Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան գրառումների պատճառով դերասանը հայտնվեց դատարանում

Հուլիս 07,2014 14:30

Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի` պատիվն  ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով, գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Կայացավ անդրանիկ, նախնական դատական նիստը: Այն նախագահում էր դատավոր Արայիկ Կուբանյանը;

Հայցվորը, որը դատարան չէր ներկայացել, հայցում նշել է, որ մարտի 31-ին դերասան Աշոտ Մելոյանն (լուսանկարում) իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն: «Բժշկի դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով եւ սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» դերասանը գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, եւ որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են. «Սակայն «ֆաշիստը» ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից եւ ոչ էլ մեր ընտանիքից»:
Դերասանը նաեւ գրել էր. «Ցույց կտամ 5 դատաբժշկական փորձաքննությունների իրարամերժ եզրակացությունները, դատական ձայնագրությունները, թե Յուրի Աբրահամյանը ոնց չէր կարողանում ինձ հետ դատարանում բժշկության թեմաներով հիմնավորել իր արած գործողությունները, ոնց էլ լեզուն կապ չի ընկել»:

Դերասան Ա. Մելոյանի ներկայացուցիչը` փաստաբան Հայկանուշ Սուքիասյանը, տեղեկացրեց, որ հայցվոր Ենոք Աբրահամյանը ապրիլի 23-ին նամակով դիմել է դերասանին եւ խնդրել էլեկտրոնային կայքի միջոցով հերքում տպագրել ֆեյսբուքյան գրառման համար:

Փաստաբանը ներկայացրեց միջնորդություն կիրառել որպես հայցային վաղեմություն, քանզի անցել է հերքում տպագրելու մեկամսյա ժամկետը: Նա նաեւ ներկայացրեց իրենց առարկությունները: Իսկ հայցվոր կողմի ներկայացուցիչը՝ փաստաբան Նվարդ Սվարյանը, միջնորդություն ներկայացրեց` հետաձգելու դատը, քանի որ մինչեւ օգոստոսի 10-ը գտնվելու է արձակուրդում եւ բացակայելու է երկրից, ուստի, ըստ նրա, հնարավոր չէ սեղմ ժամկետում ծանոթանալ պատասխանող կողմի ներկայացրած առարկություններին:
Դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 10-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին: Բժիշկը պահանջում է վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել Ա. Մելոյանին համացանցով ներողություն խնդրել, հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն դրամ գումար, իսկ զրպարտության համար էլ՝ 2 միլիոն դրամ գումար:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031