Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները տներից դուրս են լցվել փողոց. այս քաղաքում ևս սպասվո՞ւմ է երկրաշարժ

Հուլիս 07,2014 14:56

Վանաձորից 14 կիլոմետր հեռավորության վրա գիշերը ժամը 3.8 րոպեին տեղի ունեցած 4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժը մեծ խուճապ է առաջացրել նաև Գյումրիում: 1988 թվականի երկրաշարժից տուժած մարդիկ սարսափահար, առավոտից զանգահարում են տարբեր պետական կառույցներ` հետաքրքրվելով` մի՞թե իրական են այն լուրերը, որ ուժեղ երկրաշարժ է սպասվում Գյումրիում: Իսկ 12.00-ի սահմաններում գյումրեցիների զգալի մի հատված շենքերից ու տարբեր կառույցներից դուրս էին ելել փողոց` նախազգուշանալով երկրաշարժից:

Այս թեման թեժ քննարկման թեմա է անգամ ՖԲ սոցիալական ցանցում, իսկ Aravot.am-ը տարբեր ահազանգեր է ստանում այն մասին, որ անհայտ մարդիկ զանգահարում են գյումրեցիների տները ու հայտնում, որ ուժեղ երկրաշարժ է սպասվելու:

Կարեն Մխիթարյան

Կարեն Մխիթարյան

Մենք այս լուրերի իսկությունը ճշտելու նպատակով զանգահարեցինք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն Կարեն Մխիթարյանին, որն այդ խոսակցությունները ապատեղեկատվություն որակեց: «Միանշանակ ապատեղեկատվություն են այդ լուրերը, երևի Վանաձորից 14 կիլոմետր հեռավորության վրա ժամը 3.8 րոպեին տեղի ունեցած 4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժն է պատճառը, որ նման խուճապ է սկսվել Գյումրիում, երկրաշարժը տեղի է ունեցել Բազում գյուղից 4 կիլոմետր հեռավորության վրա: Վանաձորում շատերին տեղահանել են, մանկապարտեզների, հիվանդանոցների շենքերը դատարկել են, կարծում եմ դրա ազդեցության տակ են գյումրեցինները:

Զանգում հարցնում են` ճի՞շտ է, որ ժամը 13.00-14.00 սահմաններում 8-10 բալանոց երկրաշարժ է սպասվելու: Մեր դիտարկումներով, վերլուծություններով նման բան չկա, ինչ-որ մարդիկ դիվիդենդներ են շահում` խուճապ տարածելով: Հետցնցումներ կարող են լինեն, դա բնական է, երկրակեղևի լիցքաթափումներ են տեղի ունենում: Մեր կառույցը արդեն իսկ հայտարարություն է տարածել այս թեմայով , խուճապի մատնվելու կարիք չկա: Հենց նոր ես այդ նույնը ասացի նաև Շիրակի փոխմարզպետին», -հանգստացրեց սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն Կարեն Մխիթարյանը:

ՖԲ-ի օգտատերերից մեկն էլ` Արշակ Ադամյանը գրում է. «Ժողովուրդ, ինչ-որ մեկը (կամ ինչ-որ մի քանիսը) լուրեր են տարածում, թե Վանաձորում սպասվում է ուժեղ երկրաշարժ, մարդկանց տարհանում են, որ իբր ալիքը հասնելու է Գյումրի, ավերածություններ են լինելու…

Ես զանգեցի Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանին՝ ճշտելու համար: Հայտնեց, որ պաշտոնապես նման հայտարարություն չի արվել:

Հետո զանգեցի վանաձորցի ընկերոջս՝ Արայիկ Զալյանին: Ինքն էլ հայտնեց, որ Վանաձորում (ինչպես և Գյումրիում) կա որոշ լարվածություն, անգամ մեկ-երկու դպրոցից աշակերտներին դուրս են բերել ապահով տարածք, բայց էլի ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա այդ մասին:

Ժողովուրդ, խուճապի մի մատնվեք, չգիտեմ, թե այդ լուրերը տարածողներն ինչ շահ ունեն, կամ ուղղակի երևի Վանաձորի երեկվա 5 բալանոց երկրաշարժից են վախեցել ու սկսել են ավելի ուժեղ ալիքի սպասել: Ամեն դեպքում, մասնագետ մարդիկ նման բան չեն հայտարարել: Իսկ թե որքանով կարելի է վստահել ահաբեկված հարևանի կամ այլ ծանոթի անհիմն խոսքերին, դո՛ւք որոշեք: Երկրաշարժ տեսած ժողովուրդ ենք, մի՛ խաղացեք մարդկանց նյարդերի հետ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռաֆիկ says:

    Ամեն դեպքում, մասնագետ մարդիկ նման բան չեն հայտարարել: Այս տողը ոչ մի հուսադրող բան չի ասում է:Մասնագետ մարդիկ եթե տեղյակ լինեին,կհայտարարեին նաև գիշերվա երկրաշարժի մասին:Կարծում եմ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031