Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴԸ

Սեպտեմբեր 12,2014 10:26

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասնվեցերորդ

ՄԻՋՆՈՐԴԸ

Եվ Հավատացյալն ասաց՝ «կամավորներն անձնազոհության գնացին, որ անարժաններս հանգիստ խղճով ապրենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց խիղճներս հանգիստ չի», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ հանգիստ չի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ամաչում ենք, որ մեր փոխարեն գնացել ու կռվել են», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով ասաց՝ «էդ ոչ թե ամաչելու բան ա, այլ՝ հպարտանալու», եւ ես ասացի՝ «իրանց համար հպարտանալու բան ա, մեր համար՝ ամաչելու», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու նեղսրտած ասաց՝ «առանձնապես չենք էլ ամաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ամաչեինք, մենք էլ իրանց պես կամավոր կգնայինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ ոք ձեռքներս չէր բռնել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հիմի որ ուզենանք էլ, չենք կարա գնանք», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չենք կարա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ արդեն մի ամսից ավել ա՝ պատերազմը վերջացել ա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «ցավոք սրտի՝ էս պատերազմը վերջ չունի», եւ ես ասացի՝ «բայց զինադադարն արդեն կնքել են», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հենց որ թուրքն ուժեղանա, նորից կսկսի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ սկսի, էլի ինքն ա տուժելու», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «միշտ էլ առաջինը սկսողն ա տուժում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Հիտլերն էլ առաջինը սկսեց», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց Ղարաբաղյան շարժումը մենք սկսեցինք», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շարժումը մենք սկսեցինք, կոտորածներն ու պատերազմը՝ իրանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «արդարությունը մեր կողմն էր, դրա համար էլ հաղթեցինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված արդարներին ա տեր կանգնում», եւ ես պատի տակ կանգնած մուրացկաններին մատնացույց անելով հարցրի՝ «էս խեղճերն արդար չե՞ն», եւ Հավատացյալը հարցրեց՝ «ո՞ր խեղճերը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս մուրացկանները», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանք մեզանից արդար են», եւ ես հարցրի՝ «բա ինչի՞ Աստված իրանց տիրություն չի անում», եւ Խորենը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց, որ տիրություն չի անում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե Աստված իրանց տիրություն չաներ, իրանք էլ ուրիշների պես անարդար գործերի մեջ խրված կըլնեին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Տիրոջ շնորհիվ իրանք իրանց օրվա հացն արդար ձեւով վաստակում ու ամբողջ ժամանակ Տիրոջը փառք են տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք արդար ճանապարհով են գոյատեւում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ի տարբերություն մերնմանների», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «քո նմանները որ չըլնեին, իրանք դժվար թե գոյատեւեին», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ու իմնմաններն իրանց ողորմություն ենք տալիս, որ մեր մեղքերն էդ ձեւով գոնե մի քիչ քավենք», եւ ես անկախ ինձանից ծիծաղեցի ու ոչինչ չասացի, եւ Հավատացյալը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ինչի՞ ես ծիծաղում», եւ ես փռթկացնելով ասացի՝ «ախր դու ի՞նչ մեղք ես գործել, որ քավես կամ չքավես», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ամեն մարդ իրա գործած մեղքերն ավելի լավ գիտի, քան՝ ուրիշներինը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «քսան տարի կըլնի՝ քեզ ճանաչում եմ, բայց գործածդ մեղքերը չեմ տեսել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «ցավն էն ա, որ հենց էսօրվա ու հենց էս պահի դրությամբ եմ մեղքերի մեջ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ մեղքեր», եւ Հավատացյալը զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «մի քիչ առաջ քեզ էդ էի ասում», եւ ես զարմացած ասացի՝ «ի՞նչ էիր ասում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ անազնիվ ու անօրինական բիզնեսի մասին», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ անօրինական բիզնես», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հերիք չի՝ ուրիշների ստեղծագործությունները կրկնօրինակում եմ, մի բան էլ դրանցից եկամուտ եմ կորզում», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց կապիտալիզմի օրոք առեւտուրն արգելված չի», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «մոռանում ես, որ երբ Հիսուսը տաճար մտավ, առաջինն առեւտրականների սեղանները շուռ տվեց», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նախ՝ էն ժամանակ կապիտալիզմ չէր, հետո էլ՝ դու ոչ թե տաճարում ես առեւտուր անում, այլ՝ վերնիսաժում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, կեղծ ապրանք եմ ծախում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ կեղծված ապրանք», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա կեղծված», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, Ռուբլյովի ու Ռոսլինի ստեղծագործություններն իբրեւ իմ ստեղծագործություն եմ մարդկանց վրա նաղդում», եւ ես Խորենին հանգստացնելով ասացի՝ «բայց դու ոչ մեկին չես ասում, որ դրանք քո ստեղծագործություններն են» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «փաստորեն, ոչ մեկին չես խաբում», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «էդ իմ միակ արդարացումն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ուրիշ արդարացում էլ ունես», եւ Հավատացյալը մեղավոր ժպտալով ինձ հարցրեց՝ «ո՞րն ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ իկոնաների վաճառքի սաղ եկամուտդ մուրացկաններին ես տալիս», եւ հավատացյալը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «հեչ կեսն էլ չեմ տալիս», եւ ես զարմացած հարցրի՝ «կարող ա՞ լրիվ իրանց տայիր», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «որ լրիվ իրանց տայի, էդ արդեն իմ համար լրիվ արդարացում կլիներ» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «պիտի մատերիալի փողը հանեի ու ամբողջ եկամուտն իրանց տայի», եւ ես զարմացած հարցրի՝ «բա դո՞ւ ինչով պիտի ապրեիր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրանք ինչո՞վ են ապրում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «քո ու քո նմանների տվածով», եւ Հավատացյալն ինձ ուղղելով ասաց՝ «Աստծո տվածով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես ու իմ նմաններն ընդամենը միջնորդներ ենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հատկապես դու ես միջնորդ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930