Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում հայտնված 2 անձի հանդեպ՝ տարբեր վերաբերմունք

Դեկտեմբեր 03,2014 13:41

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը, բազմաթիվ մարդիկ ֆինանսական մեծ աջակցություն են ցուցաբերել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին:

Նշենք, որ Արսենի առողջական վիճակը մշտապես գտնվում է Հայաստանի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Բոլորովին այլ վերաբերմունքի է արժանանում ադրբեջանական գերությունից 2014թ. սեպտեմբերի 25-ին վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը: Նրա մասին լրատվամիջոցները գրեթե չեն գրում, նրան ֆինանսապես աջակցող չկա:

Մինչ այժմ Սարգիսը գումար չի ունեցել Երեւան մեկնելու, այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու: Այդ հետազոտությամբ պետք է պարզվի՝ Ադրբեջանում Ս. Անանյանին վնասակար նյութեր ներարկե՞լ են, թե՝ ոչ:

Ներկայումս Սարգիսը ապրում է իր որդու՝ Նորիկի տանը, որը գտնվում է Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերից մեկում: Նորիկը Ռուսաստանից վերադարձել է, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող հորը խնամի: Նա ասաց, որ Սարգիսն իրեն այնքան էլ լավ չի զգում, նա դեղեր է ընդունում, որոնք նրան կօգնեն մտքերը կենտրոնացնելու, գիշերները հանգիստ քնելու: Այդ դեղերը անվճար տրամադրում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը:

Նոյեմբերյանի քաղաքապետարանը Սարգիս Անանյանին 20 հազար դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Նորիկը հայտնեց, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատողները Սարգսին կտեղափոխեն Երեւան, որպեսզի նրա առողջական վիճակը ստուգեն:

Նա ասաց նաեւ,որ ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության աշխատակիցները առաջիկայում աջակցություն կցուցաբերեն Սարգիս Անանյանի առողջական վիճակը հետազոտելու համար:

Նորիկն այժմ աշխատանք է փնտրում, որպեսզի հոր խնամքի համար գումար ունենա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031