ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելությանը՝ բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ղեկավար Ուինսթոն Յունի գլխավորությամբ:
Քննարկվեցին ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր: 2014թ. սկզբից մեկնարկած քառամյա ծրագիրն ուղղված է ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մասնավորապես Մեղրիի, Գեղարդալճի, Բաղրամյան-Նորակերտի եւ Քաղցրաշենի ինքնահոս համակարգերի կառուցում, ջրանցքների վերակառուցում, ջրաչափման եւ կառավարման ժամանակակից SCADA համակարգերի տեղադրում:
ՀԲ առաքելությունը իրականացրել է ծրագրի նկատմամբ ընթացիկ վերահսկողություն, որի արդյունքներն էլ հանդիպման ընթացքում ներկայացվեցին փոխվարչապետին: Առաքելության ներկայացուցիչները ծրագրի ընթացքը գոհացուցիչ համարեցին: Նշվեց, որ ներկայումս ընթացքի մեջ գտնվող Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ գալիք տարվա սեպտեմբեր:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ մյուս ինքնահոս համակարգերի կառուցման, ինչպես նաեւ ծրագրի իրականացման հետ կապված այլ հարցեր: Կողմերը երկուստեք ընդգծեցին, որ ինքնահոս համակարգերի կառուցման ընթացքում լուրջ ուշադրություն պետք է դարձվի բնապահպանական եւ սոցիալական խնդիրներին, ինչպես նաեւ համապատասխան քննարկումներ իրականացվեն համայնքներում:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին


















































