Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վարկ են վերցնում՝ ջրի կորուստները նվազեցնելու համար. ընդվզում են անգամ ՀՀԿ-ականները

Դեկտեմբեր 12,2014 14:05 Share

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014-ի հունիսի 24-ին Երեւանում եւ հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիրը: Այդ վարկային ծրագրով նախատեսվում է ՀՀ ջրամատակարարման համար տրամադրել 25,5 մլն եվրո:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ «Ջրի կորուստները բյուջեում արձանագրված են 76,1 տոկոս: Սա նշանակում է, որ մեր խմելու ջրի ռեսուրսի 76,1 տոկոսն անհետ կորում է: Կարո՞ղ եք ասել, թե վերջին տարիներին ինչքան վարկ ենք վերցրել կորուստները նվազեցնելու համար եւ ինչքանով եք նվազեցրել»:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ ջրի կորուստը նվազեցրել են 35 տոկոս, այն հատվածներում, որտեղ ներդրումներ են արվել:

Այս ցուցանիշը զայրացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին անգամ. «Զարմանում եմ, երբ ասում եք, թե 35 տոկոս կորուստը նորմալ է»: Ընդվզեց նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ «Եթե Ֆրանսիայում 10 տոկոս անգամ կորուստ լիներ՝ չէին հանդուրժի»:

Նաիրա Կարապետյանը բողոք էր ստացել Գյումրիի բնակիչներից, որ խողովակների փոփոխման հետեւանքով խմելու ջուրը դարձել է խմելու համար ոչ պիտանի,առանց ֆիլտրման. «Շատ տներում եռացնում են, նոր խմում են, առանձնապես հիվանդության դեպքեր չեն եղել , բայց ջրի համը կտրուկ փոխվել է»:

Գագիկ Խաչատրյանի բացատրելով՝ երբ բնակիչները տեսնում են, որ խողովակները սեւ են, հաստատ մտածում են, որ դա կոյուղու խողովակ է, կոյուղու հետ է կապված.«Այդ խողովակները, ես վստահեցնում եմ, որ սերտիֆիկացված են, դրանք շատ ամուր են, շատ երկար կծառայեն, շատ որակով են»:

Նաիրա Կարապետյանը ասաց, որ խողովակների գույնը բնակիչներին ընդհանրապես չի հետաքրքրում, չի հետաքրքրում նաեւ, թե քանի տարի կծառայեն դրանք:. «Գուցե ձեր մատնանշած խողովակները, որոնք ունեն աշխարհի ամենալավ սերտիֆիկատները, հավերժ ծառայեն, բայց ես անձամբ եմ խմել այդ ջուրը, ջրի համը փոխվել է: Ստիպված են եռացնել»:

Գագիկ Խաչատրյանը չհամաձայնեց: Նաիրա Կարապետյանը նշեց կոնկրետ փողոցների անունները եւ խնդրեց, որ եթե աշխատանքների 60 տոկոսն են արել այդ խողովակներով, էլ չանեն:

ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը հետաքրքրվեց, թե խոշոր օպերատորների տարեկան զուտ շահույթն ինչքան է եղել, կորուստները՝ գումարային արտահայտությամբ:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ շահույթը եղել է 950 հազար եվրոյի չափ: Կորուստները 74-76 տոկոսի սահմաններում է, մոտ՝ 50 մլն խմ ջրի չափ, գումարային չափով՝ 25 մլն դրամ:

Շիրակ Թորոսյանն էլ հետաքրքրվեց ջրամատակարարման տեւողությունից: Գագիկ Խաչատրյանն ասաց, որ Երեւանի ջրամատակարարման տեւողությունը մոտեցել է 23 ժամի. «Մոտավորապես 60-65 տոկոսը մայրաքաղաքի 23-ժամյա ջրամատակարարման ռեժիմի տակ է գտնվում: Մնացածները ոչ պակաս, քան 16-ժամյա»:

Շիրակ Թորոսյանն ասաց, որ այո, այդպես է ձմռանը, գարնանը, աշնանը, բայց ամռանը խնդիր կա. «Սա ինչ-որ մեկի բիզնեսի հետ է կապված, անուններ չեմ բարձրաձայնում: Բայց ամռան ամիսներին Նորքում ջուր չեն ունենում, եւ դա, հավանաբար, ինչ-որ մեկի բիզնես ծրագրի հետ է կապված»:

Գագիկ Խաչատրյանը միանգամից գլխի ընկավ, թե ում եւ որ բիզնեսի մասին է խոսքը: Նրա խոսքերով՝ «Պատկերացնում եմ ում մասին է խոսքը, բայց մենք ճշտել ենք, իրենք խորքային հորերից են ջուր վերցնում: Բայց կարող ենք եւս մեկ անգամ ճշտել: Համաձայն եմ, որ այդտեղ խնդիրներ կան, մյուս տարի կզբաղվենք»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ գոյություն ունի 35 տոկոս կորուստ, որը կապ չունի ցանցի մաշվածության, տեխնիկական խնդիրների հետ. «Լրիվ ուրիշ գործոնների ազդեցության տակ են, ինձ համար դա կոռուպցիոն գործոններ են: Առանց վարկ վերցնելու կարելի է  նվազեցնել ջրի կորուստը: Մենք վարկ ենք վերցնում եւ ուրախանում ենք, որ 35 տոկոս մինչեւ նվազեցրել ենք: Նախ` պետք է վերացվի այդ 35 տոկոսը, որ այսքան վարկ վերցնելու արդյունքում էլ չի վերացվում»:

Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ բոլոր վարկային ծրագրերին ինքն էլ է դեմ, քանի որ մի քանի օր առաջ ԵՏՄ-ին ծափողջույններով միացան, եւ խոստացան, որ դրախտային պայմաններ են լինելու. «Եթե ունենք այդպիսի հզոր երկիր, գնացեք այդ կես միլիոնը բերեք ջրամատակարարումը բարելավեք, մենք էլ իմանանք ինչու ենք մտնում ԵՏՄ-ի մեջ»:

Չնայած ՀՀԿ-ականների տարբեր քննադատություններին եւ բողոքներին՝ հանձնաժողովը 7 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց եւ այս նոր վարկի հարցը մտավ մեծ օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031