Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ կարող եք ՀՀԿ-ում տեսնել» (Տեսանյութ)

Հուլիս 02,2014 12:09

«Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» վարչության նախագահն է, քարտուղարը՝ Գայանե Աբասյանը, մամուլի խոսնակը՝ Դավիթ Սանասարյանը, միջազգային հարաբերությունների քարտուղարը Զարուհի Փոստանջյանն է: Արդեն իսկ վարչության՝ ձեզ հայտնի անդամները ապացուցում են այն փաստը, որ կուսակցության հետ կապված խնդիրներ չկան»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ «Ժառանգության» հասցեին համագումարից առաջ հնչած կարծիքները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանալու է կուսակցությունից, այնտեղ պատերազմական իրավիճակ է, որ կուսակցությունում ռուսամետներ են հայտնվել, կեղծ, թելադրված տեղեկություններ էին:

Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ ողջունում են համագործակցությունը խորհրդարանական չորս ուժերի հետ և ցանկություն ունեն նաև խորհրդարանական այդ համագործակցությունը ընդլայնել:

Aravot.am-ի հարցին՝ հակասություններ կա՞ն արդյոք իր և Զարուհի Փոստանջյանի միջև, քանի որ ինքը նշում է, թե ողջունում են համագործակցությունը քառյակի հետ, Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ քառյակ որպես այդպիսին գոյություն չունի, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դուք նկատի ունեք Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ԱՄՆ-ից: Եթե առանձին բառերի ետևից գնանք, նմանատիպ տպավորություն կարող է լինի, բայց Զարուհի Փոստանջյանի խոսքի ընդհանուր տրամաբանությամբ կարմիր թելով գնում էր այն միտք, որ խորհրդարանական ուժերի համագործակցությունը պետք է ընդլայնել»:

Մեր դիտարկմանը, ընդլայնում նկատի ունեն նաև քառյակի համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի՞ հետ, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ոչ միայն Քոչարյանի անունը կարող եք օգտագործել, այլև ցանկացած այլ գործչի: Քոչարյանի հետ համագործակցության որևէ օրակարգային հարց գոյություն չունի, դա իշխանությունների կողմից քաղաքականության դաշտ նետված հերթական կեղծ թիրախն է: Փորձում են քառյակին կապել Քոչարյանի հետ: Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ ԲՀԿ-ի ստեղծման ակունքներում լինելը, ապա ժամանակները և քաղաքական պրոցեսները փոխվում են: Առավել ևս կուսակցության հիմնադիրը և նախագահը եղել է Գագիկ Ծառուկյանը և այդպես էլ մնում է: Ժամանակ է անցել, շատ ջրեր են հոսել: Նույն ձևով Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ կարող եք ՀՀԿ-ում տեսնել, քանի որ ինքն է ասել, որ ՀՀԿ-ի ցուցակները հենց իր հետ են ճշտվել»:

Կապված քառյակի առաջարկած 12 կետերի հետ, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Պարզ է, որ այդ տասներկու կետերը կյանքի չեն կոչվելու, աշնանը մենք մեր քաղաքացիներին կկանչենք որևէ հրապարակ և իրենց մոտեցումները կտեսնենք որոնք են»:

Հարցին, չնայած խորհրդարանական ոչ իշխանական ուժերը առանձին դեպքերում պահանջում են իշխանափոխություն, սակայն 12 կետերում այդպես էլ այդպիսի կետ չընդգրկվեց, ուստի ո՞ր ուժն է դեմ եղել այդ կետին, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Խորհրդապահական քննարկումները չեմ բացահայտի: Խորհրդարանական չորս ուժերի համար իշխանափոխության հարցում տաբու գոյություն չունի»:

Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության ձգձգման մասին պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանը միանձնյա սխալ որոշում կայացրեց սեպտեմբերի 3-ին՝ իր իշխանությունը պահելու համար: Իսկ ՌԴ-ի խնդիրը ՀՀ-ին ասոցացումից կտրելն է, ինչը անընդունելի մոտեցում է ռազմավարական գործընկերոջ կողմից:Այժմ ոչ ՌԴ-ն, ոչ մյուս անդամ երկրները Հայաստանի անդամակցությամբ շահագրգռված չեն, չեն ցանկանում, որ մեկ ավելորդ ուտող հայտնվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031