Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիել Ղոչիկյան. «Քիմիայի ֆակուլտետի անվան փոփոխության մեջ վատ բան չեմ տեսնում»

Սեպտեմբեր 09,2014 14:45

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը , Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի՝ դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետ դառնալուն , հավաստիացրեց, թե դա ընդամենը անվան փոփոխություն է, որը համալսարանին անհրաժեշտ է միջազգային ծրագրերում ընդգրկվելու համար:

«Ֆակուլտետն իր ուղղվածությունը չի փոխել, եթե ասում են ֆակուլտետի ուղղվածության փոփոխություն, ես հասկանում եմ հետեւյալը՝ քիմիայի ծրագրի փոփոխություն, մինչդեռ ընդամենը անվանափոխություն է եղել… Ֆակուլտետի անվան մեջ փոփոխությունը բավարար էր, որպեսզի մասնագետների վերապատրաստման եւ այլ ծրագրերի կարողանանք մասնակցել: Քիմիայից որեւէ ծրագրային փոփոխություն չի եղել, որեւէ պարտադրանք, որ նրանք փոխեն իրենց ուղղվածությունը չի եղել, չկա եւ չի էլ լինի ապագայում, որովհետեւ ի՞նչ կապ ունի դեղագիտության ամբիոնը քիմիայի առարկայական ծրագրերի ձեւավորման հետ: Ամեն ամբիոն իր ծրագրերն է ներկայացնում, եւ ֆակուլտետի խորհուրդը հաստատում է: Ընդ որում, ֆակուլտետի խորհրդի հիմնական մասը քիմիայի մասնագիտացմամբ ամբիոնների աշխատակիցներն են: Դեղագիտության ամբիոնի ներկայացուցիչները չեն կարող որեւէ ձեւով ազդել քիմիա մասնագիտության, մասնագիտացումների, առարկայական ծրագրերի եւ այլնի վրա»,-ասաց պարոն Ղոչիկյանը:

Իսկ մի՞թե հնարավոր չէր ֆակուլտետը կոչել՝ քիմիայի եւ դեղագիտության եւ ոչ թե դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետ: «Միեւնույն է՝ այդ ժամանակ էլի կասեին, թե ուղղվածության փոփոխություն է, ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է ասել: Ես ֆակուլտետի անվան փոփոխության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, ինչպես դա արել են մեր որոշ գործընկերներ: Ասեմ նաեւ, որ դեղագիտության ամբիոնի վարիչը ծնունդով քիմիկոս է»,-պատասխանեց ԵՊՀ դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետի դեկանը:
Հիշեցնենք, որ ֆակուլտետի գիտխորհրդին ներկա 18 անդամներից միայն ԵՊՀ Անօրգանական եւ անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Խառատյանն ու ԵՊՀ Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Շիրազ Մարգարյանն էին «դեմ» քվեարկել քիմիայի ֆակուլտետը՝ քիմիայի եւ դեղագիտության ֆակուլտետ դարձնելու հարցին ու մտահոգվել, որ դա տանում է ֆակուլտետում քիմիայի ստվերման:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ԵՊՀ կայքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Բացարձակ աբսուրդ է: Միջազգային որևէ ծրագիր կախված չէ անվան հետ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930