Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Պերմյակովին պատժելու մասին. «Ես քրիստոնյա մարդ եմ՝ մի դատիր, որ չդատվես»

Հունվար 22,2015 16:41

Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում կոչ արեց Գյումրիի դեպքերի հետ կապված, որ բոլորն իրենց պահեն քրիստոնյայի նման,. «Մեր մեջ մեղավորներ չփնտրենք»:

Այսօր Գյումրիի ողբերգության իրավական գործընթացների մասին խորհրդարանական լսումներ էին, եւ ընդդիմադիր պատգամավորները դժգոհեցին, որ դա արվել է ընդամենը «պտիչկայի» համար: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ «Ես փակ քննարկումների կողմնակից եմ, ինչպես եղավ դոլարի փոխարժեքի քննարկման ժամանակ: Իսկ այս դեպքում փոքր-ինչ քաղաքականացվում է, զգացմունքային են դառնում»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել էր, որ գործը պետք է քննվի իրենց օրենսդրությամբ: Հարցին՝ այդ հայտարարությամբ չի՞ պարտադրվում մեզ՝ Շարմազանովը չպատասխանեց, ասելով, որ գլխավոր դատախազը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան. «Քաղաքական գործիչները չեն ձեր հարցի հասցեատերը: Հասցեատերը իրավապահ մարմիններն են»:

Ի դեպ, Գեւորգ Կոստանյանը լսումներից հետո չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Նա 334 սենյակի հատուկ մուտքից դուրս եկավ:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ «Սա եղեռնագործություն է, յուրաքանչյուր հայ մարդու համար սա ցավ է: Այն, որ այդ հանցագործը պետք է պատժվի օրենքի խստությամբ՝ սա փաստ է: Սիրելի գյումրեցիների բողոքը, ընդվզումներն ընկալում եւ հասկանալի եմ համարում: Ես հասկանում եմ, դա զգացմունքային է: Բայց զգացմունքային եւ բարոյական հարթությունից գանք այս կողմ՝ իրավական հարթություն: Իրավական հարթությունում ԱԺ փոխնախագահն անելիք չունի: ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարն է եկել, մեր քննչականի հետ ստեղծել են շտաբ, կարող եք դիմել իրավապահ մարմիններին: Ես ամենագետ չեմ, ոչ էլ բոլոր հարցերի պատասխան տվողն են, ունեն լիազորություններ: Ես գտնում եմ, որ նման խնդիրը տանել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հարթություն արդարացված չի եւ որեւէ մեկիս շահերից չի բխում՝ ո՛չ մեր, ոչ էլ ՌԴ-ի: Բոլոր այն գործիչները՝ քաղաքական կլինի, թե ոչ քաղաքական, ովքեր նպատակային կցանկանան այս եղեռնագործությունը կապել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հետ, մեղմ ասած, ես 2015-ը սկսել եմ ավելի հանդուրժողական, ուրիշ բաներ չասեմ՝ մոլորության մեջ են: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ոճրագործություններից ավելի միասնական, ավելի պինդ դուրս գանք: Տականքն ազգային պատկանելություն չունի»:

Նա ասաց, որ հիացած է գյումրեցիների տոկունությամբ:

Մեր հարցին՝ Գյումրիում եղե՞լ է տրամադրություն՝ Սերժ Սարգսյանի դեմ, ասում են՝ ոտնատակ են տվել նրա ուղարկած ծաղկեպսակը՝ Շարմազանովն ի պատասխան հոնքերը կիտեց. «Ես նման տրամադրություն չեմ տեսել»:

Մեր հարցին՝ Դուք ի՞նչ պատիժ կտայիք այդ ոճրագործին՝ նա պատասխանեց. «Ես դատավոր չեմ, քրիստոնյա մարդ եմ, պատիժ տվող չեմ: Մի դատիր, որ չդատվես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031