Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանական 10 տարիները եղել են կորստի տարիներ»

Փետրվար 06,2015 16:30
Vahan harutyunyan

 Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մատնանշում է Ռոբերտ Քոչարյանի օրոք բացթողումները

«Հիշո՞ւմ եք՝ մենք ունեինք մի հատ նախագահ, որի ժամանակ Հայաստանը ճանաչվեց ագրեսոր երկիր»,- «Առավոտի» հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը այսպես ներկայացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները:

Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները եւ ՀՀԿ ներկայացուցիչները մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, որ Լեռնային Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից: Մեր հարցին՝ ըստ Ձեզ՝ ո՞վ է հիմնական պատասխանատուն ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված ներկայիս վիճակի համար, եւ այս ճանապարհին, ինչ մենք անցել ենք, իշխանության կողմից որեւէ բացթողում տեսե՞լ եք՝ պարոն Շիրխանյանը պատասխանեց. «Քոչարյանական 10 տարիները եղել են կորստի տարիներ: Հայաստանի կորցրած տարիներ են դրանք եղել՝ հաշվի առնելով ե՛ւ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելը, ե՛ւ Հայաստանին ագրեսոր երկիր ճանաչելը, ե՛ւ մադրիդյան սկզբունքները, ե՛ւ Ստամբուլում ստորագրելը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ե՛ւ Հայաստանի արդյունաբերական, գիտական ներուժի վերջնական քայքայումը: Այս բոլորը եղել են այդ 10 տարիներին»:

Մեր դիտարկմանը, որ ժամանակ առ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը վերլուծություններով է հանդես գալիս եւ քննադատում այսօրվա իշխանությանը՝ համեմատելով եւ հայտարարելով, որ իր ժամանակ տնտեսական աճի, վագրային թռիչքների եւ շենացման տարիներ են եղել, Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Այսօրվա իշխանությունը թող պատասխանի նրան, թե իրականում ինչ է եղել: Ինչո՞ւ չեն պատասխանում: Իսկ ես շատ եմ գրել այդ մասին, թե ինչ է նշանակում քոչարյանական աճը»:

Անդրադառնալով սահմանային լարվածությանը եւ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին ու արյունարբու հայտարարություններին՝ Վահան Շիրխանյանն ասաց. «Ոչ մի բանի տեղ մի դրեք ադրբեջանական կողմի հայտարարությունները: Հանգիստ ապրեք, հանգիստ աշխատեք: Ոչինչ չեն կարողանալու անել բառացիորեն: Ադրբեջանական ժողովուրդը, բանակը կռվող բանակ չի: Իրենք կռվելու խնդիր չունեն: Այն հողերը, որ նրանք կորցրել են, իրենցը չեն եղել, եւ զինվորները հասկանում են, որ իրենք օտար բանի համար են իրենց կյանքը զոհելու: Չի լինի այդպիսի բան: Զինվորական հոգի ունեցող ազգն ուրիշ է, վաճառական հոգի ունեցողն ուրիշ է: Նրանք վաճառականներ են»:

Նրա խոսքով՝ մեր խնդիրն այն է, որ մենք չպետք է մեր հույսը միայն բանակի վրա դնենք եւ ասենք՝ մարտունակ է, ամեն ինչ լավ է. «Ժողովուրդը պատերազմին միշտ պետք է պատրաստ լինի, այնպես, ինչպես պատերազմի ժամանակ ժողովուրդը կանգնեց բանակի թիկունքին: Պիտի դրան պատրաստվենք նախօրոք, որպեսզի հանկարծակիի չգանք, անակնկալներ չլինեն: Մենք պետք է հասկանանք, որ ազգի, պետության կարեւորագույն խնդիրը ռազմական անվտանգությունն է: Կարելի է ճոպանուղի չկառուցել, կարելի է եկեղեցի չկառուցել, բայց չի կարելի թույլ լինել: Այս աշխարհում թույլը միշտ պատժվում է»:

Նա վստահեցրեց, որ մեզ պարտադրվել է զինադադարի պայմանագիրը. «Եվրոպան, ԱՄՆ-ը աշխատում էին ամեն ինչ անել, որ վերադարձնեին մեզ հին վիճակին եւ թույլ չտային, որ փոքր պետությունը հաղթանակ կրի այս աշխարհում: Մոշե Դայանը հետաքրքիր խոսքեր է ասել՝ փոքր պետությունները չպետք է ունենան արտաքին քաղաքականություն, պետք է միայն ունենան պաշտպանական քաղաքականություն: Ես համաձայն եմ նրա հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05. 02. 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728