Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը հիշեց Լենինին. «Բա որ սա մարմին չի, ի՞նչ է»

Փետրվար 02,2015 16:18

ԱԺ-ում քննարկվում է մի փաթեթ, որի հետ կապված մի շարք խնդիրներ են տեսնում ինչպես ընդդիմության, այնպես էլ մեծամասնության պատգամավորները:

Խոսքը Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է:

Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ում ստեղծվի փորձագետների աշխատանքային խումբ՝ Բյուջետային գրասենյակ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը հարցրեց՝ի՞նչ կարգավիճակ է ունենալու այդ գրասենյակը, օրենքով ԱԺ մարմինները թվարկված են՝ ԱԺ նախագահ, տեղակալներ, պատգամավորներ, հանձնաժողովներ: Գագիկ Մինասյանը պարզաբանեց, որ բյուջետային գրասենյակը ԱԺ մարմին չէ: Եթե ԱԺ մարմին չէ, ի՞նչ է»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ սկզբում քննարկվում է ԱԺ աշխատակազմի կառույց լինի, բայց որոշվեց, որ արդյունավետ չի աշխատի: Մի կողմից լինելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի մեթոդական ղեկավարման տակ, մյուս կողմից լինելու է անկախ, որովհետեւ նրա անդամների նշանակման ժամանակ պետք է ակտիվ եւ հավասար մասնակցություն ունենա նաեւ ընդդիմության ներկայացուցիչը: Ի սկզբանե կարգավիճակի հետ կապված վեճ է եղել հանձնաժողովում, սա միակ ընդունելի տարբերակն է: Իրավական տեսանկյունից կարող է շփոթ առաջանալ՝ արդյո՞ք սա սահմանադրորեն նախատեսված մարմին է, ակնհայտորեն՝ ոչ: Սա ԱԺ մարմիններին սպասարկող կառույց է»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ապշած էր. «Պետաիրավական հանձնաժողովում իրականում չի քննարկվել սա: Գուցե շատ լավ բան եք նախաձեռնել, որպեսզի հատկապես ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները կարողական ֆինանսական հաշվետվություններ, տեղեկություններ ստանան, շատ լավ է: Բայց բոլոր պետական մարմինները պետք է ստեղծվեն Սահմանադրությամբ: Ձեր խոստովանությամբ, սա ոչ ԱԺ-ի մեջ է մտնում աշխատակազմի, կառավարության մեջ չի մտնում, Սահմանադրությամբ սրա մասին որեւէ տեղ նախատեսված չէ: Հիմա դուք մի մարմին եք նախատեսում, որը որեւէ իշխանության մեջ չի մտնում: Ընդ որում, դա անում եք օրենքով: Օրենքով չենք կարող ստեղծել մարմին, որը Սահմանադրությամբ նախատեսված չէ: Նախատեսեիք աշխատակազմի մեջ, նրա համար հատուկ կարգավիճակ գրեիք, որ գործառույթները ձեւավորվեր անկախ: Կամ էլ ստեղծեիք, բյուջետային հանձնաժողովի մշտական գործող խումբ: Այստեղ ակնհայտ հակասություն է, հակասահմանադրական է: Մեկնաբանության խնդիր էլ չկա»:

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ եթե խոսեինք մարմնի մասին՝ համակարծիք կլինեի, բայց խոսում ենք Սահմանադրությամբ նախատեսված մարմինների բնականոն աշխատանքը սպասարկող մարմնի մասին: Սա ինքնուրույն մարմին չէ:

Սա ստիպեց Գագիկ Ջհանգիրյանին հիշել Լենինին եւ մեջբերում անել նրա աշխատությունից. «Կա 2 սկզբունք. Մեկը՝ նպատակահարմարության, մյուսը՝ օրինականության, սահմանադրականության: Հիմա դուք սահմանադրականության սկզբունքը ստորադասում եք նպատակահարմարության սկզբունքին: Ժամանակին Լենինը քննադատում էր, ասում էր՝ չի կարելի սահմանադրականության սկզբունքը նպատակահարմարության սկզբունքին ստորադասել: Բա որ սա մարմին չի, ի՞նչ է: Որ անունը դրել եք գրասենյակ, ծածկել եք, որ չերեւա՞ մարմին է»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ անունը կարող էին դնել ուրիշ, բայց միջազգային փորձում ճանաչված է այդ անունը՝ գրասենյակ:

Ուշագրավ է, որ Բյուջետային գրասենյակ ստեղծելու համար նախատեսվում է 27 մլն դրամ: Ուստի Կորյուն Նահապետյանը ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց՝ մենք բյուջեով չենք նախատեսել նման գումար, արդյո՞ք կկարողանանք այն ստեղծել հիմա:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ԱԺ-ին հատկացված գումարներից կարող են այն տրամադրել: Կորյուն Նահապետյանը հակադարձեց, որ ԱԺ-ի բոլոր ծախսերը հաշվարկված են. «Սկզբունքորեն չեմ ընդունում այդ մոտեցումը՝ անկախ գումարի չափից»:

Վախթանգ Միրումյանն էլ ասաց, որ հնարավոր է տնտեսումներ ունենան եւ վերահաշվարկ անեն բյուջեում, այդ մարմինը ստեղծեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728