Լրահոս
Օրվա լրահոսը

Ասպիրանտուրան դեռ մրցակցային չէ

Փետրվար 07,2015 13:00

Տարին դեռ չմեկնարկած, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը արդեն 13 ատենախոսություն ներկայացրել է կրկնական քննարկման, իսկ մի շարք մասնագիտական խորհուրդների` նկատողություն հայտարարել: Թվում էր, թե այս ամենը պետք է տեղի չունենար, քանի որ անորակ ատենախոսությունները պարզապես չէին կարող անցնել այն «բազմաշերտ մաղով», որը կառուցված է «ամբիոնական քննարկումներ-առաջատար կազմակերպություն-մասնագիտական խորհուրդ» շղթայի հենքով: Հարց է ծագում, թե այդ ինչպես է լինում, որ ատենախոսությունը բազմիցս քննարկվելով վերոնշյալ գիտական օղակներում, չի բացահայտվում իր լուրջ թերություններով եւ չի բավարարում որակավորման պետական չափորոշիչներին:

Իմ կարծիքով, նման հարցադրման պատասխանն առնչվում է հանրապետությունում ասպիրանտական գործընթացի ոչ բավարար մրցակցային միջավայրի հետ: Իսկ որտեղ չկա մրցակցություն, այնտեղ չի կարող որակ ձեւավորվել: Մրցակցությունը չպետք է դիտարկել միայն ասպիրանտի ընդունելությանն առաջադրվող ներկայիս պահանջների կամ հետագա որակավորման քննությունների հանձնման շրջանակներում: Այն ինստիտուցիոնալ բնույթ պետք է կրի եւ առնչվի ասպիրանտուրայի վերջնարդյունքների ձեւավորմանը, որտեղ մրցակցային մթնոլորտ դեռեւս չենք նկատում:

Այսպես, մրցակցությունը բացակայում է գիտական ղեկավարների շրջանում, որոնց ասպիրանտների անորակ աշխատանքները ետ են վերադարձվում ՀՀ ԲՈՀ-ի կողմից, բայց նրանք այդ մասով պատասխանատվություն չեն կրում, եւ դեռ ավելին, յուրաքանչյուր տարի նորից վերահաստատվում են մասնագիտական խորհուրդների կազմում: Մրցակցություն չի դիտարկվում նաեւ մասնագիտական խորհուրդների գործունեության շրջանակներում: Այդ խորհուրդները գրեթե մոնոպոլացված են, ամեն տարի ձեւավորվում են նույն կազմով, կամ աննշան փոփոխություններով, եւ որ ամենակարեւորն է, դեռեւս չունեն գործունեության որակի գնահատման իրատեսական չափանիշներ:

Այսօր մասնագիտական խորհուրդների աշխատանքը գնահատվում է որակյալ, եթե նրանցում պաշտպանվող ատենախոսությունները ՀՀ ԲՈՀ-ի կողմից ետ չեն վերադարձվում: Սակայն դա որակի գնահատման լուրջ չափանիշ չի կարող հանդիսանալ, քանի որ տարվա ընթացքում կարելի է պարզապես բազմակի կրճատել պաշտպանությունների քանակը, եւ դրանով իսկ, կանխարգելել կրկնական քննարկումները կամ բեկանումները, որն, ի դեպ, տեղի ունեցավ անցյալ տարի:

Թերեւս, ասպիրանտական գործընթացի որակի ապահովման գծով ուսանելի է միջազգային փորձը: Արեւմուտքում դոկտորանտուրան կազմակերպվում է ոչ թե ձեւական, այլ իրատեսական ակադեմիական կրեդիտների հենքով, որոնք անգամ կուտակվում են ասպիրանտի կողմից մի քանի բուհերից (դոկտորանտուրայի համատեղ ծրագրեր): Ասպիրանտն ունենում է մեկից ավելի գիտական ղեկավարներ, որոնց մեջ հստակ աշխատանքային պարտավորություններ են բաշխված: Ատենախոսության թեմաներն ուղղակիորեն առնչվում են գործատուների հետ բուհում իրականացվող գիտահետազոտական պայմանագրային աշխատանքներին, իսկ գիտական արդյունքները` ի վերջո բուհի կողմից ենթարկվում են վաճառահանման:

Բնականաբար, այս պարագայում, գիտագործնական նորույթները ամրագրվում են ոչ թե ներդրման տեղեկանքներով կամ որակավորման հանձնաժողովների որոշումներով, այլ իրենց մրցունակ իրացվելիությամբ եւ տնտեսությունում փաստացի ներդրումներով: Ուրեմն ժամանակն է, որ ասպիրանտական գործընթացում մենք էլ ներառենք մրցակցային էլեմենտներ, որը մեր հանրապետությունում լուրջ խթան կհանդիսանա գիտական ներուժի զարգացման եւ գիտահետազոտական արդյունքների որակի բարձրացման գործում:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
06.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728