Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի՝ տնտեսության զարգացման վեց հստակ բանաձեւերը

Ապրիլ 12,2014 17:33

O Ողջունելով «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով ԲՀԿ,ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» ոչ իշխանական ուժերի Ծաղկաձորում ընթացող քննարկման մասնակիցներին, որին մասնակցում են նաեւ Չեխիայից, Սլովակիայից եւ Լատվիայից հրավիրված ճանաչված տնտեսագետներ եւ իրավաբաններ, հանրապետությունում հայտնի տնտեսագետ գիտնականներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ծրագրի վրա աշխատել է քառյակի տնտեսագետների եւ փորձագետների աշխատանքային խումբը: «Ես շատ լավ հասկանում եմ, որ նույնիսկ ամենալավ ծրագրերի դեպքում հնարավոր չի միանգամից գտնել բոլոր լուծումները եւ իրականություն դարձնել: Բայց ծրագիրը կազմելը շատ կարեւոր է՝ արձանագրելու մոտեցումները, առաջարկությունները եւ ինչու՞ չէ, այն հիմնական կոպիտ սխալները, որ թույլ է տվել կառավարությունը վերջին տարիներին:

Այսօր Հայաստանի քաղաքական ուժերը, մասնագիտական եւ փորձագիտական հանրությունը ունեն անհրաժեշտ ամբողջ ներուժը թե զարգացման ծրագիր մշակելու, թե իրականացնելու համար: Ես ուրախ եմ, որ մեզ են միացել արտերկրից ժամանած հեղինակավոր մի խումբ մասնագետներ: Փորձի փոխանակումը, օտարի բաց ու նաեւ բարձր պրոֆեսիոնալի աչքով խնդիրներին նայելը շատ կարեւոր է: Հայաստանը պետք է բաց լինի աշխարհի համար: Մենք ունենք աշխարհի աջակցության եւ օգնության կարիքը: Այսօր աշխարհի բազմաթիվ հզոր պետություններ, անհատներ ու կառույցներ պատրաստ են օգնել եւ սատարել Հայաստանին: Բայց դրա համար պետք է ներգրավել նրանց՝ ոչ թե խուսափել նրանցից: Մենք ուրիշների պես չենք ասում՝ ամեն ինչ գիտենք ու երկրի տնտեսությունը մի քանի տարում հասցնում ծանրագույն ճգնաժամի: Մենք ասում ենք՝ այո, խնդիրները շատ են ու շատ բարդ: Բայց մենք չենք վախենում դրանցից: Մենք կարող ենք գտնել դրանց լուծումները մեր ուժերով ու նաեւ օտարերկրյա մեր գործընկերների աջակցությամբ:

Հայաստանի տնտեսությունը կարիք ունի կտրուկ բարելավման, եւ պետք է գործի մի քանի հստակ բանաձեւ:

1. Աշխատող մարդուն պետությունը պետք է հարգի եւ օգնի, այլ ոչ թե խանգարի:

2. Փոքր ու միջին բիզնեսին պետք է տրվեն աշխատելու բոլոր հնարավորություններն ու արտոնությունները:

3. Այն պաշտոնյան, ով խանգարեց աշխատող մարդուն, պետք է պատասխան տա դատարանի առջեւ:

4. Գյուղացուն չի կարելի թողնել միայնակ բնական աղետների ու այլ դժվարությունների առջեւ:

5. Հայաստանը կարիք ունի լավ կրթված մասնագետների ու պետությունը պետք է կարեւորի նրանց ու ոչ թե ծանոթների ու բարեկամների:

6. Երկրում պետք է ստեղծվի մրցակցային դաշտ, անհրաժեշտ պայմաններ, հակառակ դեպքում տնտեսությունը չի զարգանա:

Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ, որ այս համաժողովն իսկապես ունենա գործնական բնույթ, լինեն տարբեր կարծիքներ, առողջ բանավեճ: Տնտեսությունը չի լինում ընդդիմադիր կամ իշխանամետ: Տնտեսությունը լինում է կամ առողջ ու զարգացող, որից բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը, կամ քանդված՝ կեղծ թղթերի ու ցուցանիշների վրա սարքված, որից ժողովուրդը փախչում է այլ երկրներ», – ասաց ԲՀԿ առաջնորդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Հայաստանը կզարգանա այն դեպքում միայն,երբ դոդերը,լֆիկները,սաշիկները և այլն կաշխատեն օրինական դաշտում, այսինքն կվճարեն հարկերը,մարդկանցից չեն խլի բիզնեսները և այլն:

  2. karen says:

    Քամի է:Վերացրեք օլիգարխիան,իսկ օլիգարխը ինքն իր դեմ դուրս չի գա:Ազնիվ մարդը նախ կասեր մոնոպոլիան վերացնենք, թե չէ ոչինչ չասող կետեր եք գրել ինչ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930