Լրահոս
Օրվա լրահոսը

U2-ի նոր ալբոմը սպասվում է ամռանը

Փետրվար 26,2014 14:05

Վերջերս տված հարցազրույցում U2 խմբի անդամները խոսել են նոր ձայնասկավառակի թողարկման ժամկետների մասին: Երաժիշտների խոսքերով, նրանք ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել նոր ալբոմի վրա տարվող աշխատանքները` Նելսոն Մանդելային նվիրված Mandela: Long Walk to Freedom ֆիլմի համար Ordinary Love երգը ստեղծելու նպատակով: Այժմ նրանք կաշխատեն այնպես անել, որ նոր ալբոմը լույս տեսնի ամռանը: «Մենք հունի մեջ էինք` պարզ էր, թե մենք ինչ ուղղությամբ էինք գնում», – The Hollywood Reporter պարբերականին ասել է U2-ի հարվածահար Լարի Մուլենը: Նաեւ հավելել է. «Որոշում կայացվեց լքել նավը, որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ սրա վրա»: Երաժիշտները չէին կարող մերժել նախագծում մասնակցելու առաջարկը, քանի որ Մանդելայի հետ U2-ին կապում էին ընկերական հարաբերություններ: Այժմ, երբ Ordinary Love երգը արդեն բերել է խմբին «Ոսկե Գլոբուս» մրցանակը` «լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում եւ «Օսկարի» է առաջադրված, խումբը չի զղջում ընդունված որոշման համար: Ի սկզբանե, U2-ն մտադիր էր թողարկել խմբի 13-րդ ալբոմը 2013թ. դեկտեմբերին: Խումբն աշխատում էր նոր ձայնասկավառակի վրա անցած տարվա ընթացքում Նյու Յորքի ստուդիաներից մեկում` պրոդյուսեր Danger Mouse-ի հետ: Գործերն այնքան հստակ էին ընթանում, որ խմբի բասկիթառահար Ադամ Քլեյթոնը նույնիսկ բացահայտել էր, որ նոր ձայնասկավառակը բաղկացած կլինի 12 երգից: Սակայն նախնական ժամանակացույցը խախտվեց, երբ կինոպրոդյուսեր Հարվի Ուայնսթայնը կապվեց խմբի հետ` Մանդելային նվիրված նախագծում ընդգրկվելու առաջարկով:

«Երբ մենք Հարվիից հեռախոսազանգ ստացանք, եւ նա ասաց. «Սա արվում է, դուք մասնակցո՞ւմ եք», մեր պատասխանն էր. «Օհ, իսկապե՞ս: Հիմա՞», – պատմում է խմբի կիթառահար Էդջը: Կիթառահարը շարունակում է. «Բայց մենք իսկապես պետք է դա անեինք` հաշվի առնելով պատմությունը, որ մեզ կապում է ֆիլմի հերոս մարդու հետ»:
«Սա այն նախագիծն էր, որին ուղղակի չէիր կարող ասել՝ ոչ… Մեր սերնդի համար Հարավային Աֆրիկան իրական պատկերավոր ապացույցն էր այն բանի, թե ինչպես երաժշտությունը կարող է աշխարհում փոփոխությունների վրա ազդեցություն ունենալ: Եվ դա մեզ համար անցումային կետ էր` քաղաքական իրազեկության առումով»,- ավելացնում է բասկիթառահար Ադամ Քլեյթոնը:

Խմբի երգիչ Բոնոն պատմել է, որ նա փոխել է երգի սկզբնական խոսքերն այն բանից հետո, երբ նա կարդացել է կնոջն ուղղված Մանդելայի սիրային նամակները. «Միակ տեղն իր կյանքում, որտեղ նա զգում էր, որ տանուլ է տվել հակամարտությունը, իր ամուսնությունն էր: Նա ուղղակի չէր կարողանում այնպես անել, որ դա աշխատի, եւ ֆիլմի ամենակարեւոր մասը սիրային պատմությունն է»:

Խումբը աշխատում է նոր, դեռեւս անանուն ձայնասկավառակի վրա: «Ալբոմը պատրաստ չի լինի, մինչեւ այն պատրաստ չլինի… Կա մի քանի երգ, որոնք այն պատմության մասն են, որը մենք դեռ չենք ավարտել: Մենք գիտենք, որ առաջիկա մի քանի տարին մենք անցկացնելու ենք այդ երգերն ողջ աշխարհով մեկ տանելով, այնպես որ, ավելի լավ կլինի, որ դրանք լավը լինեն», – ասել է Բոնոն:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728