Լրահոս
Օրվա լրահոսը

Դատում են Պուտինի դեմ միտինգ արած «ագրեսիվ երիտասարդին» (Տեսանյութ) 

Մայիս 19,2014 15:52

Այսօր Շիրակի մարզի վարչական դատարանում, դատավոր Էդուարդ Նահապետյանի նախագահությամբ, լսվեց ոստիկանության հայցը՝ ընդդեմ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի, որը դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ մայրաքաղաքում մասնակցել է զանգվածային բողոքի ակցիային`ընդդեմ մեր երկրի «անկախության զավթմանն ու զիջմանը»: Ոստիկանությունը դատարան ներկայացրած իր հայցում գտնելով, որ Լևոն Բարսեղյանը «ագրեսիվ» պահվածք է ցուցաբերել ու մյուս միտինգավորների հետ չի կատարել ոստիկանության օրինական պահանջը. փակել է Ամիրյան փողոցը, դիմել է դատարան`պահանջելով նրան ենթարկել 50 հազար դրամ վարչական տուգանքի:

dahlich

Ի դեպ, Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ոստիկանությունը 80 միտինգավորի դեմ հայց է ներկայացրել՝ հետագայում հրաժարվելով մոտ 30 հայցերից:
Որպես պատասխանող` մայրաքաղաքից այսօր դատարան էր ներկայացել ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի ավագ իրավախորհրդատու, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Մելիքյանը: Վերջինս առարկեց տեսաձայնագրումը` բավական տարօրինակ պատճառաբանությամբ: Ըստ տիկնոջ, ինքը չի ուզում, որ իրեն լուսանկարեն կամ նկարահանեն, որպեսզի այդ տեսանյութերը չհայտնվեն հանկարծ սոցիալական ցանցերում ու իր անձը չդառնա տարաբնույթ քննարկման առարկա: «Մեկնաբանության առիթ է դառնում ոչ թե նյութի բովանդակությունը, այլ `ես: Իմ վերջին մի քանի ամիսների փորձն է ցույց տվել»,- ասաց ոստիկանության փոխգնդապետը:

Լևոն Բարսեղյանը նրան հակադարձեց `հիշեցնելով, որ այս գործը հանրային նշանակություն ունի: «Սերժ Սարգսյանի միլիցիք դեկտեմբերի 2-ին հնարավորություն չունեցան բռնանալ Սահմանադրությանը , հիմա էլ ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարողանում հիմնավորել` ինչո՞ւ է դեմ տեսաձայնագրությանը: Միլիցիք ծառայում են բռնազավթված ռեժիմին, ոչ թե ժողովրդին», – ասաց Լևոն Բարսեղյանը:
Այդուհանդերձ դատարանը մերժեց պարոն Բարսեղյանի միջնորդությունը:
Լևոն Բարսեղյանը միջնորդություն ներկայացրեց նախնական դատական նիստը հետաձգելու մասին, քանի որ նրա պաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Անի Վարդանյանը այլ դատական նիստերի են մասնակցել` չկարողանալով ներկայանալ այս դատական նիստին:

Ոստիկանության փոխգնդապետ Սոնա Մելիքյանն առարկեց այս միջնորդությանը` նշելով, որ ինքը բազմազբաղ է, 80 նիստի պիտի մասնակցի, այսինքն` օրական 8-9 նիստի, և չի «կարա» հասցնի: Լևոն Բարսեղյանը տիկնոջը սկսեց գրական հայերենի դասեր տալ` ասելով. «Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական լեզուն հայրենն է, հայցվորը «կարա» բառի փոխարեն պիտի օգտագործի «կարող եմ»: Ի՞նչ անենք, թե ոստիկանության ներկայացուցիչը Երևանից է գալիս, ես էլ դեկտեմբերի 2-ին Գյումրիից էի գնացել Երևան, էն էլ բռնեցին, տարան մենթովկա: Միջնորդությունս պնդում եմ, անցած դատական նիստին էլ դուք չէիք եկել, բայց մենք համբերեցինք»:

Դատավոր Էդուարդ Նահապետյանն էլ իր հերթին շարունակեց պարոն Բարսեղյանի խոսքը` նշելով. «Մենք նայում ենք՝ միջնորդությունը օրենքի՞ց է բխում, թե՞ ոչ, թե չէ այստեղ ձեր զբաղվածությունը կապ չունի: Անցած անգամ էլ դուք չէիք ներկայացել, չէ՞, բայց պատասխանող կողմը ըմբռնումով մոտեցավ»:

Դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց:

Իսկ թե ի՞նչ էր տեղի ունեցել Երևանում դեկտեմբերի 2-ին,   դիտեք տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Markar says:

    Հա դե ով չգիտի, ով եթե օբաման գար լևոն բարսեղյանը սաղին ոտքի կհաներ, որ դիմավորեին նրան, իսկ որ Պուտինն էր գալիս , նա պետք է մի ցեխ շպրտի էլի, երևի Լևոնի դուրը շատ է գալիս, որ Օբաման սաղ աշխարհը սկսած Սիրիայից մինչև Ուկրաինա իրար է խառնում, Եգիպտոս, Լիվիա, Վիետնամ,, Սովետ Միություն, Աֆղանստան, Հարավսլավիա-սաղ Ամերիկայի քանդելու քաղաքականությունը չէ? դեմոկրատիայի անվան տակ? դե Լևոնն էլ դրան սատարողն է էլի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031