Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Եգանյան. «Այսօրվա դրությամբ արդեն 50 հազար մարդու մուտք Ռուսաստան մոտակա 3-5 տարիներին արգելափակված է»

Մարտ 03,2014 14:14

«Այսօրվա դրությամբ արդեն 50 հազար մարդու մուտք Ռուսաստան մոտակա երեքից հինգ տարիների ընթացքում արգելափակված է: Եվս 170 հազար մարդ, գտնվելով ՌԴ-ում, ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտելով, հայտնվել է որոշ մարմինների ուշադրության կենտրոնում: Նրանք հիմնականում աշխատանքային միգրանտներն են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից սկսած՝ առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր, յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում և հետևաբար ՌԴ-ում մնալու երեք ամսվա ընթացքում միգրանտն արդեն պետք է ձեռք բերի աշխատանքային պայմանագիր կամ, այսպես կոչված, Ռուսաստանում աշխատելու համար պատենտ։ Պարոն Եգանյանի համար այս որոշումի ընդունումը պատահական չէ: Ըստ նրա՝ «ՌԴ-ն դրանով մեկ զարկով փորձում է երկու խնդիր լուծել. ռեվերանս անել իր հանրությանը և մեսիջ ուղարկել այն երկրներին, որոնք գտնվում են մեր երկրի իրավիճակում և գնում են Մաքսային միություն: Մյուս կողմից՝ այսօրվա ՌԴ-ն չի կարող գոյատևել առանց միգրացիայի: Դրա անհրաժեշտությունը բխում է և նրա տնտեսական իրավիճակից, և ժողովրդագրական, և ի վերջո, ՌԴ-ում այն առասպելն է տարածվել, որ միգրացիան վատ երևույթ է»: Ժողովրդագրագետի կարծիքով՝ ՌԴ-ի խստացված օրենքը տեսականորեն վատ բան չի ասում՝ երեք ամիս հետո, եթե աշխատանք կամ օրինական բան չունեք, գնացեք, երեք ամիս հետո նորից եկեք: Օրենքն ասում է, որ պետք է ունենալ աշխատանքային պայմանագիր, բայց այլ բան է, որ այսօրվա միգրանտների մեծ մասը աշխատում են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա: Լուծումների մասին խոսելով՝ պարոն Եգանյանն ասաց. «Լուծումներից մեկն այն է, որ մեր պայմանագիրը ՌԴ-ի հետ թարմացվի: Բայց դա կես կամ մեկ տարուց ոչ շուտ կլինի»: Վկայակոչելով Ղրղըզստանի փորձը՝ պարոն Եգանյանն ասաց. «ՌԴ-ն և Ղրղըզստանը աշխատանքային միգրանտների վերաբերյալ աշխատանքային պայմանագիր են կնքել, եթե մերոնք էլ ժամանակին կնքած ու ձևավորած լինեին, գուցե խնդիրներն ավելի հեշտ լուծեինք»:

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ մենք ինքներս պետք է ունենանք այնպիսի միջավայր, որ մեզ այդ ամեն ինչից անկախացնի: Այնուհետև շեշտեց. «Հնարավոր է այդ 170 հազարի նկատմամբ այն, ինչ կիրառվում է, դա գիտակցաբար է արվում: Գիտեմ մարդիկ, որոնք խախտումներ արել են, նրանք արդեն քաղաքացիություն են ուզում ստանալ, նրանց պարտադրում են այնտեղ մնալ, բայց չվերադառնալ Հայաստան»:

Դառնալով ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությանը՝ պարոն Եգանյանը նշեց. «Անընդհատ հռչակում ենք, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է: Դա ՌԴ-ն մի ձևով է հասկանում, մենք՝ մեկ այլ: Բայց ձեր երկրի կեսից ավելին մերն է: Մեր անկախությունը միֆ է, առասպել, ֆիկցիա: Սովետական շրջանում մենք կախված էինք կենտրոնից և շատ հաճախ մեր իշխանությունները ներքին խնդիրները լուծում էին, այսօր մենք կախված ենք բոլորից՝ Արևմուտքից, Ռուսաստանից, բոլոր այդ ուժերից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31