Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն անտեսեց նախկին դժգոհությունները

Սեպտեմբեր 05,2014 19:00

Ըստ Ստեփան Սաֆարյանի` ՌԴ-ն այլեւս չի կարողանում Ադրբեջանի «սանձերը ձգել»

«Առաջին հերթին պետք է Ռուսաստանին ձեռնտու լինի, որ իր դաշնակիցներից մեկը կարող է ՆԱՏՕ-ի հետ կամուրջ լինել: Իհարկե, Հայաստանը ՆԱՏՕ-ում ոչ ձայնի իրավունք ունի, ոչ կշիռ, բայց քանի որ բավականին գնահատվում է Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին, դա կարող է բավականին դեր խաղալ ապագայում, եթե, իհարկե, այդպիսի անհրաժեշտություն առաջանա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում մասնակցում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, որի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը:

Նախագահ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովին ուշագրավ է նախ այն պատճառով, որ 2008-ից ի վեր Հայաստանն առաջին անգամ է նման բարձր մակարդակով մասնակցում դաշինքի գագաթնաժողովին: Նախորդ երեք գագաթնաժողովներին ամենաբարձր պաշտոնյաները, ովքեր ներկայացրել են Երեւանը, եղել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` 2009-ին Ստրասբուրգ-Քիլում, 2010-ին՝ Լիսաբոնում եւ 2012-ին՝ Չիկագոյում: Այդ գագաթնաժողովներում հռչակագրեր ընդունվեցին այն մասին, որ ՆԱՏՕ-ն հարգում է Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին այդ փաստաթղթերում չհիշատակվեց: Պաշտոնական Երեւանն այդ առիթով իր դժգոհություններն արտահայտել է:

Ի՞նչն էր պատճառը, որ նախագահ Սարգսյանն անտեսեց նախկին մտահոգությունները` «Առավոտի» հարցին Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ Հայաստանը տեղեկացված է, որ այս անգամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նման անակնկալ չի մատուցի, հատկապես, որ դա չի էլ մատուցվի Ադրբեջանի եւ Արեւմուտքի փչացած հարաբերությունների խորապատկերին: Ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանը վստահ է, որ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում մտահոգիչ ձեւակերպումներ չկան, եւ առնվազն պահվում է հավասարակշռությունը: Բայց եթե դա այդպես չէ, եթե Հայաստանը չի կարողացել դա պարզել, ու նախագահը գնացել է` դա արդեն այլ խոսակցության թեմա է դառնում»:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, ըստ մեր զրուցակցի, հնարավոր եղավ ապահովել նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման քողածածկույթով: Երեկ երեկոյան արդեն տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումը: Առաջիկայում նախատեսվում է նաեւ Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, ինչի նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահը ցուցաբերել էր դեռ գարնանը` Երեւանում: «Քանի որ սա Հայաստանի անվտանգությանը վերաբերող խնդիր է, Հայաստանը միանգամայն հիմքեր ունի ՌԴ-ի կողմից որեւէ հարցադրման դեպքում լեգիտիմ հիմնավորում ներկայացնելու: ՌԴ-ն կարծես թե ի վիճակի չէ քաշել Ադրբեջանի սանձերը, եւ Հայաստանը ինքը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք միտված են դրան: Հայաստանը պիտի օգտագործի բոլոր հնարավորությունները` հրադադարի ռեժիմի պահպանումն ավելի հստակ դարձնելու համար»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

ՀԱՊԿ-ում Երեւանի դաշնակից Մոսկվան հատկապես վերջին շրջանում խորացող հակասությունների մեջ է ՆԱՏՕ-ի առաջատար երկրների հետ: Մի քանի ամիս առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անգամ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը մտադիր է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը: Իսկ երեկ, մինչ գագաթնաժողովի մեկնարկը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե «Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա» եւ շարունակում է ապակայունացնել իրավիճակը արեւելյան Ուկրաինայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած՝ հրադադարի հաստատման կոչերին անդրադառնալով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ուկրաինայի հարցում կարեւոր չէ ՌԴ-ի խոսքը, այլ կատարված քայլերը: Լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «պատրաստվածության գործողությունների ծրագրի» ընդունման մասին: Այն ենթադրում է դաշինքի զինված ուժերի ռոտացիոն կարգով տեղաբաշխումներ ՆԱՏՕ-ի արեւելյան սահմաններին տեղակայված անդամ երկրներում:

Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանն իր ներդրումը պետք է բերի, որպեսզի գագաթնաժողովի բանաձեւում հստակ ամրագրվի կոնֆլիկտները ռազմական եղանակով լուծելու անթույլատրելիությունը: «Կան գործոններ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել` ներկայիս փխրուն խաղաղությունն ամրապնդելու, Ադրբեջանին ավելի զսպված դարձնելու եւ միջազգային դերակատարների ու գործիքների օգնությամբ Ադրբեջանին ավելի հաշվետու դաշտ բերելու համար: Այս կտրվածքով այդ գագաթնաժողովին նախագահի մակարդակով մասնակցելն արդարացված է, ինչպիսին էլ լինի ՌԴ-ի վերաբերմունքը դրան»:

Ի դեպ, գագաթնաժողովում իր ելույթում, ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցած տեղեկատվության, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում լավ գիտեն թե՛ անվտանգության, թե՛ խաղաղության գինը, որոնց համար մեր երկիրը ստիպված է պայքարել գրեթե ամեն օր։ «Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա՛մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, կա՛մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որեւէ լավ տեղ չի տանում։ Կա՛մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա՛մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որեւէ արժեք չտվող ու նման թղթերից թեւեր առնող Ադրբեջանը»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հավատացողների լսարան կա*ր:Բա չլիներ:Եթե լիներ լավ կլիներ, չէ*:Գետի հունը ինչքան էլ փորձես փոխել, գետը հակառակ չի հոսի և դա լավ է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930