Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի մասին է եղել Կոնդի բնակչի հաղորդումը

Հուլիս 11,2026 12:00 Share

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում անցնում է իր ժառանգներին։ Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները եւ պարտականությունները: Ժառանգատուի մահվան դեպքում նրա ունեցած գույքը, ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները, պարտականությունները, այդ թվում՝ վարկային պայմանագրից բխող պարտավորությունները ժառանգատուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու դեպքում փոխանցվում են ժառանգությունն ընդունած ժառանգներին: Այսինքն, ժառանգատուի՝ մահացածի պարտքերի մարումը կարող է տեղի ունենալ բացառապես վերջինիս պատկանող գույքի  հաշվին, դրա արժեքի սահմաններում։

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Մ. Կարապետյանը հունիսի 3-ին պաշտոնական գրությամբ Կոնդի բնակիչ Մայիս Խումարյանին տեղեկացրել է նրա կողմից ներկայացրած հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական վարույթ չնախաձեռնելու մասին գրավոր իրազեկման պարտճենը՝ «օրինականությունը ստուգված վիճակում»։

Ինչի մասին է եղել հաղորդումը, և ինչ էր ահազանգել քաղաքացին։

Այս տարվա  հունիսի 24-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին դիմելով, 28-ամյա Մայիս Խումարյանը հայտնել է, որ 2013-ին «ոմն Արամը» Պարոնյան փողոցում որոշակի աշխատանքներով պայմանավորված, իր հորից՝ Հովհաննես Խումարյանից (10 տարի առաջ մահացել է-Ռ.Մ.) վերցրել է նրա անձնագիրը, «հետագայում անհայտ պայմաններում այդ անձնագրով ՎՏԲ բանկում ձեւակերպել է վարկ, տիրացել գումարին», պատճառելով իրենց ընտանիքին գույքային վնաս։

Մայիս Խումարյանը «Առավոտին» տեղեկացեց, որ իրավապահ մարմնին տրամադրել էր նաև իր հայրիկի ու ՎՏԲ բանկի միջև կնքած պայմանագրի պատճենը, որից պարզվել է, որ բանկը հայրիկին տրամադրել է 660 000  դրամի չափով վարկ, իսկ առկա ստորագրությունները Հ. Խումարյանի անձնագրի և վարկային պայմանագրի միջև չեն համընկնում, ազգանունը բանկի տրված պատասխանում հաճախորդ Խուրշուդյան էր գրված։

Ըստ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի քննիչ, երրորդ դասի խորհրդական Մ. Կարապետյանի, հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել , քանի որ «քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ տվյալ հաղորդումը ներկայացրել է ենթադրյալ հանցանքից տուժած անձը կամ նրա ներկայացուցիչը, և որ միաժամանակ, նրան հայտնի չէ ենթադրյալ հանցանքը կատարած անձը»։

Տվյալ դեպքում Խումարյանը ներկայացնում է տուժած ընտանիքը։ Եվ տան անվանափոխում իրականացնելու ժամանակ է պարզվել այս ամենը՝ կապված իրենց տան հետ։

Մայիս Խումարյանը դիմել է նաև բանկին։ Ըստ բանկի բողոքների խմբի ղեկավար Ա. Արամյանի հունիսի 18-ի գրության, «բանկի հաճախորդ Հովհաննես Խուրշուդյանի անունով» տվյալ պահին առկա են թվով երկու ժամկետանց վարկեր, որոնց վերաբերյալ հօգուտ բանկի բավարարված են քաղգործով ԵԿԴ-4940?02/2014 և ԵԿԴ–4512/02/2014 վճիռները։

Բանկը հորդորել է, եթե դիմումատուն բավարարված չի իրենց պատասխանով, կարող է դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին, կամ Կենտրոնական բանկ, կամ արբիտրաժային տրիբունալ…

Մայիս Խումարյանը մեզ տրամադրելով տասնմեկ տարի առաջ դատարանի կողմից կայացած վճիռը, ուշադրություն հրավիրեց հոր անձնագրային տվյալի վրա, որը սխալ էր, որի մասին տեղեկացրել էր նաև իրավապահ մարմնին։

Նշված վճիռներից, որոնց մասին միայն վերջերս է իմացել Մայիս Խումարյանը, պարզվում է, որ դատարան էր դիմել ՎՏԲ -Հայաստան բանկը, հայտնել,  որ իր և պատասխանող Հ. Խումարյանի միջև կնքված վարկային պայմանագրի համաձայն, նրան է տրամադրվել 660 000 դրամի չափով վարկ, տարեկան քսանչորս տոկոս տոկոսադրույքով, մեկ տարի մարման ժամկետով, իսկ նախատեսված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ սահմանվել է 0,1 տոկոսի չափով տոկոսադրույք՝ յուրաքանչյուր օրվա համար։

Որպես վարկային պարտավորության կատարման  միջոց գրավադրվել էր պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող բանկային հաշիվների հետ կապված գույքային իրավունքները։

Ըստ բանկի, պարբերաբար են խախտվել պայմանագրի պահանջը, առաջացել է  վարկի ժամկետանց պարտք և ժամկետանց տոկոս։

Բանկը պահանջել էր 869.321, 50 ՀՀ դրամ՝ որպես վարկի ընդհանուր պարտքի գումար։

Դատարանն արձանագրել է, որ Հովհաննես Խումարյանը հայցադիմումին պատասխան չի ուղարկել, դատարան չի ներկայացրել։

Որդին՝ Մայիսը պնդում է, որ իրենց ընտանիքը տեղյակ չի եղել այս դատական գործընթացներից, իսկ հայրն էլ մինչ մահը դատական ատյանների հետ կապված որևէ առնչություն չի ունեցել։

Այս պահին արգելանքի տակ է Կոնդում գտնվող պապենական տունը (մեկ հարկանի է, երկու տարբեր մուտքերով, երկու սենյակ է, փաստացի բնակվում են երկու անձ՝ 69-ամյա մայրը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող որդին), բանկը նրանցից պահանջում է ներկայումս մոտ 1 400 000 դրամի չափով գումար։

Մայիս Խումարյանը հայտնում է, որ իրենք փորձագիտական կենտրոն չեն դիմել, մինչդեռ անզեն աչքով տեսանելի է, որ կեղծված է պահպանված երկու փաստաթղթերի վրա իրենց հանգուցյալ ծնողի ստորագությունը։ Իրավապահ մարմինն էլ կարող էր դիմել փորձագետին, պարզելու, թե արդյոք ստորագրությունները պատկանում են նույն անձին, սակայն մատը մատին չի խփել։ Իսկ ո՞վ է «ոմն Արամը» հարցիս, պատասխանեց, որ հայրը աշխատել է Ռանն եռատաքսի սերվիսում, որը ներկայումս գոյություն չունի (ներկայիս Արամյան բժշկական կենտրոնի տեղում է-Ռ.Մ.), նա հիմնարկի տնօրենի եղբայրն էր։

Տարօրինակն այն է, որ արգելք է դրվում ամբողջական գույքի վրա, այն դեպքում, երբ երկու տարբեր սեփականատերեր կան, չափահաս մարդիկ, ովքեր չպիտի կրեն պայմանագրից բխող պատասխանատվությունը կամ՝ անշարժ գույքի արժեքը չպիտի շատ ավելի  լինի, քան պահանջվող գումարը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ռուսաստանում օրենքը սահմանափակում է վարկային կազմակերպությունների՝ վարկառուի մահվան դեպքում ժամկետանց վարկերի մարման համար տույժեր, տոկոսներ, տուգանքներ գանձելու իրավունքները, մինչև ժառանգների կողմից ժառանգական իրավունքների ձեռքբերումը։

Արգելվում է բանկերին պահանջել պարտքի վաղաժամկետ մարում, գրավի գանձում ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե ժառանգները դեռևս չեն օժտվել իրենց իրավունքներից։

«Առավոտ» օրաթերթ
10.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել