Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ թալանչիներին պահանջող Փաշինյանին. «Ձեր լեզվի տակ փուշ չկա, ինչ ուզում՝ ասում եք»

Մարտ 27,2014 19:14

Կառավարությունը ԱԺ է բերել նոր օրինագիծ, որով ուզում է Սեւանա լճից տարեկան բաց թողնել 170 մլն խորանարդ մետր ջուր, այլ՝ 240 մլն մգյուղատնտեսական մշակաբույսերը ոռոգելու նպատակով: Ընդ որում, առաջարկվում է դա ուժի մեջ պահել 5 տարի՝ մինչեւ 2019-ը:

Խոսքը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագծի մասին է:

Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը փորձեց հիմնավորել իրենց նպատակը, որ շուրջ 29 բնակավայրերում ոռոգման ջրաղբյուրների դեֆիցիտ կա եւ այլընտրանք չունեն, ուստի ստիպված են Սեւանա լճից ջուր վերցնել:

Սեւանա լճից ավելի մեծ քանակով ջուր բաց թողնելու ծրագիրը բարկացրել էր հատկապես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նրա խոսքերով՝ «Դուք 2004-ից Ջրտնտպետկոմի նախագահն եք, Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար է 2007-ից: Ձեր գործունեության ընթացքում արտեզյան ավազանի մակերեսը 67 տոկոսով կրճատվել է եւ այսօր Հայաստանը փաստացի կանգնած է էկոլոգիական աղետի վտանգի առջեւ: Ես զարմանում եմ, դուք եկել եք վստահ ասում եք՝ այլընտրանք չկա, պիտի այսպես անենք: Ձեր պրոբլեմն է, որ չկա: Դուք կրում եք անհատական պատասխանատվություն, ձեր ղեկավար նախարարը, կառավարության ղեկավարը, Սերժ Սարգսյանը, որը փաստացի այսօր դե ֆակտո գտնվում է Սահմանադրության երաշխավորի իբր կարգավիճակում: Քրեական գործ հարուցվա՞ծ է ընդհանրապես այս փաստերի առիթով: Ես ինչքան հիշում եմ, դուք խոսում եք Եղվարդի ջրամբարի մասին, Մաստարայի…երբ խոսում ենք՝ սկսում եք: Հովիկ Աբրահամյանն էլ ասում է՝ Սերժ Սարգսյանն ասել է՝ կառուցվելու է: Սերժ Սարգսյանը 2008-ին ասում էր՝ մի քանի օրից ատոմակայանի շինարարությունը սկսում ենք: Հետո ասում էր՝ գազամուղ ենք կառուցելու, նավթամուղ ենք կառուցելո՜ւ, թունել ենք կառուցելո՜ւ, էս ենք անելո՜ւ, աղքատությունն ենք վերացնելո՜ւ: Լեզվի տակ ոսկոր չկա: Ասում էիք՝ այն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չապահովի՝ պիտի հրաժարական տա՜: Ձեր ասածի մեջ գյոլ չկա: Ձեր կողմից թույլ տված հանցագործությունը բաց թողնելու համար Սեւանից հերթական ջրաքանակն եք բաց թողնում: Այստեղ կա հանցակազմ եւ սրա համար պետք է կոնկրետ մարդիկ կրեն կոնկրետ պատասխանատվություն»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց. «Ձեր լեզվի տակ էլ հաստատ փուշ չկա: Ինչ ուզում՝ ասում եք»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե այս հարցով կոնկրետ մարդիկ կոնկրետ պատասխանատվություն չկրեն՝ Սեւանը կցամաքեցնեն. «Ձկնաբուծությունը որ ասում եք, այդ ձկնաբուծության բիզնեսի 90 տոկոսի տերերը այստեղ դահլիճում նստած են՝ այս ֆրակցիայում, կողքի ֆրակցիայում են նստած: Ամբողջ երկրի պետական հարստությունը հանել եք, ուղղել եք կոնկրետ մարդկանց գրպանները, հիմա էլ եկել եք ասում եք վա՜յ, այլընտրանք չկա՜, պիտի Սեւանը բաց թողնենք: Հլը մի հատ թող ուսումնասիրվի՝ ժողովրդի հարստությունը կոնկրետ ո՞վ ա թալանել՝ անուն առ անուն՝ սեփականատերերեի մակարդակով, նոր անցնենք այս հարցի քննարկմանը: Թե չէ Սեւանն էլ կցամաքեցնեք, մնացածն էլ կցամաքեցնեք, քանի այդ հնարավորությունն ունեք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հայաստանն է ցամաքել այն էլ` վաղուց… Ի ցավ բոլորիս, բացի ՀՀԿ-ի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31