Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշալի» հրեշավորություն. «Ժամանակ»

Հունիս 06,2014 10:21 Share

Հայաստանում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել քաղաքական կամ այսպես կոչված` քաղաքական առումով: Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորում է ՀԱԿԿ-ն, հանդես է եկել հոդվածով, որում խիստ քննադատության է ենթարկել Հովիկ Աբրահամյանին, նրան որակել որպես Հայաստանի թալանի պատասխանատուներից մեկը և Գագիկ Ծառուկյանին էլ, ըստ էության, կոչ արել չխաբվել նրան:

Մի կողմ թողնենք այն, որ առնվազն տարօրինակ է հայաստանյան իշխող համակարգի կարկառուն դեմքերից մեկին թալանչի որակելը, իսկ միևնույն համակարգի մեկ այլ կարկառուն դեմքի զգուշացնել նրան չխաբվելուց: Անդրադառնանք հարցին, որ ՀԱԿԿ-ն մեկն է այն չորս ոչ իշխանական ուժերից, որոնք մի քանի օր առաջ հայտարարեցին Հովիկ Աբրահամյանի կառավարությանը 12 կետանոց ինչ-որ պահանջներ ներկայացնելու մասին, որոնց կատարմանը սպասելու են մինչև աշուն:

Առնվազն տարակուսելի է, որ քաղաքական ուժը միանում է կառավարությանը ներկայացվող 12 կետանոց պահանջագրին և հայտարարում մինչև աշուն ժամանակ տալու մասին, իսկ տվյալ ուժի առաջնորդը մյուս օրը հոդվածով է հանդես գալիս և հայտարարում, որ կառավարության ղեկավարը թալանչիներից մեկն է և նրան նշանակել են ամեն ինչ շարունակելու համար: Այսինքն` ըստ էության ստացվում է, որ ՀԱԿԿ-ն, որի առաջնորդը նման հայտարարություններ է անում, 12 կետանոց պահանջ է ներկայացրել թալանչիներին և սպասելու է, որ թալանչիները կատարեն այդ պահանջները՝ առնվազն մինչև աշուն սպասելու է: Այս ամենն առավել քան տարակուսելի է և արտացոլում է հայաստանյան ներկայիս քաղաքական ողջ իրականությունը:

Մի կողմից առաջնորդն ասում է թալանչի են, ոչինչ չի փոխվելու, մյուս կողմից` պահանջագիր են ներկայացնում ու սպասում են փոփոխությունների: Այս օրինակի վրա ընդհանրացվող պատկերից պարզ է դառնում, թե ինչու Սերժ Սարգսյանը կարող է ամբողջ Հայաստանը հանել արտաքին աճուրդի և որևէ կերպ խնդիր չի ունենա հանրապետության ներսում, որովհետև խնդիրներ հարուցելու համար պետք է քաղաքական կյանք, իսկ քաղաքական կրկեսում խնդիրներ չեն լինում՝ լինում են տեսարաններ: Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական կյանքի առանձնահատկությունն այն է, որ եթե հին Հռոմում «հաց կամ տեսարաններ» բանաձևը իշխանությունների բանաձևն էր, ապա այսօր այդ բանաձևը Հայաստանում նաև, այսպես ասած, ոչ իշխանականների բանաձևն է: Այսինքն` ոչ միայն իշխանություններն են հասարակությանը տեսարանների վրա նստեցրել, այլ նաև ոչ իշխանական ուժերը, որոնց համար առանցքայինը քաղաքական անցուդարձի պատրանքն է: Նման իրավիճակի, նման քաղաքական մրցակիցների կամ հակառակորդների մասին Սերժ Սարգսյանը կամ նրա վիճակում և նրա որակներն ունեցող գործիչը, որ նախագահի պաշտոնին է, ուղղակի կերազեր: Եվ պատահական չէ, որ ինչքան «հուժկու» և վճռական է դառնում նման մրցակցային ճամբարը, այնքան ավելի ցինիկ և անբռնազբոս են դառնում հանրապետականները:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30