Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր իրավիճակ, նոր օրակարգ. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 05,2014 10:10

Քաղաքական շրջանակներում ու լրահոսում երեկվա խոսք ու զրույցի հիմնական թեման Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու վարչապետի պաշտոնի թեկնածուների շուրջ գուշակություններն էին:
Որպես վարչապետի պաշտոնի հավակնորդներ արդեն շոշափվել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի, «ՎիվաՍել» ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանի ու բազում այլ անձանց անունները:
Այդ շարքում անդրադարձ է եղել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերստին վարչապետ նշանակելու հնարավորությանը: Բայց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը երեկ «փակեց» այդ մի տարբերակը՝ հայտարարելով, որ նման հարց չի քննարկվել:
Ամեն պարագայում, առանձնապես չարժե կենտրոնանալ հավանական ու անհավանական «վարչապետացուների» թեմայով ծավալվող գուշակությունների վրա: Հենց գուշակությունների, որովհետեւ դժվար է քննարկում համարել ենթադրությունների վրա հիմնված լուրերի նպատակամետ շրջանառությունը:
Առավել եւս, որ այդ լուրերն էլ կազմվում ու տարածվում են այս կամ այն շրջանակի շահերից ու հաշվարկներից ելնելով, այլ ոչ թե քիչ թե շատ հավաստի տեղեկությունների հիման վրա:
Երեկ ուշադրություն էր գրավել նաեւ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչների, այսպես ասենք՝ վարչապետի հրաժարականով պայմանավորված արտահերթ հանդիպումը: Ճիշտ է, այս հանդիպման նկատմամբ լրագրողների ուշադրությունն էապես շեղեց արագորեն տարածված տեղեկությունը, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եկել է խորհրդարան ու հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Ճիշտ է, ԲՀԿ-ն որոշեց չմեկնաբանել հանդիպման բովանդակությունը:
Վերադառնալով քառյակի հանդիպմանը, դժվար չէ նկատել, որ ոչ իշխանական ուժերը անորոշության մեջ են, առայժմ չեն կարողանում կողմնորոշվել իրենց հետագա անելիքների առումով: Նրանք նախատեսել էին տարբեր մարզերում համատեղ հանրահավաքներ անցկացնել, իսկ ապրիլի 28-30-ին էլ, ինչպես հայտարարվել էր, շուրջօրյա հանրահավաք սկսել: Բայց ողջ հարցն այն է, որ այդ միտինգային ակտիվությունը նախատեսվել ու ծրագրվել էր որպես կառավարության հրաժարականի «քառյակային» նախաձեռնության ֆոն՝ «համաժողովրդական աջակցություն»:
Այնինչ վարչապետի հրաժարականից հետո վիճակը կտրուկ փոխվել է: Քառյակի ներկայացուցիչներն ասում են, թե հանրահավաքները ուժի մեջ են մնում, սակայն ի՞նչ բովանդակությամբ եւ օրակարգով: Կառավարության հրաժարականի՞: Հասկանալի է, որ կայացած փաստի պայմաններում դա ծիծաղելի է: Միաժամանակ քառյակի ներկայացուցիչները, չգիտես՝ իրենք իրե՞նց, թե՞ ունկնդիրներին, փորձում են ներշնչել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր ոչ իշխանական ուժերի համախմբմամբ: Ասել կուզի՝ իրենց գործունեության շնորհիվ դա եղավ:
Քաղաքականության մեջ, իհարկե, այս կամ այն զարգացման պարագայում մի քանի գործոն կա, եւ քառյակի գործոնն էլ տեսականորեն կարող է դիտարկվել: Բայց եթե վարչապետի հրաժարականն իսկապես քառյակի գործունեության արգասիք լիներ, ապա զուտ տրամաբանորեն նույն այդ ոչ իշխանական չորս ուժերը պետք է առավել քան պատրաստ լինեին զարգացման տվյալ տարբերակին:
Մինչդեռ փաստն այն է, որ քառյակը անպատրաստ է դրան, հակառակ պարագայում երեկ լրագրողները փոքր-ինչ ավելի կոնկրետ ձեւակերպումներ կլսեին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից: Նրանք ուղղակի դեռ չգիտեն իրենց համատեղ անելիքը տվյալ կոնկրետ իրավիճակում:
Ավելին՝ չի բացառվում, որ ստեղծված որակապես նոր իրավիճակում ոչ իշխանական ուժերի քառյակը կարող է բնականորեն դադարել այդպիսին լինելուց: ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» քառյակին միավորող հիմնական հարցը, որը նրանք ձեւակերպեցին, կառավարության հրաժարականն էր: Ուրբաթը շաբաթից շուտ եկավ, վարչապետը հրաժարական տվեց (ինչը նաեւ կառավարության հրաժարականն է փաստորեն): Ի լրումն՝ որոշ հանգուցալուծում ստացավ կուտակայինի հարցը, որը նույնպես ոչ իշխանականներին միավորող հանգամանք էր:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930