Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Հարությունյան. «Ամեն մեկն իր ժուժկալությամբ թող մի բան անի այս երկրի համար»

Հունվար 21,2015 14:51

Բարդերի ակումբն այսօր՝ հունվարի 21-ին, հեղինակային երգի երեկո է կազմակերպել «Մեցցո» ակումբում, որին կմասնակցեն Ռուբեն Հախվերդյանը, Վախթանգ Հարությունյանը, Էդուարդ Զորիկյանը, Արմեն Ադամյանը, Դավիթ Ամալյանը, Լիլիթ Սարգսյանը եւ ուրիշներ:

Aravot.am-ի հետ զրույցում երգիչ, երգահան, բանաստեղծ եւ կիթառահար Վախթանգ Հարությունյանը (լուսանկարում) ասաց, որ համերգը Գյումրիի ողբերգական դեպքերի հետ կապված իրենց տեսակետը, քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու ձեւն է:

Արվեստագետը նշեց, որ չեն էլ ցանկացել, որ համերգը լուսաբանվի, որովհետեւ իրենց նպատակը մտածումները կիսելն ու խորհելն է: «Վերջին ժամանակներս շատ եմ տեսնում, որ նման առիթները չարաշահվում են: Այս ընթացքում ես եւ բարդերի ակումբի երգահանները ձգտել ենք զուսպ լինել, որովհետեւ ցավ կիսելը դա հայտարարելու ձեւ չէ, ընդամենը կուզեմ, որ նրանք, ովքեր կգան մեր համերգին, մասնակից դառնան …

Դա մեր բոլորի կորուստն է, համերգի ժամանակ կարող ենք բոլորս այդ ամեն ինչին մի քիչ խորհելով նայել ու փորձել հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ հետագայում նման բաներ տեղի չունենան, որ քաղաքացին շատ ավելի պատրաստ լինի պաշտպանելու իր՝ քաղաքացու տեղը: Միգուցե համերգը կոչ է՝ բողոքից ու ցավակցությունից բացի, պատրաստակամություն ցույց տալու, որ քաղաքացիական ազատությունների տիրույթը պաշտպանված պիտի լինի: Իմիջիայլոց, իմ երգերից մեկի մեջ նմանատիպ տողեր ունեմ՝ ժամանակին տրվեմ մարդկանց` գործը նրանց մեծարելով, խաչը համբուրեմ ժամանակին`սուրը սրտիս տակ պահելով»,-ասաց երգահանը:

Վախթանգ Հարությունյանի համոզմամբ. «Մենք միգուցե քառակուսի մետրերով մի քիչ ավելի փոքր տարածքի վրա ենք ապրում, եւ փոքրաքանակ ժողովուրդ ենք, բայց մե՛նք ենք ավագ եղբայրը ռուս ժողովրդի, որովհետեւ ավագ եղբայրը ո՛չ հարստությամբ է որոշվում, ո՛չ բնակչության թվով, այլ պատմությամբ, թողած ժառանգությամբ: Հիմա ձեզ հետ միասին բարձրաձայն մտածում եմ՝ ի՞նչ պետք է ասենք այսօրվա համերգին…Երեւի թե այն ամենը, ինչի մասին ամեն մեկս խորհել ենք, փորձենք կիսվել: Բարդերի ակումբը պարբերաբար տարբեր հարթակներում ներկայացնում է իր մտահոգությունները եւ «կիսվում» իր խոհերով»:

Երգահանը ցավով փաստեց, որ վերջին շրջանում սոցցանցերում եւ որոշ ԶԼՄ-ներում թեման անհարկի չարաշահվել է, ու չէր ցանկանա, որ այս փոքրիկ հարցազրույցն էլ նման ձեւով ընկալվեր: «Մենք անկեղծ ենք մեր երգերում, մեր մտահոգությամբ եւ այդ անկեղծությունը պետք է շարունակվի նաեւ այսօր: Ես կուզենամ, որ ամեն մեկն իր ժուժկալությամբ փորձի ինչ-որ բան անել այս երկրի համար, դրա համար էլ չենք ուզում, որ համերգը լուսաբանվի, ինչ-որ բաներ ասվի: Ցավոք, հրապարակային ելույթների հիմնական մասը ինչ-որ տոկոսներ հավաքելու նպատակ ունի»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Վախթանգ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031