Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կոչ արեց հարգել Գյումրիի ավտովթարի զոհերի հիշատակը

Նոյեմբեր 11,2014 12:34 Share

Այսօր ԱԺ նիստի սկզբում քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի» մասին օրենքը հետաձգելու մասին հարցը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու օրենքի հետաձգմանը. « Իսկ փետրվարին ամեն ինչ անելու ենք, որ օրենքը չկիրառվի, պատրաստ ենք աջակցելու ՓՄՁ-ներին»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու՝ հաշվի առնելով բոլորի մոտեցումը. «Չենք հավատում, որ փետրվարին որեւէ արմատական փոփոխություն կլինի, հաճելիորեն զարմացած կլինենք, եթե այդպես լինի»:

Ի պատասխան Ռուբեն Հակոբյանի՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Լավատես եղեք»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ի անունից ասաց, որ ԲՀԿ-ն նույնպես կողմ է քվեարկելու հետաձգմանը. «Արձանագրում ենք, որ սա հարցի լուծում չէ, սա ներկայացնելու է բազմաթիվ սոցիալական շերտերի շահեր: Սա բիզնես չէ: Պետք է գտնենք լուծում եւ չքաղաքականացնենք:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Պետք է ուշադրություն դարձնենք, որ մեկ կամ երկու ամիս որեւէ օրենք հետաձգելու համար կառավարությունից էլ չգան ԱԺ, սա մեզ համար պատիվ չէ: Մենք ստիպված ենք սա անում: Մեզ համար սկզբունքային է, որ այսօր ՓՄՁ-ները չընկնեն այդ ստուգումների տակ, մինչեւ տեսնենք, թե կառավարությունը ինչ կանի՝ խնդիրը ավելի պատշաճ լուծելու համար»:

Շրջանառության հարկի մասին օրենքն առայժմ չի գործի: Օրենքի հետաձգումն անցավ 110 կողմ, 1 դեմ, 9 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երեկվա դժբախտ պատահարին. «Երեկ Շիրակի մարզում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 7 հոգի վիրավորվել: Եթե դեմ չեք, մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմաթիվ նամակներ է ստացել այդ խաչմերուկի հետ կապված. «Կոչ եմ անում տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որ ի վերջո այդ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ Հոռոմի խաչմերուկին ուշադրություն դարձնեն, այնտեղ պարբերաբար վթարներ են լինում»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Խորապես ցավում ենք եւ ցավակցում ենք, 1 րոպե լռությամբ հարգենք»: Պատգամավորները ոտքի կանգնեցին եւ հարգեցին զոհերի հիշատակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930