Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ծանր հանցագործությունը ողբերգական դեպք է դառնում. media.am

Հունվար 20,2015 16:42

Գյումրիում կատարված սպանությունը ռուսաստանյան մեդիան (հիմնականում հեռուստաալիքները) լուսաբանեց այն բառապաշարով ու ոճով, որից ծորում էր անթաքույց մեծամտությունը:

Խոսքն առաջին հերթին բառերի, տերմինների ու հասկացությունների միտումնավոր լղոզման մասին է: Մեդիա մանիպուլյացիայի առաջին նշանը հստակ տերմինը էմոցիոնալ բառով փոխարինելն է: Ինչն էլ տեղի է ունենում ռուսաստանյան պատասխանատու մեդիայում: Եվ հետո այդ նույն լղոզումը շրջանառության մեջ է դնում հայաստանյան պատասխանատու մեդիան:

Օրինակ՝ երբ «հանցագործություն» բառն ամենուրեք դառնում է «ողբերգություն», այն միանգամից կորցնում է հստակ հասցեատիրոջը (կասկածյալներին, դատաքննչական կարգ իրականացնողներին, պատժամիջոցներ կիրառողներին) ու ձեռք բերում վերացական, հուզիչ, անգամ՝ տիեզերական իմաստ:

Հանցագործությունն իր սահմանումն ունի օրենսգրքում, իսկ ողբերգությունը՝ ոչ: Ողբերգությունը տեսանկյուն է, իսկ հանցագործությունը՝ գործողություն:

Հունվարի 18-ին Կրեմլի բարձրախոս Դմիտրի Կիսիլեւը իր հեղինակային «Վեստի նեդելի» հաղորդման մեջ անդրադարձավ Գյումրիում կատարված սպանությանը (1:26- 1:29): «Կարծում եմ, որ ընդհանուր դժբախտությունը պիտի ավելի սերտ միավորի մեր ժողովուրդներին… Գյումրիի մղձավանջը մեր ընդհանուր ցավն է»,- ասաց նա:

Եթե «դժբախտության» կամ «մղձավանջի» փոխարեն ասվեր «գնդակահարություն եւ կտրող-ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելը», պատկերն ավելի հստակ կլիներ, ու ավելորդ բառերի կարիք չէր լինի:

Ասենք՝ Կիսիլեւը ծանր հանցագործության համար մեղադրվողին չէր շտապի ներկայացնել որպես Ամերիկայում հիմնադրված ուղղափառ եկեղեցու բազմաթիվ աղանդներից մեկի հետնորդ: «Տեղի ունեցածը հակասում է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների բնույթին, եւ հնարավոր է, որ հենց այդ պատճառով տեղի ունեցածը վայրենություն է թվում», – ասում է նա ու խոսքը տեղափոխում անտրամաբանական տիրույթ:

Ռուսական քարոզչության ծանր հրետանի Վլադիմիր Սոլովյովը միլիոնանոց լսարանին ասում է՝ «անկեղծ ցավակցություն եմ հայտնում» (կարծես ոչ անկեղծ էլ կարող է լինել ու այդ մասին հայտարարվել էկրանից): Հետո նշվում է՝ «եղբայրական հայ ժողովուրդը», «մեծն հայ ժողովուրդը»:

Պարզ է, որ երբ ցավն ու արդարության պահանջը գերակշռում են, բառեր ընտրելը բարդ է: Ցանկալի է մեդիայում դա անել առանց շրխկոցի ու օդի անիմաստ տատանումների:

Գյումրեցի ընտանիքի գնդակահարությունը ծանր հանցագործություն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունն այս դեպքում ոչ թե «եղբայրներ» ու «դարավոր ընկերներ» են, այլ գործընկերային հարաբերություններ ունեցող պետություններ:

Ի վերջո, ընկերությունը սահմանում չունի (դա նույնպես տեսանկյուն է), իսկ Սահմանադրությունն ու պետական համաձայնագրերը փաստաթղթեր են, որոնց վրա հիմնվում են:

«Վլադիմիր Պուտինը վստահություն հայտնեց, որ ամենասեղմ ժամկետներում կանցկացվեն բոլոր քննչական գործողությունները, եւ մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը»,- ասված էպաշտոնապես:

«Պուտինը խոստացավ Հայաստանի նախագահին արագ արդարադատություն հաստատել վեց անձանց սպանության համար մեղադրվողների նկատմամբ». լուր հեռարձակվեց «Ռոսիա» ալիքը:

«Պուտինը վստահ է, որ մեղավորները կպատժվեն» վերնագրով նյութ տպագրեց «Իտառ-Տասը»:

«Մի մտահոգվեք, այդ հանցագործությունն անպայման կբացահայտվի… Ոչ մի փաստ չի կոծկվի»,- շարունակեց Վլադիմիր Սոլովյովը:

Ռուսաստանի մեդիայի այդ պնդումները նախ եւ առաջ հարց են բարձրացնում «խոստացավ», «վստահություն հայտնեց» բառերի օգտագործման առումով: Իսկ ինչու՞ պիտի գնդակահարության մեջ կասկածվող անձը ներկայացնող պետությունը վստահ լինի ու խոստանա մյուս կողմին պատժել եւ այն էլ սեղմ ժամկետում:

Հանցագործությունը չքաղաքականացնելու, կրքերը չբորբոքելու ու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը չսասանելու կոչերը շատ լավ տեղավորվում են քարոզչական լրագրության կանոններում:

Եվ եթե Գյումրիի հանցագործությունը պիտի անընդհատ հիշատակվի ողբերգություն բառի հետ, ապա ցանկալի է, որ այն իրոք ողբերգության մաս կազմող մաքրագործումն էլ ունենա: Եվ այդ մաքրագործումը պիտի սկսել՝ ճակատային ու վտանգավոր քարոզչություն իրականացնող ռուսական մեդիային ցավակցելով: Ու հուղարկավորելով այն:

Նունե Հախվերդյան

 Նյութի մանրամասները կարդացեք media.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Օտար բառերի շքե՜՜՜րթ,,

    մեդիա – ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ԴԱՇՏ, ԼՐԱՏՈՒԱՄԻՋՈՑ
    տերմին – ԵԶՐ
    մանիպուլյացիա – ՁԵՌՆԱԾՈՒԹԻՒՆ (լատ. manus – ձեռք)
    էմոցիոնալ – ՅՈՒԶԱԿԱՆ
    կիսիլեւ – ԿԻՍԵԼՅՈՎ (Киселёв)

    – – – – – – –

    Հայերէնում հարցական նշանը դրւում է ձայնաւորի վրայ: Ուստի պէտք է լինի ԻՆՉՈ՞Ւ, ոչ թէ ԻՆՉՈՒ՞

    – – – – – – –

    Ամենաբոցը ՀԵՏՆՈՐԴ բառն էր: Իսկ գուցէ ՀԵՏԵՒՈ՞ՐԴ 🙂

    Պատճառը, որ բառի իմաստն աղաւաղուել է ու տարբերութիւնը չգիտէք, կոմունիստական ուղղագրութիւնն է 🙂

    Դասական ուղղագրութեամբ այս բառերը գրւում են.
    ՅԵՏՆՈՐԴ, որովհետեւ ԵՏ արմատն է (անգլ. behind):
    ՀԵՏԵՒՈՐԴ, որովհետեւ ՀԵՏ (ՀԵՏՔ) արմատն է (անգլ. trace):

    Այսինքն, ՀԵՏԵՒՈՐԴ նշանակում է «մէկի ՀԵՏՔԵՐՈՎ գնացող»:

    Օրինակ՝ որեւէ ուսմունքի ՀԵՏԵՒՈՐԴ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031