Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Փիլիպոսյան. «Ոչ մի խոշոր ընկերություն չունի արհմիություն, նրանց ձեռնտու չի դա»

Մայիս 01,2014 14:56

«Այսօր մեր ժողովուրդը արհմիությունների դերին մատների արանքով են նայում»,- խոսելով արհմիությունների դերի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը: Նա պարզաբանեց, որ այդ ինստիտուտը պետք է կարգավորի գործատուի եւ աշխատավորների միջեւ եղած սոցիալական եւ իրավական հարաբերությունները:

«Մենք ունենք այնպիսի արհմիություն, ինչպիսի երկիր: Այո, այսօրվա արհմիություններն այն չեն, ինչ որ սպասում ենք»,- ասում է պարոն Փիլիպոսյանը, նշելով, որ Հայաստանում գործող արհմիություններն իրենք պաշտպանված չեն:

Գործատու, ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը նույնպես կարեւորեց արհմիությունների դերը, չնայած նրան, որ իր ընկերությունում արհմիություն չունի: Նա նշեց, որ դրանք լուրջ դեր կարող են խաղալ գործատու- աշխատող հարաբերություններում:
Միքայել Փիլիպոսյանն էլ ավելացրեց. «Այսօր ո՞ւր գնանք ու ասենք, որ մեր իրավունքները խախտված են: Արհմիության հետ միասին գործատուն կարող է շատ հարցեր լուծել»: Պարոն Փիլիպոսյանը միեւնույն ժամանակ մատնանշեց, որ պետականորեն չի խրախուսվում այդ ինստիտուտի զարգացումը, նաեւ նկատեց, «Ոչ մի խոշոր ընկերություն չունի արհմիություն, նրանց ձեռնտու չի դա»:

Մեր հարցին՝ որո՞նք են գործատուի կողմից իրականացվող հիմնական խախտումները, պարոն Փիլիպոսյանը պատասխանեց. «Հիմնականում աշխատանքային պայմանագրերի հետ կապված խնդիրներն են: Լինում են դեպքեր, որ աշխատողի հետ աշխատանքային պայմանագրիր չի կնքվել, աշխատողն ազատվում է, գալիս է ինձ մոտ, առանց պայմանագրի, ի՞նչ պետք է անել»: Նա նկատեց, որ ստվերային մասը Հայաստանում հսկայական չափերի է հասնում, ընկերությունները աշխատանքային պայմանագրեր իրենց բոլոր աշխատողների հետ չեն կնքում:

Մեր մյուս հարցին՝ ո՞ր ճյուղերում են աշխատողները հետեւողական՝ իրենց աշխատանքային իրավունքների վերականգնման հարցում, պարոն Փիլիպոսյանը պատասխանեց՝ պետականում՝ պայմանավորված լինելով նրանով, որ պետական հաստատություններն ունեն արհմիություններ, որոնց գործունեության համար գումարը պետականորեն գանձվում է:

Այն հարցին, թե արդյոք աշխատողները պատրա՞ստ են արհմիությունների համար գումար վճարել, երկու բանախոսներն էլ նշեցին, որ աշխատողներն այնքան քիչ աշխատավարձ են ստանում, որ նրանց համար էլ գուցե ցանկալի չլինի արհմիության համար լրացուցիչ գումար վճարելը:

Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին՝ պարոն Փիլիպոսյանն ասաց. «Այդ պարտադիր կոչված բաղադրիչը պետք է դուրս գա, այն հակասահմանադրական է»: Նա օրենքի «պարտադիրին» վերաբերող կետը համարեց աշխատավորների իրավունքի ոտնահարում եւ նշեց, որ ինքը բազմից խոսել է դրա մասին:
Մեր հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն նոր կառավարությունից, պարոն Փիլիպոսյանը պատասխանեց. «Նոր կառավարությունից որեւէ ակնկալիքներ չունեմ»:

Անհատ ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանն էլ նոր կառավարության մասին ասաց. «Ես կարծում եմ՝ արդեն հարցը հասունացել է: Նորանշանակ վարչապետը մեծ ուշադրություն է դարձնում մանր ու միջին բիզնեսի զարգացմանը»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Արհմիությունները ամբողջությամբ ավելորդ օղակ են, երբ կազմակերպության ղեկավարը նվիրված է իր կոլեկտիվին ու գործում է օրենքների շրջանակում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031