Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցր տեսիլք. «Հայկական ժամանակ»

Մայիս 07,2014 11:41

Եթե դուք այս տարվա հունվարից մարտ ամիսներին խանութներից շաքարավազ եք գնել, ապա դա իլյուզիա է՝ տեսիլք։ Նման բան չէր կարող լինել։

Չէր կարող լինել, որովհետեւ այդ երեք ամիսներին Հայաստանում ոչ շաքարավազ է արտադրվել, ոչ էլ ներկրվել է։ Դեռ մի 100 տոննա էլ արտահանվել է։ Ահա այդպիսի պատկեր է ստացվում, եթե ուսումնասիրում ենք Հայաստանում պաշտոնապես հրապարակված խիստ պաշտոնական տվյալները։

Այսպես. ՀՀ պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակեց ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ իր ունեցած պաշտոնական ցուցանիշները։ Ըստ այդ ցուցանիշների, 2014 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ներկրվել չնչին քանակությամբ շաքար, փոխարենը ներկրվել է 30 հազար 800 տոննա շաքարի հումք։ Խնդիրն այն է, որ ներկրված շաքարի մաքսային արժեքը կազմել է ընդամենը մոտ 470 դոլար մեկ տոննայի դիմաց։ Իսկ այդ գնով, ինչպես վերջերս պաշտոնապես պարզաբանել էր պետեկամուտների կոմիտեն, ներկրվում է միայն շաքարի հումքը։ Պատրաստի շաքարը, ըստ այդ պարզաբանման, ներկրվում է մոտ 950 դոլար մաքսային արժեքով։ Եվ ուրեմն, Հայաստան պատրաստի շաքար գրեթե չի ներկրվել։ Իսկ գուցե արտադրվե՞լ է։ Սա պարզելու համար ուսումնասիրենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած պաշտոնական տեղեկանքը. «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2014 թ. հունվար-մարտ» զեկույցի վեցերորդ էջի հենց մեջտեղում արձանագրվել է, որ Հայաստանում նշված ժամանակահատվածում շաքարավազ չի արտադրվել ընդհանրապես։ Եվ ուրեմն՝ շաքարավազ չի արտադրվել, չի ներկրվել, իսկ գուցե նախանցած տարի շատ են արտադրել կամ ներկրել ու մնացել է այնքան, որ բավարարել է այս տարվա առաջին երեք ամիսների համա՞ր։ Այս հարցի պատասխանը եւս զետեղված է խիստ պաշտոնական փաստաթղթերում։ ՀՀ ՊԵԿ տեղեկանքների համաձայն, անցած տարի Հայաստան է ներկրվել 5 հազար տոննա շաքարավազ եւ 74.8 հազար տոննա շաքարի հումք։ Իսկ այդ շաքարի հումքից, ըստ ԱՎԾ-ի տվյալների, արտադրվել է 69.6 հազար տոննա շաքարավազ՝ ճիշտ այնքան, որքան 2012 թվականին։ Ներկրվածն էլ եղել է այնքան, որքան 2012 թվականին։ Այսինքն՝ լրացուցիչ շաքարավազ 2013 թվականին Հայաստանում չի եղել։ Իսկ շաքարավազի միջին եռամսյակային պահանջարկը կազմում է մոտ 20 հազար տոննա։ Ամփոփենք. պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում շաքարավազ չի ներմուծվել, չի արտադրվել։ Անցած տարվանից մնացորդ չի եղել, քանի որ անցած տարի արտադրվել եւ ներմուծվել է ճիշտ այնքան, որքան նախորդ տարի։ Այսինքն՝ մեր խանութներում շաքարավազ չպետք է լիներ։ Բայց մեր խանութներում այս երեք ամիսների ընթացքում երբեք շաքարավազը անհետացած չի եղել։ Համենայն դեպս, որեւէ ահազանգ այդ մասին չի հնչել։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ այս երեք ամիսների ընթացքում սպառվել է մոտ 20 հազար տոննա շաքարավազ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031