Այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը սկսեց իրականացնել տարադրամի հրապարակային սակարկություններ, արժութային շուկայում լարվածությունն ինչ-որ չափով թուլացավ։ Դրա վկայություններից մեկն էլ տարադրամի առք ու վաճառքի միջեւ ձեւավորվող մարժայի սահմանափակումն է. եթե այն մինչեւ ԿԲ նախաձեռնությունը հասնում էր 10-15-ի, ապա վերջին օրերին տատանվում է 5-6 դրամի սահմաններում։
Իհարկե, դա եւս փոքր չէ, ինչը հիմք է տալիս ասելու, որ դեռ վաղ է խոսել իրավիճակի կայունացման կամ հավասարակշռության վերականգնման մասին։ Թեեւ սպեկուլյատիվ խաղերը վերջին օրերին պակասել են, այնուհանդերձ արժութային շուկայում տարադրամի բարձր պահանջարկը շարունակում է պահպանվել։ Պատահական չէ, որ անգամ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող օրական 6 մլն դոլար ներարկումների պայմաններում ամերիկյան արժույթի գինը բարձրանում է։
Եթե հրապարակային սակարկությունների առաջին օրը դոլարի պահանջարկը սահմանափակվեց 456,6 դրամով, ապա արդեն հաջորդ երկու օրերին այն շարունակեց բարձրանալ։ Այդ ընթացքում ամերիկյան արժույթը թանկացավ ավելի քան 4 դրամով։ Փոխանակման կետերում դոլարը արդեն գնվում եւ վաճառվում է 460-466 դրամով։
Իհարկե, իրավիճակի վրա կարող է որոշակի ազդեցություն ունենալ արժութային բորսան։ Մի քանի օրվա դադարից հետո դեկտեմբերի 10-ին այստեղ վերսկսվեց տարադրամի առք ու վաճառքը։ Չնայած իրացվեց քիչ քանակությամբ՝ ընդամենը 100 հազար դոլար, այնուհանդերձ դա շուկայի համար լավ ազդակ է։ Այդ քայլը կարող է հիմք դառնալ, որ վերջին շրջանում հավաքված դոլարը աստիճանաբար վերադառնա՝ թուլացնելով տարադրամի լարվածությունը։
Կարդացեք նաև
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում


















































