Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երաժշտական դպրոցների ամենամեծ խնդիրը գործիքների բացակայությունն է

Օգոստոս 02,2014 14:00

Վերջերս շատացել են կիթառի դասընթացի դիմողները

13-ամյա Գեւորգ Գեւորգյանն արդեն չորս տարի է՝ հաճախում է Կ. Սարաջեւի անվան երաժշտական դպրոց, կիթառի դասընթացի: Ասում է՝ միշտ երազել է կիթառ նվագել, իր ցանկությամբ է գնացել երաժշտական դպրոց, հետագայում երաժշտությամբ չի զբաղվելու, կիթառ նվագելն իր համար պարզապես հոբբի է: Երաժշտական դպրոցի մասին ասում է, որ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված, դասերը հետաքրքիր են անցնում: 16-ամյա Արուս Նազարյանն էլ արդեն ինը տարի է, ինչ երաժշտությամբ է զբաղվում, որից յոթը տարին անցկացրել է Սայաթ- Նովայի երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժնում: Նշում է՝ ծնողներն են որոշել, որ պետք է երաժշտությամբ զբաղվի: «Դաշնամուր երաժշտական գործիքի ընտրության պահը չեմ հիշում, բայց կարծեմ՝ հայրս է որոշել, որ պետք է դրան տիրապետեմ»,- ասում է նա, ավելացնում, որ հիմա, որպես մասնագիտություն, ընտրել է բժշկությունը, բայց կարծում է՝ առանց երաժշտության ոչինչ չի կարող անել: Իսկ 13-ամյա Արման Նազարյանի մայրը՝ տիկին Լիդան, պատմեց, որ որդին դեռ չորս տարի առաջ խնդրել է իրեն, որ շվիի դասընթացի մասնակցի: «Մենք էլ ընդառաջել ենք, իր ցանկությունն էր, ինքը շատ է սիրում, հիմա արդեն նաեւ դասական վոկալ բաժնում է սովորում՝ նորից շատ սիրելով: Հետագայում երաժշտությամբ էլ կզբաղվի»,- ասում է տիկին Լիդան: Իր որդին Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում է սովորում, պայմաններից, որպես ծնող, գոհ է, վճարի մասին խոսելիս էլ ասում է՝ շատ չէ, նորմալ է:

«Առավոտին» հետաքրքիր էր Երեւանի երաժշտական դպրոցներում տիրող վիճակը՝ քանի՞ աշակերտ է տարեկան դիմում, ի՞նչ երաժշտական նախասիրություններ ունեն հայ երեխաները եւ որո՞նք են երաժշտական դպրոցների խնդիրները: Երեխաների եւ ծնողների հետ խոսելուց հետո զանգեցի Երեւանում գործող բոլոր երաժշտական դպրոցներ, մեծ մասի դեպքում զանգերն անպատասխան մնացին, մի քանի երաժշտական դպրոցների տնօրենների հետ ինձ հաջողվեց խոսել: Հիմա չնայած դրանց մեծ մասը արձակուրդում է, բայց շատերում արդեն ընդունելությունը սկսված է: Տնօրենների եւ այլ աշխատակիցների հետ խոսելիս պարզ դարձավ, որ առայժմ այս տարվա աշակերտների թիվը հստակ չէ, բայց հաշվի առնելով նախորդ տարիների վիճակագրությունը՝ այս տարի էլ որոշակի թվաքանակով դիմողների ակնկալում են:

Երեւանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Լիլիա Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ երաժշտական դպրոցում այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն ընդունելությունն սկսված է, դեռ 16 դիմողներ են եղել, բայց սպասում են, որ թիվը կմեծանա, տարեկան իրենց աշակերտների թիվը հասնում է մոտ 250-ի, ասում է, որ նման թվաքանակը նորմալ է, չնայած, եթե համեմատում ենք, 20 տարի առաջ տարեկան աշակերտների թիվը 700 էր:

Ըստ տիկին Սարգսյանի՝ երեխաները հիմնականում դիմում են դաշնամուրի, շվիի, վոկալի բաժիններ, վերջին տարիներին կիթառի դասընթացին մասնակցողների թիվն է աճել: «Մեր հիմնական խնդիրը երաժշտական գործիքների պակասն է: Բոլոր գործիքների բաժիններն ունենք, բայց երաժշտական գործիք չկա, երեխաներն են գնում իրենց համար, մենք սովորեցնում ենք»,- ասում է նա:

Չնայած շատ երեխաներ են դիմում երաժշտական դպրոցներ սովորելու, բայց, ըստ Լիլիա Սարգսյանի, նրանցից քչերն են շարունակում իրենց ճանապարհը երաժշտությամբ: «Որովհետեւ երաժշտությամբ զբաղվողների աշխատավարձը շատ քիչ է»,- ասում է նա:
Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Սուքիասյանը նույնպես նշեց, որ իրենց մոտ հիմա վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց ոչ ամբողջ հաստատությունում: Ընդունելությունը սկսել են, եւ կընթանա մինչեւ սեպտեմբերի կեսերը: «Մեզ մոտ հիմնականում գալիս են դաշնամուրի, ավելի քիչ վոկալի, մի ժամանակ վոկալի ավելի շատ էին գալիս, նաեւ կիթառի են շատ գալիս»- ասում է նա, ավելացնում, որ վերջերս ավելացել են շվիի, դուդուկի, դհոլի դասընթացների համար դիմողները: Արվեստի դպրոցում տարեկան մոտ ինը հարյուր աշակերտ է լինում՝ երեք հարյուրը գեղարվեստի ուղղվածության բաժիններում են սովորում, վեց հարյուրը՝ երաժշտության: «Հիմնականում ոչ թե գալիս են իրենք իրենց ցանկությամբ, այլ մեր աշխատանքի շնորհիվ: Եթե մնա ժողովրդին, երկու պատճառով իրենց երեխաներին չեն բերում արվեստի դպրոց: Առաջինը՝ սոցիալական խնդիրն է, վճարովի է: Սովետական տարիներին էլ էին վճարում, բայց սիմվոլիկ էր գումարը, երկրորդ պատճառը՝ արժեքների թերագնահատումն է, հիմա այդքան էլ չեն արժեւորում արվեստը»,- ասում է նա:

Ըստ տիկին Սուքիասյանի՝ նրանք նաեւ ուղղորդում են ծնողներին, թե ինչ ընտրեն իրենց երեխայի համար, ասում է՝ եթե մնա ծնողների ցանկությանը, իրենց երեխային կամ դաշնամուրի, կամ մեկ այլ առավել տարածված դասընթացի կտան՝ հաշվի չառնելով երեխայի ընդունակությունները, իսկ մեր բոլոր երեխաները շատ տաղանդավոր են, եթե այս բնագավառում չեն կարողանում իրենց դրսեւորել, մյուսում կարողանում են:
Տիկին Սուքիասյանը նշում է նաեւ, որ արվեստի դպրոցում խնդիրները շատ են, որոնք աստիճանաբար լուծվում են, քաղաքապետարանը սկսել է վերանորոգման աշխատանքները. «Երաժշտական գործիքներ չկան, բայց նաեւ աստիճանաբար այդ խնդիրն էլ է լուծվում: Նաեւ պետպատվերի շրջանակներում ժողգործիքները փոխհատուցվում են, որոշ լարային, փողային գործիքներ եւս, բայց սահմանված չափով»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031