Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետ. Չինարիում կոմունալ վարձերը վճարելու պատճառով 20-30 ընտանիքի համար ամսվա վերջում խնդիրներ են առաջանում

Նոյեմբեր 25,2014 17:45

«Վերջին ամիսների լարվածությունը կրկին անգամ հավաստեց այն փաստը, որ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ամբողջ հայ ազգը պետք է կանգնի սահմանամերձ գյուղերում բնակվող ժողովրդի կողքին»,- այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Դիալոգ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Նա նշեց, որ Չինարի գյուղի ուսանողների ուսման վարձերը միայն 30 տոկոսով են զեղչվում, սակայն չնայած դրան՝ կան ուսանողներ, որոնք գումար չունենալու պատճառով ստիպված են թողնել ուսումը: Նա առանձնացրեց նաեւ առողջապահական խնդիրները. «Կան մարդիկ, որոնք վիրահատվելու հնարավորություն չունեն: Մենք շատ հեռավոր գյուղ ենք. Չինարին 250 կմ հեռավորության վրա է: Ես կառաջարկեի մեր կառավարությանը, մեր պետությանը հնարավորության սահմաններում աջակցել ո՛չ միայն Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավոր մարդկանց, այլ նաեւ սոցիալապես անապահով խավերին եւ երեխաներին»:

Նա նշեց, որ դրական է համարում Ազգային ժողովում սահմանամերձ բնակավայրերում սոցիալական աջակցության մասին օրենքի ընդունումը, համաձայն որի՝ կառավարությունը նախատեսում է փոխհատուցել սահմանամերձ համայնքներում կոմունալ վճարները՝ ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի, գազի վարձերը, իսկ գույքահարկն ու հողի հարկը կառավարությունը պատրաստվում է ամբողջությամբ փոխհատուցել:

Պարոն Սաղոյանի խոսքերով՝ կարելի է մատերի վրա հաշվել Չինարի գյուղի բնակիչներին, որոնք աշխատում են եւ ամեն ամիս ունեն որոշակի եկամուտ. «Գյուղի բնակիչների 70-80 տոկոսի եկամուտը կապված է հող մշակելու հետ, կամ էլ սպասում են աշնանը, որպեսզի բերք մթերեն: Մենք էլ շուկայից շատ հեռու ենք գտնվում, հիմնական ուղղվածությունը խաղողագործությունն է: Կան մարդիկ, որոնց համար 3000 դրամը՝ տվյալ ամսվա էլեկտրաէներգիայի վարձը վճարելու համար մեծ նշանակություն ունի: Ես բոլորին անգիր գիտեմ, 20-30 ընտանիքի համար ամսվա վերջում խնդիրներ են առաջանում կոմունալ ծախսերը վճարելու պատճառով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930