Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնում են իշխանությունները, ոչ թե հանրային ծառայությունները կարգավորող մարմինը»

Հունիս 25,2014 15:07

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքերով, եթե էլեկտրաէներգիան թանկացնում են ճեղքվածքի պատճառով, ապա կարող են, ինչպես մյուս դեպքերում են անում, վարկ վերցնել եւ փակել այդ առաջացած ճեղքվածքը. «Ինչո՞ւ պետք է ամեն ինչի համար սպառողը պատասխան տա եւ վճարի: Սպառողը շուկայի արքան ու թելադրողն է»:

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տիկին Հակոբյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը չի մասնակցել Ազգային ժողովում թանկացման վերաբերյալ քննարկումներին, քանի որ կարծում է, որ ոչինչ հնարավոր չէր լինի փոխել: Մելիտա Հակոբյանի խոսքերով՝ ամեն ինչ երկրում ցանկանում են եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել, սակայն բնակիչների աշխատավարձերն ամենեւին էլ եվրոպական չեն. «Անգամ ԱՊՀ տարածքի ստանդարտներին չեն համապատասխանում: Մեր քաղաքացիները ֆոկուսնիկներ են. ստանում են 30 հազար դրամ աշխատավարձ, իսկ ձմռանը գազի եւ էլեկտրաէներգիայի համար վճարում են 70 հազար դրամ»:

Տիկին Հակոբյանը մտավախություն ունի, որ թանկացումներին զուգահեռ փոքր ու միջին բիզնեսը մեծ վնասներ կկրի եւ անգամ կվերանա. «Սա բացասական հետեւանքներ կունենա տեղական արտադրողների վրա, այս կերպ ներկրողների ջրաղացին են ջուր լցնում»:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանի կարծիքով՝ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ թե հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախաձեռնությամբ է կատարվում, այլ իշխանությունների հանձնարարությամբ. «Իշխանությունները չեն համարձակվում միանգամից ասել, որ թանկացում են անում»: Պրն Հայթյանի կանխատեսմամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացման հետ մեկտեղ կթանկանան լայն սպառման ապրանքները, առաջին անհրաժեշտության սննդամթերքը եւ ծառայությունները. «Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո չի կարող էլեկտրաէներգիա օգտագործող կազմակերպությունը չթանկացնել իր ծառայությունները»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30