Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ղարաբաղյան կարգավորման նոր ֆորմա՞տ է ձեւավորում

Օգոստոս 13,2014 15:00

Պուտինի հովանու ներքո Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կայացավ: Մինչ կիրակի օրվա եռակողմ հանդիպումը՝ մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահը Սոչիի իր նստավայրում ընդունել էր նախ՝ Ադրբեջանի, ապա ՀՀ նախագահին:

Պուտինի հետ հանդիպումը սկսելիս Ս. Սարգսյանը նկատել է, թե կուզենար քննարկել որոշ հարցեր՝ կապված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ. «Իհարկե, մեզ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում: Եթե Դուք անհրաժեշտ կհամարեք, Վլադիմիր Վլադիմիրի, տեղեկացրեք մեզ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին մանրամասնորեն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում իրավիճակի մասին՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառների մասին»: Պուտինը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասին խոսելով՝ որպես ապացույց բերել է այն փաստարկը, որ Հայաստանը ցանկություն է հայտնել նաեւ միանալու Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը: Իսկ Ադրբեջանի նախագահը Պուտինին դժգոհել է, որ հակամարտությունն արդեն շատ է ձգձգվել, եւ այն հարկավոր է լուծել:

Արդեն կիրակի օրը կայացած եռակողմ հանդիպումը նշանավորվեց Իլհամ Ալիեւի ելույթին ի պատասխան Ս. Սարգսյանի անդրադարձը: ՀՀ նախագահը, մասնավորապես, շնորհակալություն էր հայտնել ՌԴ նախագահին ջանքերի ու «այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար», եւ հավելել էր. «Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման եւ այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձեւերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիեւին՝ այդ բանաձեւերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը:

Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձեւերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից՝ լավ կլինի, մյուս կողմից էլ՝ կարող է ինչ-որ բան էլի ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, եւ այդ հարցի լուծումը ելնում է Հայաստանի ազգային շահերից»:

Նախ` ուշագրավ է, որ ՌԴ նախագահի աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը Ս. Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներով առաջ շարժվելու մտադրությունը՝ ի տարբերություն Ի. Ալիեւի, որն առիթը բաց չի թողել Սոչիում էլ դժգոհելու ԵԱՀԿ ՄԽ-ից՝ մինչ Ս. Սարգսյանի ելույթը: Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է. «Արդեն գոյություն ունի բանակցությունների ձեւաչափ: Գոյություն ունի նաեւ հակամարտությունների կարգավորման իրավաբանական բազա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձեւ, որոնք պահանջում են անվերապահորեն եւ անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում:

Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձեւերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը՝ ի դեմս իրենց համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ ՌԴ-ն՝ որպես մեր ջերմ բարեկամ, գործընկեր եւ հարեւան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ կհամապատասխանի արդարությանը»:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահին, ապա նա արձանագրել էր, որ Ադրբեջանի նախագահն ուշադրություն դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: «Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսեւորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք ե՛ւ ադրբեջանցի ժողովրդի, ե՛ւ հայ ժողովրդի կողմից առկա է: Մենք պետք է համբերություն, խոհեմություն եւ միմյանց նկատմամբ հարգանք ցուցաբերենք լուծում գտնելու համար»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա նաեւ դրական է գնահատել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրության մասին երկու նախագահների հայտարարությունները: «Դա իրականում ամենագլխավորն է, որովհետեւ ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց մահն է, չկա»: Ապա ՌԴ նախագահը հիշեցրել է, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգային ձեւաչափեր: «Անշուշտ, մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր այդ միջազգային ձեւաչափերին եւ մեր գործընկերների հետ կշարունակենք աշխատել»,- ընդգծել է Պուտինը: Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ հարկավոր է շարունակել երկրների միջեւ երկկողմ շփումները՝ հաշվի առնելով հարաբերությունների հարուստ պատմությունը:

Այսինքն՝ թե՛ Վլադիմիր Պուտինի, թե՛ Իլհամ Ալիեւի գնահատականները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս շփումները շարունակելու առումով, համընկնում են: Սա ուշագրավ փաստ է, քանի որ Պուտինի պատրաստակամությունը նշանակում է, որ նա ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ անտարբերություն չի դրսեւորելու ինչպես նախկինում, այլ վերադարձնելու է ՌԴ-ի որոշիչ դերակատարությունը կարգավորման գործընթացում: Եվ եթե ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի իշխանավարման տարիներին ՌԴ հովանու ներքո էին անցնում Սարգսյան-Ալիեւ հանդիպումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությամբ, ապա այսուհետեւ ղարաբաղյան կարգավորումը կարող է մտնել Պուտինի աջակցությամբ` երկկողմ քննարկումների փուլ, ինչը, սակայն, ամենեւին էլ չի նշանակում, որ ԼՂ խնդրում նշանակալի տեղաշարժեր կարձանագրվեն:

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումն ամփոփելով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին է շեշտել ՌԴ-ի դերը կարգավորման գործընթացում՝ նկատելով. «Հանդիպումը օգտակար էր, նախագահները վերահաստատեցին իրենց հավատարմությունը համանախագահ երկրների նախագահների մակարդակով ներկայացված սկզբունքներին, որոնց էությունը խնդրի լուծման որոնում է բացառապես խաղաղ ճանապարհով` հարգելով տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է Լավրովը` հավելելով, որ նախագահները պատրաստակամություն են հայտնել երկխոսությունը շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության մակարդակով, եւ ՌԴ-ն ամեն կերպ կաջակցի դրան:

Լավրովը նաեւ տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ-ի եւ շփման խմբերի ընդունած որոշումները կատարելու անհրաժեշտությունը: Սակայն թե ինչ «շփման խմբերի» մասին է խոսքը` նա չի մանրամասնել: «Նախագահները արտգործնախարարներին կարգադրել են շարունակել այդ աշխատանքները՝ զուգահեռաբար համաձայնեցնելով կարգավորման գործնական ասպեկտները»,- ասել է Լավրովը` հավելելով, որ այդ պահերն այնքան էլ շատ չեն, պայմանավորվածությունների մեծ մասն արդեն պարզ է, այսինքն՝ որոշ կոնկրետ պահեր հարկավոր է վերամշակել. «Ինչպես ասում են՝ սատանան դետալներում է, եւ ամենաբարդ հարցերը դեռ լուծված չեն»:

Չի կարելի բացառել, որ ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացի` Ռուսաստանի հովանու ներքո շարունակական դարձնելու անհրաժեշտությունը ընդունել են համանախագահող մյուս երկրները` ԱՄՆ-ը ու Ֆրանսիան: Թերեւս կարելի է ասել, որ նրանք այս փուլում ուղղակի զիջեցին դիրքերը: Հատկանշական է, որ Սոչիի հանդիպումից երկու օր առաջ «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ուորլիքը Սոչիի հանդիպումը առաջին քայլ համարեց իրավիճակը մեղմելու ուղղությամբ, որն, ըստ նրա, թույլ կտա կասեցնել բախումները հայ-ադրբեջանական սահմանում։ Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հսկայական քանակությամբ զինամթերք վաճառելու վերաբերյալ հարցին եւ ՌԴ-ի քողարկված նպատակին ԼՂ խնդրում՝ Ուորլիքը ուշագրավ հայտարարություն էր արել. «Ռուսաստանը այժմ արդեն իսկ ունի մեծ խնդիրներ իր երկրի սահմաններում եւ բնավ շահագրգռված չէ նոր բախումներ հրահրել։

Մենք արդյունավետ աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նոր խնդիրներ ստեղծելով։ Խնդրի խաղաղ լուծում գտնելու մեջ հետաքրքրված ենք նաեւ մենք, քանի որ Հարավային Կովկասի երկրները մեր գործընկերներն են, եւ մենք հետաքրքրված ենք այս տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմամբ… ՌԴ-ն իրավունք ունի առեւտրական հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի հետ։ Դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանին խաղաղ բանակցությունների խրախուսման գործում արդյունավետ աշխատանք ծավալելու հարցում։ Խաղաղության հաստատման որոշումը, այդուհանդերձ, Հայաստանինն ու Ադրբեջանինն է»:

Սոչիի հանդիպումից հետո` երկուշաբթի օրը, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը կրկին խոսել է ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկների մասին. «Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ, եւ դա 2011թ. փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա եւ ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք. խոսելով շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին` Ս. Սարգսյանն ասել է, որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում են կողմերի միջեւ՝ շփման գծի ողջ երկայնքով, խաղաղապահների տեղակայում, եւ որ Կազանյան փաստաթղթում եւս ամրագրված է այդ դրույթը, «իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետեւի այս փաստաթուղթը ստորագրելուն»: Սակայն դիտարկմանը, թե խոսվում է ռուս խաղաղապահների մասին, Ս. Սարգսյանը հակադարձել է. «Ես առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031