Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի միգրացիոն օրենքների խստացումները Հայաստանի անշարժ գույքի շուկայում աշխուժություն են բերել

Հուլիս 18,2014 18:26

Ամռան սեզոնով պայմանավորված, մեր երկրում, մասնավորապես` մայրաքաղաքում անշարժ գույքի գներն ու բնակարանների առուծախի գործարքները փոքր-ինչ նվազել են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում վկայեցին անշարժ գույքի շուկայի մասնագետները: Ռիելթորների խոսքերով, շուկան կաշխուժանա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին` «խոպանչիների» վերադարձով պայմանավորված: Մեզ հետ զրույցում ռիելթորները նաեւ ասացին, որ առանձնատների պահանջարկը գնալով մեծանում է եւ մարդիկ գերադասում են բազմաբնակարան շենքերի իրենց բնակարանները փոխարինել «սեփական» տներով, թեկուզ այդ առանձնատները գտնվեն մայրաքաղաքի ծայրամասերում, նույնիսկ` Երեւանամերձ համայնքներում:

«Վիվա ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Հարությունյանի խոսքերով, անցյալ տարվա համեմատությամբ, անշարժ գույքի առուվաճառքի գները գրեթե փոփոխություններ չեն կրել, ոչ էլ արտագաղթն է էական ազդեցություն ունեցել տների գների վրա: Ըստ պարոն Հարությունյանի, այն արտագաղթողն էլ, որը բնակարանն էժան է վաճառում, ժամանակի խնդիր ունի: Ինչ վերաբերում է «սեփական» տների պահանջարկին, ապա շուկայի մասնագետը գտնում է, որ առանձնատների պահանջարկը միշտ էլ մեծ է եղել: «Վիվա ռիելթի»-ի տնօրենի տվյալներով, այս պահի դրությամբ, փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի միջին շուկայական արժեքը  1200-1300 դոլար է: Մեծ կենտրոնում` 1000-1100:

Մայրաքաղաքի ծայրամասերում` Նոր-Նորքում, Ավանում, Քանաքեռ-Զեյթունում կախված բնակարանի վիճակից, հարկից ու տեղից մեկ սենյականոց բնակարանը 22-30 հազար դոլար, 2 սենյականոց բնակարանը` նույն գործոններով պայմանվորված՝ 28-ից սկսած՝ 30-35 հազար դոլար: Երեք սենյակ ունեցող բնակարանների միջին շուկայական գինը տատանվում է 33 հազարից մինչեւ 40-45 հազար:

Անշարժ գույքի շուկայի մի մասնագետ էլ, որը չցանկացավ ներկայանալ, քանի որ նրա խոսքերով ասած, լուրջ, մասնագիտական վերլուծություն չունի, նկատել է, որ այս ամռանը անշարժ գույքի շուկան մի փոքր աշխուժացել է: Ռիելթորն այս հանգամանքը կապում է Ռուսաստանի Դաշնությունում, վերջերս կատարված միգրացիոն օրենսդրության խստացումների հետ, համաձայն որի, 200 հազարից ավելի հայեր ստիպված եղան վերադառնալ Հայաստան:  Այդուհանդերձ, մեզ հետ զրուցած մասնագետը գտնում է, որ Հայաստանում անշարժ գույքի շուկան դեռեւս «ճահճացած» վիճակում է եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ուշքի չի գալիս:

Ըստ վիճծառայության հրապարակած տվյալների, որոնք արտացոլում են այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքները, 2013 թվականի հետ համեմատած, չնչին փոփոխություններ են կրել. 1 քմ-ի հաշվարկով տների գները փոքր-ինչ բարձրացել են: Եթե անցյալ տարի մայիսին, Արաբկիր համայնքում մեկ քմ-ն արժեր 355500 դրամ, ապա այս տարի` 356600: Դավիթաշենում 2013-ի մայիսին 1 քմ-ն եղել է 274200 դրամ, այս տարի` 275150 դրամ: Մարզերում, ըստ վիճծառայության տվյալների, նախորդ տարվա համեմատությամբ, տների գները գրեթե չեն փոխվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Ներկայացված ինֆոգրաֆիկան եւ աղյուսակները` վիճծառայության կայք էջի

11

12

13

14

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031