Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կինոթատրոն Երեւանում

Մայիս 09,2014 17:01

Մայիսի 9-ին, «Արտ Կանազ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ կինոթատրոնի բացման արարողությունը, որի կապակցությամբ այսօր կինոցուցադրումներն անվճար էին:
«Արտ Կանազ» մշակութային կենտրոնի ստեղծագործական գծով փոխտնօրեն Արմեն Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տարիներ առաջ այս մշակութային շենքում կինոներ են ցուցադրվել, եւ այդ իսկ պատճառով միտք է առաջացել վերաբացել կինոթատրոնը:

Առաջիկայում կինոթատրոնում ցերեկային ժամերին ցուցադրվելու են հայտնի մանկական ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, իսկ երեկոյան ժամերին՝ հայտնի եւ սիրված ֆիլմեր: Կինոնկարները ցուցադրվելու են օրը 4 սեանսով՝ 14:00-ին, 16:00-ին, 18:00-ին եւ 20:00-ին, իսկ տոմսերի գինը չի գերազանցելու 500 դրամը: Մշակույթի կենտրոնում արդեն գործում է 350 տեղանոց 1 դահլիճ, իսկ հունիսի 1-ին բացվելու է 100 տեղանոց մեկ այլ դահլիճը:
Կինոթատրոնն ունենալու է նաեւ իր շաբաթաթերթը, որից հանդիսատեսը հնարավորություն կունենա տեղեկանալ կինոթատրոնի առաջիկա ծրագրի եւ նոր կինոնկարների մասին:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են ընտրվելու կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերը, Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ բացառապես հաշվի են առնելու հանդիսատեսի ցանկությունը.

«Ծրագրերը կազմելուց՝ հաշվի ենք առնելու հասարակության կարծիքը. կարծիքները հավաքում ենք մեր ֆեյսբուքյան էջով, էլեկտրոնային փոստով, հեռախոսազանգերով: Սոցիալական ցանցերում հարցումներ ենք անում, թե ով ի՞նչ ֆիլմ է սիրում, ի՞նչ ֆիլմ ցուցադրենք, որ չկարողանաք չգալ եւ ստացել ենք պատասխաններ, ի դեպ, այս պահի դրությամբ ամենաշատ ձայներ է հավաքել «Մայրիկ» ֆիլմը»:

Պարոն Գեւորգյանի խոսքերով՝ կինոթատրոնը թաղամասի բնակիչների եւ այն զույգերի համար է, որոնք պատրաստ չեն գնալ մեծ ծախսերի, եւ իրենք չեն ցանկանում մրցակցության մեջ մտնել Երեւանում գործող կինոթատրոնների հետ, քանի որ նրանք հրաշալի են կատարում իրենց գործը, իսկ իրենք դեռ նոր են այդ ոլորտում:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Արմեն Գեւորգյանը նշեց, որ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, անվճար կինոցուցադրություն է լինելու երեխաների համար: Նրանք հնարավորություն կունենան անվճար դիտել 3D մուլտֆիլմ:
Նա նաեւ մեզ հայտնեց, որ ցանկության դեպքում իրենց դահլիճները կարող են տրամադրել երիտասարդ ռեժիսորներին, կինոսիրողներին, ովքեր ցանկություն ունեն ցուցադրել իրենց նկարած կամ հավանած ֆիլմերը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031