Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը խնդիրներ կունենա՞ ՀՀԿ-ի հետ՝ այլակարծության համար

Մարտ 20,2014 18:07

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը օրերս Aravot.am-ի հետ զրույցում  Ղրիմի անկախությունը ճանաչելու հետ կապված, ասել էր. «Չեմ կարծում, որ Հայաստանը առաջիններից մեկը պետք է ողջունի: Մենք պետք է ունենանք լավ հարաբերություններ ապագա Ուկրաինայի հետ, որովհետեւ բավականին ստվար հայազգի ներկայություն ունենք այնտեղ ու նրանց մասին չպետք է մոռանանք: Հայերիս պարագայում մի քիչ այլ է ու այս տեսակետից պետք է լինենք շրջահայաց ու հնարավոր է չշտապենք, որովհետեւ բացառված չեն նաեւ ճնշումները»: 

Ի հակադրումն այս խոսքերի, Սերժ Սարգսյանը երեկ անձնական նախաձեռնությամբ զանգահարել էր Վլադիմիր Պուտինին եւ ողջունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները՝ որպես ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ:

Այս առնչությամբ, մեր հարցին՝ փաստորեն, Սերժ Սարգսյանն իր այդ քայլով շտապողականությո՞ւն է դրսեւորել եւ սխա՞լ է վարվել՝ այսօր Խոսրով Հարությունյանը ավելի շուտ հերքեց, որ ինքն է նման բան ասել. «Ես չեմ ասել, որ Հայաստանը չպետք է առաջիններից մեկը ողջունի, խոսքը պաշտոնապես ճանաչման մասին է: Ես իմ ամբողջ հարցազրույցում ասել եմ հետեւյալը, որ մենք՝ հայաստանցիներս, Ղրիմի հանրաքվեին պետք է վերաբերվենք՝ ելնելով նրանից, որ ունենք Արցախ, որն ինքնորոշվել է եւ մենք պաշտպանել ենք նրա այդ ինքնորոշման իրավունքը: Խոսքը գնում է ոչ թե ողջունելու մասին, այլ՝ պաշտոնական ճանաչման մասին: Պաշտոնական ճանաչման հարցում ես գտնում եմ, որ ինչքան հնարավոր է, պետք է չշտապել՝ հաշվի առնելով, որ մենք ունենք շատ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ Ուկրաինայի հետ: Ուկրաինայում ունենք բազմահազարանոց հայ համայնք եւ պարտավոր ենք մեր քաղաքական քայլերը կատարենք այնքան զգույշ, որպեսզի հայերին հարվածի տակ չդնենք: Ես սա եմ ասել եւ հիմա էլ եմ այդ կարծիքին: Պաշտոնական ճանաչումն այլ իրավական հարթություն է, հանրապետության նախագահի, երկու լիդերների զրույցը՝ բոլորովին այլ: ՀՀ նախագահը չէր կարող չառաջնորդվել իմ ասած այդ մոտեցումներով: Սերժ Սարգսյանի զրույցը Պուտինի հետ դեռ պաշտոնական ճանաչում չէ»:

Մեր հարցին՝ բայց Սերժ Սարգսյանի ասածը պաշտոնական Հայաստանի մոտեցումն է, չէ՞, Հայաստանը ողջունել է ՌԴ-ի քայլը՝ Խոսրով Հարությունյանը պնդեց, որ իր ասածի եւ Սերժ Սարգսյանի մոտեցման միջեւ հակասություն չկա. «Դա քաղաքական վերաբերմունք է, բայց ոչ իրավական ակտ»:

Նույն այդ հարցի հետ կապված, մինչեւ Սերժ Սարգսյանի զրույցը հրապարակելը, շատ ՀՀԿ-ականներ խուսափում էին մեկնաբանություններ անել, որեւէ կարծիք հայտնել: Մենք հետաքրքրվեցինք, քանի որ Հանրապետական խմբակցությունն եք ներկայացնում, հնարավո՞ր է Ձեր կարծիքի հետ կապված խնդիրներ ունենաք՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես ինչի՞ պիտի խնդիրներ ունենամ, ո՞ւմ հետ: Մինչեւ հիմա մեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ եղել են շատ նորմալ: Չեմ կարծում, որ այնպիսի արտառոց բաներ եմ ասում, որ դուրս է ՀՀԿ-ի քաղաքական ղեկավարության կամ իշխանության ուղեգծից: Ես այդ կարծիքին չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31