Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ի՞նչ է նշանակում՝ «փոփոխությունների համար բաց»

Հուլիս 05,2014 14:45

«Ազատական կոլեկտիվիզմի» սկզբունքները

Եվրոպական սոցիալական հետազոտությունը, որը 2002 թվականից մի քանի փուլով անցկացվում է 30 երկրներում (այդ թվում նաեւ՝ Ռուսաստանում` այդ երկրի հեղինակավոր Համեմատական սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից), բավականին հետաքրքիր արդյունքներ է արձանագրել: Հարցումների ժամանակ ընտրվում է 10 արժեքային ցուցանիշ, որոնք այնուհետեւ միավորվում են երկու խոշոր հակադրությունների մեջ՝ «Պահպանում – Փոփոխությունների նկատմամբ բաց լինելը» եւ «Ինքնահաստատում – Մարդկանց եւ բնության հանդեպ հոգատարություն»:

Ռուսաստանցիները, ի տարբերություն հյուսիսեվրոպական եւ սկանդինավյան ժողովուրդների, ավելի շատ հակված են Պահպանմանն ու Ինքնահաստատմանը: Եվ այդ առումով նրանց ավելի մոտ են նախկին խորհրդային եւ միջերկրածովային երկրների ժողովուրդները: Սա հակասում է այն առասպելին, թե իբր խորհրդային կամ նախկին խորհրդային մարդկանց հատուկ է կոլեկտիվիզմի ոգին: Զուտ էմպիրիկ իրականությունը ցույց է տալիս, որ ճիշտ հակառակը՝ մեզանում ամեն մեկն իր համար է, հենց որ իր «գործերը դզվում են», մնացածներն իրեն բացարձակապես չեն հետաքրքրում:
Հայաստանում նման հետազոտություններ չեն անցկացվում, սակայն պարզ է, որ մենք արժեքային համակարգով մոտ կլինենք ռուսաստանցիներին: Այդքանով հանդերձ՝ թե՛ մենք եւ թե՛, հավանաբար, ռուսաստանցիները զուտ տեսականորեն չենք ուզում, որ մարդիկ մեր երկրներում «իրար ուտեն» կամ փչացնեն բնությունը: Հակառակը՝ մենք ցանկանում ենք, որ մեր երկիրն ավելի առաջադեմ լինի, որ մեզ մոտ ստեղծվեն նոր աշխատատեղեր, տեխնոլոգիաներ, նոր ապրանքներ եւ ծառայություններ: Բայց այդ ամենն անհնարին է՝ առանց փոփոխությունների համար բաց լինելու:

Հայաստանում կան գործիչներ ու մեկնաբաններ, որոնք «փոփոխությունների համար բաց» ասելով նկատի ունեն միայն հանդուրժողականությունը միասեռականների, տրանսվեստիտների, տրանսսեքսուալների եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ: Չգիտեմ, թե որքանով է այդ դիրքորոշումն անկեղծ (ենթադրում եմ, որ «գաղափարախոսները» միտումնավոր են խեղաթյուրում խնդիրը), սակայն պետք է երեւի ընդունել, որ դա կյանքի շատ փոքր սեգմենտ է, որը ոչ Եվրոպայում, ոչ էլ որեւէ այլ տեղ աշխարհում վճռորոշ դեր չի խաղում:

«Փոփոխություններ» ասելով՝ ես հասկանում եմ քաղաքական, տնտեսական, հոգեւոր փոփոխությունները, իսկ իրար մասին հոգ տանելու տակ հասկանում եմ սոցիալապես պատասխանատու վարքը, երբ դու, օրինակ, չես երազում, որ քո ավելի հաջողակ համաքաղաքացին սնանկանա եւ քեզ հավասարվի, այլ հակառակը՝ դու ես ձգտում հավասարվել նրան: Մեր տեսակի երկրներում նման մտայնությունը գալիս է այն մոլորությունից, որ ռեսուրսները սահմանափակ են, եւ եթե չհասնեն քեզ, ապա կհասնեն ուրիշին: Մինչդեռ եվրոպական (քրիստոնեական) ավանդույթը խոսում է այն մասին, որ ռեսուրսներն անսպառ են, եւ ավելին՝ դու ես այդ ռեսուրները ստեղծողը՝ հիշենք թեկուզ «Հինգ հազարի կերակրումը» առակը: Ահա թե որտեղից է գալիս արեւմտյան եվրոպացիների՝ իրար եւ բնության մասին հոգ տանելու պատրաստակամությունը: Մի խոսքով՝ առաջ տանել քո սեփական շահերը, հաշվի առնելով մնացածներինը՝ «ազատական կոլեկտիվիզմ»:

Նույն գաղափարախոսները հաճախ կրկնում են՝ «Հայաստանը Եվրոպա չէ»: Դա, հավանաբար, չի համապատասխանում հայաստանցիների զգալի մասի ձգտումներին: Եթե այդ մասը նույնիսկ փոքրամասնություն է կազմում, ապա դա առավել զարգացած, կրթված, հաջողությունների հասած փոքրամասնությունն է, նրանք են հենց նյութական եւ հոգեւոր ռեսուրս ստեղծողները, նրանց հետ «մշակութային կռվի» մեջ մտնելը խելամիտ չէ:
Չնայած հասկանալի է նաեւ հասարակության հիմնական վեկտորի «հակաեվրոպական» ուղղվածությունը: 25 տարի առաջ թվում էր, թե ինքնին ազատ շուկայական հարաբերություններ ներմուծելով՝ հնարավոր է ապրել այնպես, ինչպես ապրում են Ֆրանսիայում կամ Գերմանիայում: Բայց դա պատրանք էր. բացի շուկայական հարաբերություններից՝ պետք է հաստատել պետական համապատասխան կարգ, որն իր հերթին, կրկնեմ, պահանջում է քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր փոփոխություններ: Մարդիկ՝ կարծելով, որ նման կարգ պետք է հաստատվի իրենց կամքից անկախ, հոգնել են մշտապես «աութսայդերի» դերում հանդես գալուց եւ ենթադրում են, որ մենք երբեք չենք հասնի Եվրոպային, ու պետք էլ չի դրան ձգտել: Կողմնորոշումը, չափանիշները փոխելը, իջեցնելը հոգեպես ավելի հանգիստ վիճակ են ստեղծում:

Բայց մյուս կողմից՝ մարդը պետք է ունենա ինչ-որ մի հպարտանալու բան: Առաջ՝ խորհրդային շրջանում, մենք հպարտանում էինք մեր ազգությամբ, մեր ցեղով, մեր ընտանիքով («Դու լավ ցեղից ես, Արսեն Վարունց, քո նախնիները վանքեր են կառուցել»): Հիմա այդ ամենին պետք է ավելանա քաղաքացու հպարտությունը: «Բայց ո՞նց հպարտանամ, մեր պետությունում հպարտանալու բան կա՞»,- այդպիսին է սովորաբար լինում արձագանքը: Դրան կարող եմ պատասխանել միայն հետեւյալը. «Իսկ ի՞նչ ես դու արել, որպեսզի հպարտանաս քո պետությամբ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031