Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խմբի հայտարարությունը

Մայիս 30,2014 17:53

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի` երեխաների խնամքի և Թուրքիա տեղափոխելու հավանակության թեմային նվիրված թողարկման նկարահանմանը մասնակցելու համար որպես հյուր հրավիրված փաստաբան Սուսաննա Մխիթարյանը «Ա-ԹԻՎԻ» (ATV) հեռուստաընկերության, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խմբի և բարեգործական հիմնադրամի հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ է տարածում զանգածային լրատվության միջոցներով և պահանջում է տեսագրված հաղորդումը եթեր չհեռարձակել: Մասնավորապես`
• Սուսաննա Մխիթարյանը հայտարարում է, թե հաղորդումը նախապես կազմակերված շոու էր, որի ընթացքում իր և քաղաքապետարանի ներկայացուցչի հասցեին, իբր, լուտանքներ, սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչել, որոնք ուղղորդել է հեռուստաալիքի հաղորդավար Հրաչ Մուրադյանը:
• Սուսաննա Մխիթարյանը հաղորդման կազմակերպիչներին մեղադրել է շովինիզմի, ազգայնամոլության, Թուրքիայի դեմ թշնամանքի, սպանության գովերգման մեջ, մինչդեռ տեսագրված հաղորդումը վերաբերում էր երեխաների խնամքի խնդրին և խնամքի վերաբերյալ կայացված որոշմանը, հետագայում Թուրքիա տեղափոխելու հավանականությանը: Նման մեղադրանքները հստակ վիրավորանք են, որոնք ուղղված են հաղորդման կազմակերպիչ հեռուստաընկերությանը և հաղորդավարին: Նման մեղադրանքները վնասում են հեռուստաընկերության բարի համբավը, ստեղծագործական խմբի անդամների պատիվն ու արժանապատվությունը:
• Սուսաննա Մխիթարյանը հայտարարել է նաև, թե իբր թողարկման տեսագրության ընթացքում իր դեմ բռնություն կիրառելու սպառնալիքներ են հնչել: Այս հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ թողարկման տեսագրության ընթացքում նման որևէ միջադեպ տեղի չի ունեցել:
• Սուսաննա Մխիթարյանը հաղորդման տեսագրության ընթացքում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հաղորդման մասնակից երիտասարդի հասցեին` եղբորն ու քրոջը կասկածելով անբարոյական հարաբերությունների մեջ:
• Որպես Սուսաննա Մխիթարյանի որդի և դուստր ներկայացած անձինք հաղորդավար Հրաչ Մուրադյանին ուղարկել են մի շարք նամակներ, որոնք Հրաչ Մուրադյանի հասցեին վիրավորանքներ ու բռնության սպառնալիքներ են պարունակում:
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը հերքում է Սուսաննա Մխիթարյանի անհիմն մեղադրանքերը և պնդում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշրի տվյալ թողարկումը նպատակ ունի օբյեկտիվ ներկայացնել խնդիրը, բաց և հանրային քննարկումների շնորհիվ լուծումներ գտնել և օգնել մարդկանց:
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին կոչ է անում հրապարակային ներողություն խնդրել հեռուստաընկերությունից և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հաղորդավար Հրաչ Մուրադյանից: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին կոչ է անում հերքել իր իսկ տարածած հերյուրանքները, որոնք նշված են այս հայտարարության տեքստում:
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը մտադիր է դիմել ՀՀ փաստաբանների պալատ` փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտման համար Սուսաննա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը մտադիր է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի հասցեին վիրավորանքներ հասցնելու, սպառնալիքներ տարածելու և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խաչընդոտելու հատկանիշներով:

Եթե փաստաբան Սուսաննա Մխիթարյանը ողջամիտ ժամկետում չբավարարի այս հայտարարության մեջ նշված պահանջները և շարունակի իր հակաօրինական վարքագիծը, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը ստիպված կլինի դիմել դատական պաշտպանության` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:

Տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա թողարկումը եթեր կհեռարձակվի «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերության եթերով սույն թվականի հունիսի 2-ին և 3-ին` ժամը 20:30-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031