Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Օհանյան. «Երբեւէ հիշո՞ւմ եք նման ժամանակաշրջան, որ բյուջեն բավականացնի»

Ապրիլ 15,2014 15:16

Aravot.am-ը Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանից, որը նաեւ երկար տարիներ զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի պաշտոնը եւ ՀՀԿ անդամ է, հետաքրքրվեց, թե Երեւանի քաղաքապետարանն ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանից, պարոն Օհանյանն ասաց՝ լավ:

Մեր ճշտող հարցին, թե ինչ խնդիրներ կան, որոնք ակնկալում եք, որ կլուծվեն այս վարչապետի օրոք, արդյոք բյուջեն բավարարո՞ւմ է մայրաքաղաքի հարցերը լուծելուն, փոխքաղաքապետ Օհանյանն ասաց. «Գիտեք, որ Երեւանն ընտրական մարմին է եւ հանդիսանում է առանձին համայնք, դրա համար, կարծում եմ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի»:

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա Դավիթ Օհանյանն այսպես պատասխանեց՝ երբեւէ հիշո՞ւմ եք նման ժամանակաշրջան, որ բյուջեն բավականացնի:

Այսօր պարոն Օհանյանը Երեւանի քաղաքապետարանում ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու առողջապահական եւ սոցիալական ոլորտներում կատարված աշխատանքները եւ ամփոփելու կանանց մեկամսյակի առիթով կազմակերպված բուժօգնության արդյունքները:

Պարոն Օհանյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը տղամարդ քաղաքացիներից բողոքներ է ստացել՝ պահպանել գենդերային հավասարությունը եւ միայն կանանց համար չկազմակերպել անվճար հետազոտվելու եւ բուժօգնություն ստանալու հնարավորություն: Պարոն Օհանյանը հայտնեց, որ ամռանն էլ տղամարդկանց համար կկազմակերպեն համանման ակցիա:

Նշենք, որ կանանց տոնի առիթով՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը, կանանց համար կազմակերպվել էր անվճար ակցիա, ինչի շրջանակներում կանայք կարող էին հետազոտվել եւ բուժվել:

Փոխքաղաքապետի տվյալներով, ակցիային մասնակցել են 26 հազար 144 կին, որից 1319-ը վիրահատվել են: Ներկայումս հերթագրված են 619 կին: Կանայք վիրահատվել են օնկոլոգիական, գինեկոլոգիական, ակնաբուժական հիվանդություններով:

Դավիթ Օհանյանը հայտնեց, որ այսօր գովազդի օրենքին հակասող գովազդային վահանակներ չունենք: Նաեւ հայտնեց, որ արտաքին գովազդային վահանակներին ոչ միայն կոմերցիոն գովազդ է տեղադրվում, այլ նաեւ սոցիալական: Մեր հարցին, թե քանի՞ տոկոսն է կազմում սոցիալական գովազդը, պարոն Օհանյանն ասաց, որ հստակ, նման վիճակագրություն չկա, բայց ինչպես վստահեցրեց քաղաքապետարանի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, օրենքով նախատեսված է արտաքին գովազդի հինգ տոկոսը, սակայն ներկայիս դրությամբ, սոցիալական գովազդը քսան տոկոսից էլ ավել է մայրաքաղաքում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930