«Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը կարող է սպասվել ոչ միայն Կարապետյանին և Քոչարյանին, այլև՝ մեզնից յուրաքանչյուրին, նույնիսկ նրանց, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, որովհետև մի օր էլ նրանք կարող են ակամա որևէ ձևով խանգարել ՔՊ-ի ծրագրերին։ Սա է հուշում օրեցօր սաստկացող բռնապետական ռեժիմը»,- «Առավոտի» զրուցակիցն է հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։
-Խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ սպասելի էին, եւ անակնկալ, քանի որ փոփոխությունների հույս այնուհանդերձ կար։ Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք․ ո՞րն էր այս ընտրությունների դասը։
-Ընտրությունների արդյունքները, ցավոք, սպասելի և կանխատեսելի էին։ Գործող վարչախմբի մոտեցումներն ու գործելաոճը վաղուց արդեն հուշում էին՝ նրանք ամեն ինչի պատրաստ են հանուն սեփական իշխանության երկարաձգման։ Նախընտրական շրջանի ռեպրեսիաները, հանրային ռեսուրսների չարաշահումը, ընդդիմախոսներին լռեցնելու համար դատաիրավական համակարգի անխնա օգտագործումը, ձերբակալություններն ու կալանավորումները, ամբողջ նախընտրական շրջանի ընթացքում ատելության մթնոլորտի ստեղծումն ու տարբեր սոցիալական խմբերի թիրախավորումը եկան ևս մեկ անգամ հուշելու՝ ինչպիսի ընտրություններ և հետընտրական զարգացումներ են մեզ սպասվում։ Այս ամենի հետ մեկտեղ հուսադրող է, որ անգամ այսպիսի միջավայրում ժողովրդի մեծամասնությունը գնացին ընտրատեղամասեր և մերժեցին գործող ռեժիմին, ինչի արդյունքում իշխող վարչախումբը 50%-ից քիչ քվե ստացավ։
Դասերը գուցե շատ են, սակայն դժվար ենք դաս քաղում։ Նախ այն, որ հաջորդ ընտրություններին պետք է պատրաստվել ընտրությունների հաջորդ օրվանից սկսած։ Այդ առումով գործող ռեժիմը փայլուն օրինակ է ծառայում ընդդիմադիր ուժերին ու մեզ բոլորիս։ Տեսանք՝ ինչպես գործող խորհրդարանը հետընտրական շրջանում, մեղմ ասած, խիստ կասկածելի իրավական հիմքով օրենք ընդունեց՝ զրկելով մեր հայրենակիցների մի մասին ընտրելու իրավունքից։
Կարդացեք նաև
Հաջորդը՝ պետք է վաղուց գիտակցել, որ գործող ռեժիմի պայմաններում ժողովրդավարական ընտրություններ ակնկալելը, մեղմ ասած, ինքնախաբեություն է։ Գուցեև կա ոչ մեծ հավանականություն ընտրական գործընթացով իշխանափոխության հասնելու, սակայն ինձ համար միանշանակ է, որ ընտրական գործընթացն առնվազն պետք է ուղեկցվի համաժողովրդական ընդվզմամբ կամ ճնշման այլ մեխանիզմներով, որպես օրինակ՝ կազմակերպված ու համակարգված փողոցային պայքարով։
Եվս մեկ բան կուզեի շեշտել որպես դաս․ մենք շարունակում ենք վատ ճանաչել մեր հակառակորդին։ Չնայած որ գործող վարչախմբին նկարագրելիս շատերիս մոտ առկա են կարմիր գծեր չունենալու կամ օկուպացիոն ռեժիմ անվանելու խոսույթը, մեզնից քչերն են գուցե մինչև վերջ ընկալում, որ դա զուտ քաղաքական եզրույթ չէ, այլ հենց նկարագրությունն է նրանց ձեռագրի, արված գործերի ու հետագա պլանների։
-Ընդդիմությունը վերցնում է մանդատները։ Հիասթափվա՞ծ եք։ Դեռ կա՞ն սպասելիքներ։ Ումի՞ց եւ ի՞նչ սպասելիքներ։
-Ասում են՝ մեզ հիասթափեցնում են մեր սպասելիքներր, այլ ոչ թե այլոց գործողությունները։ Այս առումով հիասթափված չեմ, քանի որ առնվազն հունիսի 8-ից սկսած ակնկալելի էր, որ վերցնելու են մանդատները։ Ամենամեծ ընդդիմադիր ուժի դիրքավորումն ու խոսույթը հետընտրական շրջանում նույնպես վկայում էին այդ մասին։ Ես ավելի շատ ակնկալում էի տեսնել հետընտրական կամ գուցե նախընտրական փողոցային պայքար, ինչը գուցե կկարողանար շատ թե քիչ ապահովել ժողովրդավար ընտրություններ կամ գուցե հետընտրական շրջանում թույլ չէր տա ՔՊ-ԿԸՀ տանդեմին փոշիացնել տասնյակ հազարավոր ընտրողների ձայները։ Եթե կարճ՝ հույս ունեի, որ իրոք կա հետընտրական «պլան Բ», որը չկար։ Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելուն՝ համոզմունք ունեմ, որ մանդատները չվերցնելն ու սեփական օրակարգ թելադրելը, օրինակ՝ այլընտրանքային խորհրդարան ստեղծելով կարող էր կարճացնել իշխանությունների կյանքն ու մոտեցնել իշխանափոխության գործընթացը։ Սակայն չեմ բացառում, որ ճիշտ պլանավորման և աշխատանքի դեպքում հնարավոր կլինի նաև հասնել այդ ամենին մանդատները վերցնելով։ Երևի ժամանակը ցույց կտա։ Ինչ վերաբերում է սպասելիքներին և դրանց հասցեատերերին՝ սպասելիքներ ունեմ ոչ միայն քաղաքական ուժերից, այլև՝ ազգային քաղհասարակությունից, ազգային ինստիտուտներից և ժողովրդից։
-Հավանական համարո՞ւմ եք արտահերթ ընտրությունները, դրա՞ համար իշխանությունը սահմանափակեց ընտրական իրավունքը` հապշտապ փոխելով ԸՕ-ն։
-Այս դեպքում բոլոր խաղաթղթերը Նիկոլ Փաշինյանի ձեռքերում են․ կարող է գնալ արտահերթ ընտրությունների՝ իրեն հարմար պահի։ Իսկ մինչ այդ կփորձի ջախջախել ու քանդել ընդդիմադիր դաշտը, ինչն արդեն հաջողությամբ սկսել է։ Իսկ ԸՕ-ում կատարված հապշտապ փոփոխությունները կարող են զգուշացում լինել ոչ միայն արտահերթ ընտրությունների մտադրության, այլև՝ հանրաքվեի միջոցով Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին։ Հասկանում ենք, որ Ադրբեջանի առաջ նման հանձնառություն են ստանձնել և հնարավոր ու անհնար ամեն ինչ անելու են նրանց հուսախաբ չանելու համար։
-Սամվել եւ Նարեկ Կարապետյաններին, Ռոբերտ Քոչարյանին նո՞ւյն ճակատագիրն է սպասվում, ինչ Գագիկ Ծառուկյանին։ Ի՞նչ է սպասվում ընդդիմադիրներին եւ հասարակությանը ըստ Ձեզ։
-Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը կարող է սպասվել ոչ միայն Կարապետյանին և Քոչարյանին, այլև՝ մեզնից յուրաքանչյուրին, նույնիսկ նրանց, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, որովհետև մի օր էլ նրանք կարող են ակամա որևէ ձևով խանգարել ՔՊ-ի ծրագրերին։ Սա է հուշում օրեցօր սաստկացող բռնապետական ռեժիմը։
Դիկտատուրայի մեքենան, իհարկե, հնարավոր է կանգնեցնել և բարեբախտաբար աշխարհում կան բազմաթիվ հաջողված օրինակներ։ Սակայն դա հնարավոր կլինի անել միասնական ջանքերով, համակարգված պայքարով և անկախ քաղաքական հայացքների և նախընտրությունների՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ կատարվող անարդարությունը չհանդուժելու կոլեկտիվ մոտեցմամբ։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
11.07.2026


















































