի որոշումը: Ղրիմի ինքնավար հանրապետության փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը հայտարարել էր, որ Ռադայի ընդունած նոր օրենքներն անօրինական են: Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Ղրիմն անջատվի Ուկրաինայից, Նավասարդյանը պատասխանեց. «Ղրիմը այսօրվա իշխանությունների ամենաբարդ խնդիրն է, քանի որ այնտեղի բնակչության մեծամասնությունը գերադասում է լինել Ռուսաստանի մաս, սակայն այս հակամարտությունը ուժային լուծում չի գտնի: Այն իշխանությունը, որը ձևավորվում է հիմա Ուկրաինայում, չի գնա ուժային ճնշումների ճանապարհով: Ինչ լուծում էլ գտնվի, ուժային մեթոդներ չեն գործադրվի»:

2014 թվականի սկզբում Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հստակ հայտարարեց, որ Ուկրաինան վերադառնում է Եվրաինտեգրացիոն իր նախկին քաղաքականությանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Ուկրաինայի՝ Ասոցացման պայմանագիրը ստորագրելը, և, թե ինչ ազդեցություն կունենա , եթե Ուկրաինան մտնի Մաքսային միություն, պրն Նավասարդյանը պատասխանեց. «Եթե Ուկրաինան մտներ Մաքսային միություն, մենք կկորցնեինք վերջին հույսը, որ կարող է չեղյալ համարվել Մաքսային միության հետ կնքած գործարքը: Այսինքն՝ մոտակա մի քանի տարիների ընթացքում, մենք կորցնում ենք մեր իրական ինքնիշխանությունը: Եթե Ուկրաինան գնա ասոցացման պայմանագիրը ստորագրելու ճանապարհով, այնտեղ կձևավորվի նոր կառավարություն: Սա նշանակում է, որ մենք դեռ կարող ենք պահպանել  բնական և արդյունավետ զարգացման ուղի վերադառնալու հույսեր»:

 Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728