Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը կանգնած է «ռազմավարություններն ամուսնացնելու» խնդրի առջեւ

Մայիս 16,2014 15:15

«Ես զարմանում եմ, որ դուք կարծում եք, թե մենք կառավարությանը որեւէ առաջարկ կուղարկենք: Ճիշտ է, մեզ զանգահարել է Դավիթ Հարությունյանը, խնդրել է մեզ տրամադրել առաջարկներ ՀԱԿ-ի կողմից. ես իրեն պատասխանել եմ, որ մենք այս իշխանությունների հետ համագործակցելու, նրանց որոշումների կամ որոշումների նախապատրաստման պատասխանատվությունը կիսելու որեւէ ցանկություն չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` կառավարության ծրագրի վերաբերյալ ՀԱԿ-ի կողմից առաջարկներ ներկայացրե՞լ եք, պատասխանեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ-ն ընդհանրապես մերժում է «կեղծ ՀՀԿ-ական մեծամասնության» իրավունքը` Հայաստանում կառավարություն ձեւավորելու. «Ո՞ւր մնաց՝ ներկայացնենք այդ ոչ լեգիտիմ, կոռումպացված կառավարությանն ինչ-որ ծրագրային առաջարկներ: Նրանք ի վիճակի են ներկայացնել միայն Հայաստանը թալանելու, կեղեքելու ծրագիր: Եթե այդ առումով են առաջարկներ ուզում` մենք իրենց ոչնչով օգնել չենք կարող, որովհետեւ իրենցից ավելի հմուտ վարպետներ` բարձրագույն կվալիֆիկացիայի, Հայաստանում դժվար է գտնել: Այդ գործում մենք չկանք»:

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակի երկու ուժերը` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, իրենց առաջարկներն արդեն ուղարկել են քառյակին: ՀԱԿ-ից բացի՝ քառյակից կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկներ չի ներկայացնի նաեւ «Ժառանգությունը»: «Իմաստը չկա»,- «Առավոտի» հարցին պատասխանեց խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Քառյակի մոտեցումները բաժանվեցին նաեւ «կուտակայինի» օրենքի՝ կառավարության ներկայացրած լրամշակված նախագծի դեպքում` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ ձեռնպահ քվեարկեցին` հնարավորություն տալով կառավարությանը մինչեւ երկրորդ ընթերցում հաշվի առնել նաեւ իրենց առաջարկներն ու բարեփոխել օրենքը: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» անդրդվելի մնացին: Այս սկզբունքային տարաձայնությունները կարո՞ղ են քառյակի ապահարզանի առիթ դառնալ` «Առավոտի» հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մարտի մեկին, երբ մենք առաջարկեցինք ՀԱԿ-ի ռազմավարությունը` այս իշխանությունից ազատվելու, Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու վերաբերյալ, ու միավորենք այն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ռազմավարության հետ, որոնք պահանջում էին կառավարությանն անվստահություն հայտնելը, դա մեզ հաջողվեց: Մեզ համար դա ընդամենն էտապ էր: Այդ առաջին էտապն արվեց: Բնական է, որ հիմա նորից խնդիր է կանգնած` ռազմավարություններն ամուսնացնելու: Այդ խնդրով մենք զբաղված ենք, եւ պետք չէ այն հանգամանքը, որ դեռ չունենք միասնական ռազմավարություն, հռչակել որպես քառյակի մահ: Նման բան գոյություն չունի: Քառյակը կայացած քաղաքական դաշինք է, որը, մեր կարծիքով, ունի լուրջ պոտենցիալ: Ուղղակի պետք է հետեւողականորեն աշխատենք, որպեսզի նորից գտնենք ընդհանուր եզրեր` միասնական քաղաքական ռազմավարություն իրականացնելու նպատակով»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խոշոր ձեռնարկությունների պարտադիր աուդիտը հանելու կառավարության նախաձեռնության մասին ՀԱԿ-ի մոտեցումներին ծանոթացեք www.aravot.am կայքում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031