Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Ես էլ կուզեի իմանալ` ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը»

Հունիս 28,2014 14:50

«Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հ/կ ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե առաջին նախագահը ներկայացներ նաեւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի կանխման ճանապարհային քարտեզը:

– Վերջին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք մտահոգություններ էր արտահայտել` կապված «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի ձեւի, կարմիր գծանշումների, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հետ: Ձեր գնահատմամբ՝ դրանք իրակա՞ն մտահոգություններ են, թե՞ թաքնված նպատակներ կան դրանց ետեւում: Տարօրինակ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունները համընկնում են խորհրդարանական քառյակի` ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», 12 պահանջների հետ:

– Ռոբերտ Քոչարյանը բազմիցս փորձել է մտքեր արտահայտել նաեւ անեկդոտների ձեւաչափի մեջ, եւ դրանք, որպես կանոն, միշտ անհաջող են ստացվել կամ ոչ ընկալելի, շատ բռի, անտրամաբանական: Ես հիշում եմ 1999 թվականի սեպտեմբերի 21-ին իր պատմած վերջին անեկդոտը, Սարդարապատում: Այնտեղ ներկայացված էր հայության մի մեծ հատված, նաեւ Սփյուռքից. նստած էին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը: Նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանն էր, բայց ինքն այնքան անհարմար վիճակում էր իրեն զգում, որ փորձեց անեկդոտներով ցույց տալ, որ ինքը երկրի նախագահն է: Դա այնքան անհաջող ստացվեց, որ ողջ հայկական էլիտան մի պահ քար լռության մեջ չգիտեր` ծիծաղե՞ր, թե՞ ինչ աներ: Ու բոլորը միահամուռ ծիծաղեցին ոչ թե անեկդոտի բնույթի, այլ այն պատմողի վրա: Ռոբերտ Քոչարյանն այդ կոմպլեքսը հաղթահարելու ձեւեր միշտ փորձում էր գտնել. իշխանության մեջ իր գերակա իշխանությունը ցույց տալու ձեւեր էր փնտրում: Հիմա ինքն իշխանություն չի եւ անընդհատ, տարբեր ձեւերով, փորձ է անում, որպեսզի վերադառնա իշխանություն: Սա իր արտահայտման ձեւերից մեկն է:

2008 թվականի մարտի 1-ին իր հնչեցրած մտքերը բոլորովին այլ էին, նույնիսկ փետրվարի 29-ին էին իր հնչեցրած մտքերն այլ: Դրանից հետո նրա ձեւակերպումներն ու պատկերացումները դարձյալ այլ ձեւաչափի մեջ էին: Հիմա ինքը հայտնվել է ընդդիմադիր ձեւաչափի մեջ: Բնականաբար, այդ ձեւաչափում իրեն ցույց տալու եւ արտահայտելու համար իրեն միավորներ էին պետք: Այս պահին ես տեսնում եմ, որ դրա հիմնական հենքը հանդիսանում է նաեւ խորհրդարանական քառյակը: Ուստի պատահական չէ, որ քառյակի ներկայացրած կետերը եւ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մասնակի կետերը մեկը մյուսին կրկնօրինակում էին եւ հաստատում այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը քառյակի անբաժանելի մասն է եղել մինչեւ հիմա, եւ այսօր ինքը գտնում է նպատակահարմար, որպեսզի խաղաքարտերը կամաց-կամաց սկսի բացել: Եվ բացվում են: Այլ բան, որ կան ուժեր նաեւ իշխանության ոչ իշխանական թեւում, որոնց խնդիրն է այդ շղարշը պահելը: Քառյակում եղած բոլոր ուժերն էլ պետք է հերքեն, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեն, բայց նաեւ եկել է պահը, որ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է, որպեսզի քառյակի որոշ ուժեր, գոնե հիմա ասեն` լավ կլինի, որ Քոչարյանն էլ մասնակցի այս գործընթացին, որպեսզի երկիրն ավելի շուտ գա դրական փոփոխությունների:

Բայց երկիրն այս վիճակին հասել էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, եւ դրա մեղքի հսկայական բաժինն առաջին հերթին ունի Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանն այսօր, իհարկե, կարող է խոսել ինչ-որ բաների մասին, բայց նա պիտի մերժված լինի այնպես, ինչպես միշտ մերժված է եղել: Մեր հասարակությունը պիտի հետամուտ լինի ու ստանա այն հարցերի պատասխանները, որոնք իրեն միշտ հուզել են` ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, ո՞վ տվեց մարտի մեկին կրակելու հրամանը, ինչո՞ւ մեր երկիրը կորցրեց իր ինքնիշխանությունը, ինչո՞ւ երկրի ողջ տնտեսական ներուժը հանձնվեց ռուսական կողմին եւ նման այլ հարցեր: Իսկ թե կարմիր գծերն այսօր քաշում է «Սեքյուրիտի սերվիզը», թե՞ այլ ընկերություն, դրանք շատ հեշտ փոփոխվող խնդիրներ են, եւ դրա մասին չէ, որ այսօր ընդդիմությունը պետք է խոսի: Դրանով էլ պայմանավորված է այսօր մեր երկրի առջեւ կանգնած թիվ մեկ խնդիրը` իրական ընդդիմություն ունենալ եւ ընդդիմադիր դաշտ ձեւավորել:

– ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հնարավոր համարեց քառյակի եւ Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը: ՀՅԴ-ն, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն էր, դեռ սեթեւեթում է եւ չի խոսում նման համագործակցության հնարավորության մասին: ՀԱԿ-ի արձագանքը բավական կցկտուր էր. Արամ Մանուկյանը մի քանի նախադասությամբ մերժողական տրամադրություններ արտահայտեց: Ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը:

– Ես էլ կուզեի իմանալ` ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ես շատ կուզեի, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանն անպայման գնահատական տա Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերին: Ինչպես որ ներկայացրեց Հայաստանի կործանման` Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը, լավ կլիներ, որ առաջին նախագահը ներկայացներ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի կանխման ճանապարհային քարտեզը: Դա կարեւոր է, քանի որ հստակություն կմտնի ոչ իշխանական ուժերի ներսում, ինչն էլ հնարավորություն կտա, որպեսզի հասարակությունն էլ հասկանա` որտե՞ղ է իշխանությունը եւ որտե՞ղ է ընդդիմությունը: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մյուսները շարունակեն լռել, դա էլ հնարավորություն կտա մեր հասարակությանը պատկերացնելու` հասարակությունը մնացել է միայնա՞կ այսօրվա վատ իշխանությունների դիմաց, թե՞, այնուամենայնիվ, հնարավորություն ունի ունենալ այն առաջնորդող քաղաքական ուժը, որը երկիրը համակարգային փոփոխությունների տանելու հնարավորություն կտա:

– Աշնանը նախատեսված է քառյակի ամփոփիչ հանրահավաքը, որտեղ արդյունքները պետք է ամփոփվեն: Կարծում եք՝ մինչեւ աշուն այդ խնդիրները լուծվա՞ծ կլինեն:

– Իհարկե` ոչ: Ինչ-որ բան լուծված կլինի, ինչ-որ բան լուծված չի լինի. ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե իշխանությունը եւ իշխանության մաս կազմող ոչ իշխանական ուժերն ինչպես պետք է հարաբերվեն միմյանց հետ եւ ոնց են պատկերացնում հետագայում իշխանության փոփոխության խնդիրը: Այսինքն՝ մինչեւ 2017-18 թվականներն ինչպիսի՞ փոխհարաբերություններ պետք է ձեւավորեն, որպեսզի իշխանության ձեւավորման մեջ յուրաքանչյուրն իր ստանալիքը կարողանա ստանալ: Հիմա այդ գործընթացն է գնում: Ռոբերտ Քոչարյանն էլ չի ցանկանում այդ գործընթացից դուրս մնալ: Ինքն ուզում է ակտիվ մասնակցություն ունենալ: Իր համար մեկ խնդիրն է` իր անձի շուրջ ձեւավորված հարցերը փորձի մեղմել եւ ավելի մեծ ընդգրկում ունենալ հետագա մյուս գործընթացների մեջ: Այս պահի դրությամբ ինքն ակնհայտ բացահայտեց իրեն, որ բավականին մեծ մասնակցություն ունի քառյակի գործերին, եւ այսօր էլ քառյակի պահվածքը հուշում է հենց դրա մասին:

– Կարծում եք՝ համաձայնեցվա՞ծ են գործում:

– Մեծ հաշվով, ըստ էության՝ այո:

– Ինչպե՞ս է ՀԱԿ-ը հաղթահարելու մարտի մեկի էջը եւ բացեիբաց հայտարարելու, որ համագործակցում է Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Քար լռությամբ: Այն, ինչը որ հիմա անում է:

– Հավանական չե՞ք համարում, որ ՀԱԿ-ն, այնուհանդերձ, կլքի քառյակը, որ քառյակը կտրոհվի:

– Ոչ: ՀԱԿ-ը չի լքի քառյակը, որովհետեւ ՀԱԿ-ն ինքն է ընտրել այս ճանապարհը: Այս ճանապարհի ընտրության հարցում ընդդիմադիր դաշտում գործող շատ քաղաքական ուժեր, անհատներ, գործիչներ, հասարակական կազմակերպություններ լքեցին ՀԱԿ-ը: ՀԱԿ-ը կորցրեց շատ մեծ ներուժ: Հիմա ձեռք բերեց քառյակը: ՀԱԿ-ը եթե քառյակից հրաժարվի, ոչինչ չի ունենա՝ բացի ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունում ընդգրկված պատգամավորների մի մասից, որովհետեւ պառլամենտական ՀԱԿ խմբակցության պատգամավորների մի մասն էլ, ըստ էության, լքել է ՀԱԿ-ը: ՀԱԿ կուսակցությունն իր ձեւաչափում ընդգրկեց ՀՀՇ-ի մի սեգմենտը: Փոխելով անունը` մնաց միայն այդ դաշտի շրջանակներում եւ, ըստ էության, փորձում է մյուս ուժերի հետ մեկտեղ քաղաքական իմիտացիաների, խաբկանքների միջոցով հասնել մինչեւ 2017 թվականը, եթե հնարավորություն լինի` ավելի շուտ, ու խնդիրը լուծել ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականի կտրվածքով, այլ իշխանության մեջ որոշակի ձեւափոխումների հասնելու ճանապարհով: Եթե դա, իհարկե, ստացվի: Բնականաբար, ունենալով նաեւ Ռուսաստանից աջակցություն: Այս գործընթացները հենց այնպես չեն լինում. քառյակի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ մեկտեղ կա նաեւ Ռուսաստանի որոշակի ուժերի աջակցությունն այս գործընթացներին: Բայց արտաքին խաղացողների համար նպատակը ոչ թե ամբողջական եւ անմիջապես իշխանափոխությունն է, այլ վերահսկելի եւ ինքնիշխանությունն անընդհատ թուլացնող գործընթացները:

– Ռոբերտ Քոչարյանը խոսել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության մասին: Իր իշխանության տարիներին, երբ սահմանադրական փոփոխություններ էին իրականացվում, ընդդիմությունը շրջանառում էր այդ տարբերակը, բայց Ռոբերտ Քոչարյանը պատճառաբանեց, որ հասարակությունը դեռ չի հասունացել նման զարգացման համար: Հիմա հասունացե՞լ է:

– Ռոբերտ Քոչարյանը կարող է խոսել նաեւ մարդու իրավունքներից: Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչից կարող է խոսել: Նույնիսկ կարող է խոսել կենդանիների պաշտպանության հարցերով, բայց, բնականաբար, ոչ մեկը չի կարող մոռանալ, թե ինչպես էր ինքը սատկած առյուծի ականջները քաշքշում: Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչի մասին էլ կարող է խոսել` մոռանալով, որ մարդիկ չեն մոռացել, թե ինչի հասցրեց ինքն այս երկիրը հոկտեմբերի 27-ից հետո. ինքն ի՞նչ վիճակում էր, ի՞նչ զարգացումներ էին սպասում մեր երկրին, որովհետեւ ուներ լեգիտիմ, հասարակության կողմից ձեւավորված եւ մեծ ուժ ունեցող իշխանություն, որը գնում էր համակարգային փոփոխությունների, ի՞նչ տեղի ունեցավ, որի արդյունքում ողջ ազգային ունեցվածքը հափշտակվեց եւ փոշիացվեց տարբեր ուժերի, նաեւ իր անմիջական շրջապատի մասնակցության միջոցով:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի

«Առավոտ» օրաթերթ
27.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Իսկ ինչ եք ուզում,որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասի,երբ ամեն ինչն ընթանում է նախորոք մշակված պլանով: Նա հո չի կարող ժամանակից շուտ քարտերը բացել:Նա առայժմ ,,խորիմաստ,,լռում է: ՀՀՇ-ն մաֆիայից էլ կենսունակ է:Մեր ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում,որ երկրորդ նախագահի գործունեությանը (ներքին`ստոր պայմանավորվածության արդյունքում) չտրվեց ոչ քաղաքական,ոչ էլ իրավական գնահատական:Եվ եթե նրան հաջողվի կրկին զավթել նախագահական աթոռը- – թող ոչ մեկը չզարմանա ու չզայրանա:

  2. Ceyran says:

    Ինչ? տարբերություն ով է իշխանություն,ով ընդիմություն:Մեկ է՝իշխանությունները միշտ ամենավատն են լինելու,ընդիմությունը՝ամենաանկազմակերպվածը:Կարևորը,որ ժողովուրդը չմոռանա թե ով ով էր:Թե չէ մեր երկու նախորդները հույսները դնում են ընտրողների մոռացկոտության վրա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30