Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ռուսի, Պուտինի մասնակցությամբ խաղաղությո՞ւն. միայն ապուշը կարող է նման բան երազել» (Տեսանյութ)

Օգոստոս 08,2014 16:55

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր ԱԳՆ շենքից դեպի ՌԴ դեսպանատուն, Ազատության հրապարակ երթուղով անցկացվեց Խաղաղության երթ՝ «Ոչ պատերազմին» խորագրով: Երթի մասնակիցների մեծամասնությունը վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունները կապում էին Ռուսաստանի՝ կայսերապաշտական շահերի և Պուտինի ծրագրերի հետ:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը համաձայնեց, որ Ռուսաստանն ունի հակամարտության հրահրողի իմիջ և իրեն ձեռնտու է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը, ինչը ուշադրություն է շեղում Ուկրաինայի պատերազմից:

Voch paterazmin 2Aravot.am-ի դիտարկմանը՝ Պուտինի «մաքսիմում» ծրագիրը իր խաղաղապահներին Արցախում տեղակայե՞լն է, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Պուտինն ընդհանրապես ծրագիր ունի վերականգնել Խորհրդային Միությունը: Նրա խաղաղարար ուժերը 1995-ից ՀՀ-ում տեղակայված են, հիմա Ադրբեջանի տարածքում տեղակայելու հարցն է: Դա նորմալ է Պուտինի նման քաղաքական գործչի համար»:

ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին խոսելով՝ իրավապաշտպանը նշեց, թե «նրանք այս պարագայում ընդհանրապես պիտի սուս մնան… ովքեր մտածում էին, թե մենք ուզում ենք մտնել Եվրամիություն սխալվում էին: ՀՀ-ն եղել է ու կլինի խորհրդային միության մեջ, դա մեր պատիժն ու մեղքն է»:

Ըստ Միքայել Դանիելյանի՝ «ներկայիս ստատուս քվոն Ղարաբաղում հարմար է և′ Սերժին, և′ Իլհամին: Գուցե մի տարածքի համար փակ դռների հետևում որոշում կայացնեն, և դրանից հետո փոքրիկ մի միջադեպ լինի, մենք ինչ-որ տարածքներ հանձնենք, քանի որ շատ ենք գրավել: Հիմա մենք Ալիևի հետ տորգի բան ունենք, Պուտինը շատ լավ հասկանում է դա»:

Voch paterazmin 3

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շեշտեց, թե ՌԴ-ի չափով որևէ երկիր չի սպառազինում Ադրբեջանին ու հավելեց. «Ուստի վերջին դիվերսիոն գործողություններում հենց առաջին մեղքը Ռուսաստանինն է: Երկիր, որ Մինսկի խմբի համանախագահ է և զբաղվում է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ, ինքը հենց նպաստում է հենց կոնֆլիկտի թեժացմանը»:

Արթուր Սաքունցը մեղքը հիմնականում գցում է ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների վրա ու կարծիք հայտնում, թե չեն ստեղծվել այն անհրաժեշտ պայմանները երկուստեք, որոնց արդյունքում խաղաղ կարգավորման սկզբունքը՝ որպես կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներից մեկը ապահովվեր:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի լռության մասին խոսելով՝ պարոն Սաքունցը նշեց. «Նալբանդյանին միայն հետաքրքրում է, թե ՀՀ-ն Եվրասիական միության անդամ է, թե՝ ոչ: Երեկ տեսանք, որ ՌԴ կառավարության նիստով պետք է որոշվի ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, որը հետո պիտի վավերացվի Պուտինի կողմից: Սրանք են ավելի շատ իրենց հետաքրքրում, ոչ թե սահմանի լարված իրավիճակը: Բանակը և զինված ուժերը մնացել են միայնակ, և դա երկրի քաղաքական ու դիվանագիտական ղեկավարության անգործության պատճառով»:

Սոչիի հանդիպմանն ընդառաջ Արթուր Սաքունցը նշեց, թե չի կարծում, որ Պուտինի շահերից է բխում կայունացումը, քանի որ նրա քաղաքականության ողջ էությունը հենց ապակայունացումն է այն երկրների հետ, որոնց հետ հարաբերություններ ունի: Նա եզրափակեց. «Պուտինը ծրագրում է ամրագրել իր գերիշխող դիրքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ որպես առաջին և միակ ջութակ և հանդես գալ՝ որպես կոնֆլիկտի կարգավորման միակ դիրիժոր»:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Վլադիմիր Պուտինին համարում է «ռուսական իմպերիալիզմի շարքային ներկայացուցիչ, ով ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը»: Այնուհետև շարունակեց. «Այն, ինչ ասել ենք երեսուն, հիսուն տարի առաջ, մնում է ուժի մեջ և վերաբերում է նաև Պուտինին»:

Մեր հարցին՝ Պուտինի մասնակցությամբ Սոչիում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո ակնկալե՞լ, որ շփման գծում իրավիճակը կհանդարտվի, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Ռուսի, Պուտինի մասնակցությամբ խաղաղությո՞ւն. միայն ապուշը կարող է նման բան երազել: Պուտինը խաղաղությանը կարող է նպաստել միայն իր նմանների ասպարեզից հեռանալով, իր հեռացումով: Աշխարհը նրան ճանաչում է, որպես պատերազմի հրձիգ: Ով պուտինյան Ռուսաստանի հետ հույսեր է կապում, նա պարզապես անիրազեկ է, կամ էլ նրանց գործակալներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՐՄԵՆ says:

    Ինչ զզվելի թիմ է հավաքվել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031